«Դուք ի՞նչ գիտեք ես ի՞նչ հարաբերություններ ունեմ Նիկոլ Փաշինյանի հետ, ի՞նչ եմ իրեն ուզել հասկացնել: Մարդն իրեն կորցրել է, ես էլ էնպիսի մի երկիր ունեմ, տեղ չունեմ փախչելու»,- այսօր դատարանում հայտարարեց «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ ինքը իր ելույթում ասում է՝ «վերացնել» Նիկոլ Փաշինյանին, դատախազն ինտերպրետացնում է՝ «ոչնչացնել»: «Ինչ-ինչ լեզվաբանությունից հասկանում ենք, 22 հատ գիրք եմ գրել»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը՝ խոստանալով դոկտորի կոչում տալ դատախազին, եթե վերջինս ապացուցի, որ «վերացնելը» «ոչնչացնելն» է: Հրանտ Բագրատյանն իր խոսքի ընթացքում ընթերցեց խնդրո առարկա իր ելույթից հատվածներ, բացատրեց դրանց պատճառահետեւանքային կապը եւ հռետորական հարց հնչեցրեց՝ ո՞վ կարող է ասել, թե այս ամենը տեղի չի ունեցել: Նա պնդեց, իր ելույթը քաղաքական է եւ դատարանին կոչ արեց՝ չխաղալ կրակի հետ, թույլ չտալ բաներ, որ Փաշինյանը մտածի թե ճիշտ է անում. «Խայտառակ բաներ է անում: Լավ, ո՞նց կանգնեցնենք այս մարդուն… Հռոմում գնացել հեծանիվ է քշում… Պետությունը կորում է»:
Մանրամասները՝ տեսանյութում
«Հրանտ Բագրատյանին ճանաչել մեղավոր՝ ՀՀ ՔՕ 330 հոդվածի առաջին մասով». սա էլ դատախազի եզրափակիչ ելույթի վերջին նախադասությունն է, որը նա հնչեցրեց այսօր դատարանում:
Կարդացեք նաև
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի դեմ հարուցված քրեական վարույթի քննությունը:
Այսօր հնչեցին եզրափակիչ ելույթները: Դատախազը պնդում է՝ այս վարույթը խոսքի ազատության հետ աղերս չունի, հարցը քրեաիրավական հարթությունում է:
Հրանտ Բագրատյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է այս տարվա ապրիլի 4-ին Ազգային ժողովի մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում Հրանտ Բագրատյանի ելույթը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ իր ելույթում քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը:
Դատախազի ելույթի մանրամասները՝ տեսանյութում
«Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով: Այդ ընթացքում իրենք բաժանել են 200 մլրդ դրամի կամ 500 մլն դոլարի պրեմիա: Ծախսել է 28 մլրդ, արա, 28 մլրդ-ն ի՞նչ ես արել, 1 մլրդ-ը չէի՞ր կարող դնել բանակի վրա… 5 տարում մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ մտած չեն Covid-ն ու զոհվածները: Չենք ծննդաբերում: Եթե 2017-ին ունեցել ենք 18 հազար իրավական հանցագործություն, անցյալ տարի ունեցել ենք 37 հազար: Ինչի՞ եք կոտորվում: Եթե 2017-ին կյանքի միջին տևողությունը Հայաստանում եղել է 76 տարի, իր օրոք 5 տարում դառել է 72 տարի: Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա՛: Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով: Այս ի՞նչ ինքնասպանություն է, որ ազգը գնում է»,- իր այդ ելույթում ասել էր Հրանտ Բագրատյանը: Ելույթից յոթ ամիս անց Քննչական կոմիտեն այն որակել է խնդրահարույց:
Հրանտ Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյան էլ նկատեց՝ բռնության իրական վտանգ չի եղել ու դա հաստատվել է նաեւ գործի քննության ընթացքում վկաների հարցաքննությամբ:
«Բռնության կոչն, այո, հանցագործություն է, բայց նրա օբյեկտը հասարակական կարգն է: Այսինքն, այս գործի քննության ընթացքում պետք է բերվեին ապացույցներ, որ պարոն Բագրատյանի գործողությունների արդյունքում, հասարակական կարգի նկատմամբ իրական սպառնալիք է ստեղծվել: Եթե մենք ունենք մի գործողություն, որը չի բերել հետեւանքի, որեւէ շոշափելի վնասի, ապա նշանակում է, որ ինչ-որ հայտարարություն կարող է բնութագրվել որպես հանցա՞նք»,- ասաց Հովհաննես Քոչարյանը՝ հավելելով, որ այս տրամաբանությամբ, ամեն քաղաքական հրապարակային ելույթից հետո, ինչ-որ խոսք, որը իշխանությանը դուր չի գալիս՝ որակվի հանցա՞նք, որովհետեւ հռետորը հանրային դեմք է ու հանդգնել է իշխանությանը մեղադրե՞լ: Նրա պնդմամբ, դատախազը խոսում է ենթադրյալ հանցագործության մասին, ոչ թե իրական:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիմնական դատալսումներն այսօր ավարտվեցին, որոշումը կհրապարակվի 2025 թվականի հունվարի 22-ին, 17.00:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ