Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ Սամվել Վարդանյանի վերաբերյալ հանրությանը հայտնի «ավտոբուսի գործով» այսօր հարցաքննվեց միակ վկա ավտոբուսի վարորդը:
Aravot.am-ը հասարակական տրանսպորտի ուշանալու եւ խցանումների պատճառով նիստերի դահլիճ մտավ որոշակի ուշացումով եւ որպեսզի նիստի բնականոն ընթացքը չխանգարի, կարգադրիչի միջոցով լրատվամիջոցի վկայականը փոխանցեց նիստի քարտուղարին՝ ակնկալելով, որ պատվարժան դատարանը իրեն հարմար որեւէ պահի հնարավորություն կտա սահմանված կարգով դիմելու դատարանին՝ նիստից լուսանկարներ անելու թույլտվություն ստանալու համար:
Aravot.am-ը, այդ դռնբաց դատական նիստում կրկին սահմանված կարգի համաձայն, միացրեց ձայնագրիչը եւ դրեց հարմար մի տեղ՝ արձանագրելու վկային ուղղվող հարցերը եւ վերջինի պատասխանները: Սակայն կարգադրիչը չիմանալով, որ դա արգելված չէ, ձայնագրիչը վերցրեց, տվեց մեր լրագրողին՝ պահանջելով անջատել եւ ջնջել ձայնագրությունը, ինչը, բնականաբար, մերժվեց:
Լրագրողի եւ կարգադրիչի միջեւ երկխոսությունը վրդովեցրեց նախագահող դատավորին, որն առանց խորամուխ լինելու միջադեպի էության մեջ՝ լրագրողի նկատմամբ դատական նիստի դահլիճը լքելու դատավարական սանկցիա կիրառեց:
Կարդացեք նաև
Աշխատանքային օրվա վերջում տուժող, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՔՊ անդամ Հակոբ Ասլանյանից ճշտեցինք, որ հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 23-ին, ժամը 17:00-ին:
Դատական նիստի ավարտին փաստաբան Ռուբեն Մելիքյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ձեր հետ կապված միջադեպին ես արձագանքեցի եւ դատավորին ներկայացրեցի: Կարծում եմ, դատական իշխանության այս հատվածում կա խնդիր, որը կապված է կարգադրիչների հետ: Ես ուզում եմ, որ սա անպայման բարձրաձայնվի, որպեսզի կարգադրիչներն իմանան, թե ինչն է թույլատրելի քաղաքացիներին առանց դատարանի թույլտվության եւ ինչն է թույլատրելի դատարանի թույլտվությամբ:
Մեր մոտ էլ էր սկզբում թյուր տպավորություն: Զարմացանք, թե ինչպես կարող է այդքան փորձառու լրագրողը կարգը խախտել: Բայց պարզվեց, որ բացարձակ ոչ մի անթույլատրելի բան չէր կատարել: Կարգադրիչը չգիտեմ որտեղից կարծում էր, որ ձայնագրել չի կարելի առանց դատարանի թույլտվության: Այնինչ, դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: Անգամ դրա համար լրագրող լինել անհրաժեշտ չէ: Դռնբաց դատական նիստը ցանկացած անձ կարող է ձայնագրել: Տեսագրե՞լ՝ թույլտվություն պետք է, լուսանկարե՞լ՝ թույլտվություն պետք է, ձայնագրե՞լ՝ ոչ:
Շատ տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Կարծում եմ, պատճառն այն էր, որ դատավորն այդ պահին հարց էր տալիս եւ տեսավ, որ կարգադրիչն այդտեղ գործողություններ է անում եւ չփորձեց խորամուխ լինել: Երեւի նաեւ այն պատճառով, որ մտքի թելը կտրվեց: Հուսով եմ, որ սա այլեւս չի կրկնվի»:
Aravot.am-ի դիտարկմանը, որ դատավորը դատավարական սանկցիա կիրառելու որոշում կայացրեց՝ չխորանալով խնդրի էության մեջ: Անգամ չցանկացավ լրագրողին լսել: Արդյոք վտանգ չկա՞, որ մի օր էլ էմոցիայի ազդեցության տակ մարդու ճակատագրի հետ կապված որոշումներ կայացվեն՝ առանց խորանալու իրականության մեջ, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ այդպիսի բան չի լինի: Հուսով եմ, որ հաջորդ դատական նիստին դրան արձագանք կլինի դատավորի կողմից: Ամեն դեպքում ես դատախազի ներկայությամբ դատավորին իրականությունը ներկայացրի: Կրկնում եմ, հուսով եմ, որ հաջորդ նիստին դատավորը այդ հարցին կանդրադառնա եւ հուսով եմ, որ դուք կգաք այդ նիստը լուսաբանելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ