Լրահոս
Օրվա լրահոսը

Գերագույն Խորհրդի ավելի քան 200 պատգամավորներից ընդամենը 25-ն են կողմ քվեարկել, որ Անկախության հռչակագրի վերաբերյալ ձևակերպումը չլինի Սահմանադրության մեջ. Վարդան Հարությունյան. «Ա1+»

Նոյեմբեր 26,2024 21:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների, և նրա բոլոր գործողություններն ուղղված են դրան։ Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի՝ նա առաջինն է, որ սկսել է։ Այսուհետ նրա բոլոր քայլերը պետք է դիտարկել սպասվելիք ընտրությունների համատեքստում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով վերջին պաշտոնանկությունների մասին։

Վ․ Հարությունյանը լսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը և գրառում կատարել դրա վերաբերյալ։ Անդրադառնալով Անկախության Հռչակագրի մասին նրա դիտարկումներին՝ իրավապաշտպանը գրել էր․ «Անկախության Հռչակագրի վերաբերյալ խոսքում, որ այն իր մեջ պարունակում է պնդում, որը մեր որոշ հարեւաններ կարող են սուր ընկալել ու հակադրվել, կան ճշմարտության տարրեր, բայց քանի որ միտքը ճիշտ ձեւակերպել ու ճիշտ արտահայտել չի կարողանում, հակազդեցություն է առաջացնում»։

Արդեն «Ա1+»-ի հետ զրույցում նա հիշեց 1995թ․ այն շրջանը, երբ ընդունվում էր ՀՀ Սահմանադրությունը, և բուռն վեճեր կային, թե մայր օրենքում պե՞տք է արդյոք Անկախության հռչակագրին նման հղում լինի։

«Երբ 1995թ․ գրվում էր այդ տեքստը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռաֆայել Իշխանյան և էլի մարդիկ առաջարկում էին, որ Եղեռնի մասին հիշատակումը չլինի տեքստում, որովհետև դա ստեղծում է խնդիր հարևանների հետ։ Տեր-Պետրոսյանը բացատրում էր, որ դա ստեղծում է խնդիր տարածաշրջանում, որտեղ ուզենք, թե չուզենք, պետք է հարևանների հետ ապրենք, իսկ այդ թեմային կարելի է առանձին փաստաթղթով անդրադառնալ»,- հիշում է Վ․ Հարությունյանը։

Բայց Գերագույն Խորհրդի ավելի քան 200 պատգամավորներից ընդամենը 25-ն են կողմ քվեարկել, որ Անկախության հռչակագրի վերաբերյալ ձևակերպումը չլինի Սահմանադրության մեջ։ Հատկապես դաշնակցական թևն է պնդել, որ այդ ձևակերպումը ներառվի։ Իրավապաշտպանը հիշում է, որ այդ հարցի շուրջ երկար վեճեր են եղել, ի վերջո ՀՅԴ-ական թևը հաղթել է։

«Հայաստանում միշտ էլ հայրենասիրությունը հաղթել է սառը դատողությանը։ Օրեր տևող վեճեր եղան, բայց զոռով անցկացրեցին։ Ես գիտեմ, թե դաշնակցական թևը ներկայացնող որ պատգամավորներն էին ճնշում, և անցկացրեցին։ 30 տարի անց երբ մենք ունեցանք այս ջախջախիչ պարտությունը, այդ խնդիրը գլուխ բարձրացրեց։ Եվ այդ խնդիրն անցկացնողներից որևէ մեկը չի ասում, թե էս ինչ արեցինք, տղերք։ Այդ հայրենասերների շարքին եմ դասում նաև Նիկոլ Փաշինյանին»,- հավելեց Վ․ Հարությունյանը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930