Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր ապահովագրության մասին օրենք չունենք ընդունված, բայց վերցնում ենք ծախսեր դրա իրականացման համար. ՍԴ դատավոր Հրայր Թովմասյան

Նոյեմբեր 26,2024 16:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ժամանակ ՀՀ կառավարության ներկայացուցիչ՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի եւ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցուպատասխանը կարծիք ձեւավորեց՝ մենք պատրաստ չենք այս վարկային համաձայնագիրը կյանքի կոչելու, եւ որ այն կարծես «բյուջե» փակելու համար է այս պահին: Ներկայացնենք մի հատված:

Հրայր Թովմասյան. Այս ծրագիրը նախապատրաստակա՞ն է այդ համակարգը ներդնելու համար, թե՞ այդ ծրագիրը խոցելի խավերի համաֆինանսավորման համար է, ո՞րն է գումարների ծախսման նպատակը:

Լենա Նանուշյան. Վարկային ծրագիրը հետագա հինգ տարիների համար է, իհարկե, 2025 թվին համալրելու է նախապատրաստական աշխատանքների մասը, դեղորայքի մասով աշխատանքների փոխհատուցման իրականացում՝ սոցիալապես անապահով խավի համար:

Հ. Թ. 2025 թվին համակարգը չի ներդրվելու, բայց դեղեր եք ֆինանսավորելու, սա պարտադիր ապահովագրական համակարգի ներդրման հետ ի՞նչ կապ ունի, դուք կատարելու եք ընթացիկ ծախսեր, սա կապ չունի առողջապահական համակարգի ներդրման հետ:

Լ. Ն. Ապահովագրության համակարգում նախատեսել ենք առողջապահության նախնական օղակում դեղորայքի փոխհատուցման մեծ փաթեթ, հիմնվելով հիվանդության մակարդակի վրա: 2025 -ին նախատեսում ենք այդ փաթեթից մի փոքր փաթեթ սոցիալական անապահով քաղաքացիների համար, որը կփոխհատուցի իրենք դեղորայքի ծախսը: Նաև նկատի ունենք, տրամադրելու ենք այնպիսի ծառայություներ, որոնք նախատեսում են լրացուցիչ ֆինանսավորում:

Հ. Թ. Ըստ հայեցակարգի, 2023-ին նախապատրաստական փուլն էր, հաջորդ երեք տարիները՝ փորձարկման, ապա 2027-ին կիրականացվեր ամբողջությամբ 2 միլիոն 800 հազարի համար պարտադիր ապահովագրումը: Նշել եք, օրենքի ընդունման մասին: Այս ծրագրի իրականացումն ինչո՞վ է պայմանավորված: Ինչպե»ս է հարաբերակցվում այդ օրենքը և պարտադիր ապահովագրության այս համակարգը:

Լ. Ն. Երբ ընթերցեցիք առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համակարգի մասին, չհասկացա՝ հակասությունը որն է…հստակ նշված է փուլային ներդրման մասին: Նշում եք՝ չկա ապահովագրական հիմնադրամ, չկա օրենք, բայց վարկային ծրագրի ցուցանիշներում հստակ նշված է՝ թե երբ ամբողջը կունենանք: 2025 թվականի վերջ կունենանք օրենքը եւ ենթաօրենսդրական ակտերը հաստատված, որպեսզի 2027 թվից կարողանանք մեր ամբողջ բնակչության համար ապահովել ծառայությունների հասանելիություն ապահովագրական համակարգի ներդրման միջոցով:

Հ. Թ. Համաձայնագրով 9 միլիոն 270 հազար եվրո է նախատեսվում է, եթե 36-68 տարեկան ապահովագրվածները այցելեն առաջնային բժշկական օղակ: Եթե չկան այդ ապահովագրվածները, այդ գումարը ո՞նց եք ծախսելու, երբ արդարադատության նախարարությունը նշել է, որ օրենքների փոփոխության անհրաժեշտություն չկա, չի լինելու: 2023- ից պիտի լիներ: Եթե նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն էլ չկա, ըստ տեղեկանքների, ապա ի՞նչն եք ծախսելու:

Լ. Ն. Այդ ցուցանիշը որ տարվա համար է նախատեսված: Յուրաքանչյուր ցուցանիշ որոշակի ժամանակային հերթականությամբ են գրված, առաջին տարվա համար ընդունեցինք օրենք, հիմնեցինք հիմնադրամ, որը պետք ամբողջը կառավարի, 3րդ տարվա համար այլ, 2027-ին…բոլորը ժամանակագրորեն որոշակի ձեւով են ներդրված…

Հ. Թ. Դուք սայլը ձիուց առաջ եք դրել: Մինչդեռ հակառակը պետք է լիներ, երբ բանակցվել է, այդ տրամաբանությամբ է միգուցե արվել, որ կընդունվեր օրենք ու նախատեսած կլիներ ծախսելը…Դուք գրել եք նոր օրենք ընդունելու անհրաժեշտություն չկա սույն համաձայնագիրը վավերացնելու համար, եթե ընդունեցիք օրենք, կամ չընդունեցիք, ո՞նց եք գումարը ծախսելու…պետք է ընդունված լիներ 2023-ին, նոյեմբերի 3-րդ տասնօրյակում …

Կարո՞ղ ենք ասել, որ այս պահին ֆինանսների նախարարությունը /նախարարի հայտարարությունից եմ մեջբերում, բյուջետային քննարկումների ժամանակ/ գտնում է, որ այն 2025-ի համար նախատեսված չի, ոչինչ չի ասել, 2026-ի համար, բյուջեով նախատեսված գումարները բավարար չեն, ռիսկայնությունը շատ մեծ է, այդ գումարները ծախսվելո՞ւ են ընթացիկ ծախսերը փակելու համար, որոշակի կարող է բարելավվի առողջապահության որակը, արդար լինելու համար ասենք:

Լ. Ն. Ոչ, չեք կարող ասել:

Հ. Թ. Չի՞ բարելավելու, այսինքն:

Լ. Ն. Ոչ, դա չի նշանակում, որ գումարները ընթացիկ աշխատանքների համար են ծախսվելու:

2025-ին, եթե չիրականացնենք պայմանները, այն ցուցանիշները, որոնք սահմանված են, գումարները չեն տրամադրվի, համակարգի ներդրումը կհետաձգվի: Կառավարությունը բանակցել է բանկի հետ, ստորագրել է, ներկայացրել ձեր քննությանը:

Հ. Թ. Որտեղից հիմնավորումը, թե օրենքը մոտ ապագայում ընդունելու եք: Դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ 2026-ին օրենքը ընդունվելու է, ձեր նախապատրաստական ծախսերի արդյունավետությունը ո՞նց եք հիմնավորելու:

Լ. Ն. Ծրագիրը հինգ տարիների համար է, այն ընդգրկում է նախապատրաստական եւ ներդրման փուլերը: 2027-ից հանձնառություն ենք արել ներդնել ամբողջ բնակչության համար:

Հ. Թ. Մենք ունենք սեւ արկղ, որի անունն է պարտադիր ապահովագրության մասին օրենք, որը չունենք ընդունված, բայց եւ վերցնում ենք ծախսեր, դրա իրականացման համար…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930