Լրահոս
Օրվա լրահոսը

Հղիության ընդհատում, մեռելածնություն, ընդհուպ քաղցկեղ․ ինչպես է հանքարդյունաբերությունն անդրադառնում կանանց վրա. հարցում

Նոյեմբեր 26,2024 16:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք հաճախ սահմանափակ հասանելիություն ունեն հանքարդյունաբերությունից ստացվող տնտեսական օգուտներին՝ տղամարդկանց կողմից վերահսկվող ռեսուրսներով, ինչը մեծացնում է կանանց տնտեսական կախվածությունը եւ բացառում նրանց որոշումների կայացման գործընթացներից, ինչպես տնային, այնպես էլ համայնքային մակարդակներում: Բացի այդ, հանքարդյունաբերության առողջական ազդեցությունը ծանր է, որտեղ կանայք և երեխաները հատկապես խոցելի են թունավոր նյութերի ազդեցության առումով, ինչպիսիք են սնդիկը եւ կապարը: «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ-ն եւս այդ թեմայով հետազոտություն է իրականացրել։

«Հետազոտությունն իրականացնելու համար ընտրել ենք 4 բնակավայր՝ Ախթալա, Շնող, Թեղուտ եւ Մեծ Այրում։ Համարում ենք, որ այդտեղ հիմնականում ավելի խոցելի են կանայք եւ հանքարդյունաբերական ազդեցությունը հենց իրենք են կրում։ Կանանց ֆիզիկական, ֆիզիոլոգիական առանձնահատկությունները եւ կյանքի որոշակի փուլում վերարտադրողականության կարեւոր ֆունկցիա կատարելը նրանց առավել խոցելի է դարձնում»,- Մեդիա կենտրոնում կայացած «Հանքարդյունաբերության ազդեցությունը կանանց կյանքի որակի վրա» թեմայով քննարկման ժամանակ` հետազոտությունը ներկայացնելիս, նշեց «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ նախագահ Հռիփսիմե Քոչարյանը։

Նա նշեց, որ հարցազրույցներ են իրականացվել 2 տարիքային խմբի կանանց հետ, 8 խմբերում մասնակցել են 18-35 տարեկան եւ 36 եւ ավելի բարձր տարիք ունեցող կանայք։ Հռիփսիմե Քոչարյանը հավելեց, որ մինչեւ 35 տարեկանների պարագայում հանքարդյունաբերության հետեւանքները ամենատագնապալի ձեւով նրանց վերարտադրողականության վրա են անդրադառնում, մասնավորապես հաճախ նկատվում են հղիության ընդհատման, մեռելածնության եւ ոչ առողջ հղիության դեպքեր։ Նրա խոսքով, այդ բնակավայրերի կանանց մոտ առաջանում են այլ հիվանդություններ եւս՝ շնչառական, սրտանոթային համակարգի խնդիրներ, ընդհուպ մինչեւ քաղցկեղ։

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանն էլ հավելեց, որ ներկայացվածը ոչ թե գիտական հետազոտություն է, այլ ներկայացնում է տվյալ բնակավայրերի կանանց ընկալումները խնդրի վերաբերյալ, այդ կանայք ունեն մտահոգություններ, եւ մի շարք խնդիրներ կապում են հանքարդյունաբերության հետեւանքների, թափոնների վատ կառավարման հետ։

Մանրամասն տեսանյութում՝

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930