Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրու ավագանու լուծարման իրավական ճանապարհն այս պահին մնում է հունվար ամիսը ներառյալ ավագանու նիստեր չգումարելը։
«Նոյեմբերի 8-ին ՔՊ-ի նախաձեռնությամբ հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, հրավիրվել, բայց չի գումարվել, իրավական առումով այդտեղ խնդիր ունենք, որպեսզի նիստը գումարվեր և դա բխեր ՏԻՄ օրենքից, պետք է ավագանու 17 անդամներ ներկա լինեին, որը չի եղել։
«Քաղաքացիական պայմանագիրը» երկրորդ նիստը չի հրավիրել․ կամ գլխի ընկան, կամ իրենց իրավաբանների հետ խորհրդակցեցին, հասկացան, որ դա ըստ էության հակաիրավական է։ Ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը Գյումրիում ևս ՏԻՄ օրենքը թույլ չի տալիս։
Այս պահի դրությամբ ինչ ունենք․ ունենք հետևյալը, հոկտեմբերին, նոյեմբերին մենք նիստ չենք գումարել, նոյեմբերին մնաց մի քանի օր, Ընտրական օրենսգիրքը նախատեսում է՝ եթե համայնքի ավագանին երեք ամիս և ավել շարունակ նիստեր չի գումարում, կառավարությունն իրավասությունն ունի համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու։
Կարդացեք նաև
Այս դեպքում մենք առավել շատ գնում ենք այդ իրավական կարգավորմանը, որովհետև հոկտեմբերին նիստ չենք գումարել, նոյեմբերին արտահերթ նիստ ենք գումարել, որը չի գումարվել, պետք է սպասել նաև դեկտեմբեր, հունվար ամիսներին, դրանից հետո Ընտրական օրենսգիրքը կառավարությանը հնարավորություն է տալիս դադարեցնել ավագանու լիազորությունները։
Մնացած լուծումները, որոնք որ քննարկվում են, իրավական առումով չեմ կարող մեկնաբանել, եթե կառավարությունը գնա օրենսդրական փոփոխությունների, որոնց մասին խոսում է, դա այլ հարց է։ Բայց դրանց մասին մենք տեղեկատվություն չունենք, ու քաղաքը կմնա կոլապսային վիճակում այնքան ժամանակ, մինչև որ իրավական առումով նման փոփոխությունները տեղի ունենան, իշխանազավթման մեխանիզմը դեռ հստակեցված չէ, դեռ չեն գտել իշխանազավթման ամենակարճ ճանապարհը»։
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ամենևին ցանկություն չհայտնեց մեկնաբանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին խմորումները, կուսակցության ներսում քաղաքապետի աթոռի համար պաշտոնակռիվ տալը։
Ըստ նրա, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ի նպաստ Գյումրիի որոշում կայացնող լիներ, այս քաղաքում նման իրավիճակ չէր ստեղծի։
«Ինչքան էլ «Բալասանյան դաշինքին» մեղադրենք այս առումով, հասարակությունը գիտակցում է, որ մեղքը «Քաղաքացիական պայմանագրինն է», հետ գնանք, հիշենք իրավիճակը ինչպես ստեղծվեց, քաղաքի կառավարումից հրաժարվող առաջին խմբակցությունը եղել է «Քաղաքացիական պայմանագիրը»։
Մի տարի հետ գնանք, մի տարվա կտրվածքով նայենք, առաջինը հենց իրենք են հրաժարվել՝ որևէ բացատրություն չտալով։ Այսինքն այսօր «Բալասանյան դաշինքին» միայն մեղադրելով չէ, թեև մեղադրում եմ, «Բալասանյան դաշինքին» ժողովուրդը քվե էր տվել , այս իրավիճակը չպիտի լիներ Գյումրի քաղաքում, բայց «Քաղաքացիական պայմանագրի» մեղքը շատ ավելի մեծ է։ Նրանք առաջինն են հրաժարվել Գյումրիի կառավարումից, իրենց պատճառով է այս իրավիճակը ստեղծվել ինչպես Գյումրիում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում»,-ասում է Նարեկ Միրզոյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ