Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ մեկն ասե՞լ է ձեզ, որ կան ճնշումներ պատգամավորների նկատմամբ, կարծես թե՝ ոչ»․ Վլադիմիր Վարդանյանը՝ վարչապետի՝ հրաժարականի դիմում գրելու կամ մանդատ վայր դնելու խնդրանքների մասին

Նոյեմբեր 26,2024 16:43

«Քաղաքական թիմում կա քաղաքական պատասխանատվության տարր, և քաղաքական պատասխանատվությունը պետք է տարբերել իրավական պատասխանատվությունից։ Պետք է որոշակի կանոններ գործեն, որոնք քաղաքական են»,- հարցին՝ երբ ՀՀ վարչապետը խնդրում է պատգամավորին մանդատը վայր դնել, այդտեղ հակասահմանադրական տարր կա՞, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե Ձեր մասնակցությամբ ինչ-որ միջադեպ լինի, և վարչապետը մանդատը վայր դնելու խնդրանքով Ձեզ դիմի, Դուք ընդառաջ կգնա՞ք նրա խնդրանքին, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Ցանկացած քաղաքական գործիչ պետք է ունենա քաղաքական պատասխանատվություն քաղաքական վարքագծի համար»։

Հարցին՝ օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը պետք է մանդատը վայր դնի՞, Վլադիմիր Վարդանյանը խուսափեց այդ թեմայով կոնկրետ մեկնաբանություն անել․ «Յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր կողմից տրված երդմամբ, իր խղճով, համոզմունքներով և ՀՀ օրենսդրությամբ»։

Լրագրողների դիտարկմանը՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային խոսում է, որ մանդատը վայր դնելու խնդրանքով է դիմել պատգամավորներին, դա ճնշում չէ՞, Վլադիմիր Վարդանյանն այսպես արձագանքեց․ «Տարատեսակ ռեակցիաներից տեսնում եք, որ չկա ճնշում՝ որպես այդպիսին»։

Խոսելով քաղաքական պատասխանատվության թյուրըմբռնումների մասին՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց․ «Քաղաքական պատասխանատվությունը փորձում են կապել միջադեպերի հետ։ Քաղաքական պատասխանատվությունը քաղաքական վարքագծի առաջացրած որոշակի հետևանքներն են, որոնք անձինք՝ այդ թվում ես, պարտավոր ենք կրել։ Սահմանադրությունից վեր ոչինչ չի կարող լինել որևէ պարագայում։ Որևէ մեկն ասե՞լ է ձեզ, որ կան ճնշումներ պատգամավորների նկատմամբ, կարծես թե՝ ոչ»։

Հարցին՝ երբ վարչապետը ԲԴԽ նախագահին նման խնդրանքով է դիմում, դա չի՞ նշանակում, որ նա ճնշում է գործադրում անկախ դատական համակարգի վրա, Վլադիմիր Վարդանյանն այսպես պատասխանեց․ «ԲԴԽ-ն պետք է անկախ լինի և′ գործադիրից, և′ օրենսդիրից։ Որևէ պաշտոնատար անձ որևէ եղանակով չի անդրադարձել որևէ ճնշման, որևիցե ոչ իրավաչափ վարքագծի։ Դա յուրաքանչյուր անձի որոշումն է։ Ես չեմ տեսնում այստեղ միջամտություն։ Ի վերջո, այս որոշումը կայացնում է ԲԴԽ-ն և ԲԴԽ-ն կարող էր և պետք է անդրադառնար։ ԲԴԽ-ից որևէ արձագանք չեմ տեսել»։

Լրագրողների այն դիտարկմանը, թե չկա թափանցիկություն և հաշվետվողականություն հանրության նկատմամբ, մարդիկ մանդատները վայր են դնում առանց պատճառների մասին խոսելու, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Սրանից ավելի թափանցիկ հնարավոր չէ խոսել նրա մասին, թե ինչ կա։ Դուք տեղյակ եք եղել և′ առաջադրումներից, և′ այն բոլոր քննարկումներից, որոնց մասին վարչապետն է հրապարակային խոսել իր հարցազրույցի ժամանակ, և բոլոր պատգամավորները, պաշտոնատար անձինք հնարավորություն ունեցել են անդրադառնալու։ Որևէ ծածուկ բան չի եղել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930