Aravot.am-ը տեղեկություններ ուներ, որ Հրազդանի հումանիտար ինստիտուտ կրթությունը շարունակելու համար բուհ է ընդունվել Ռ. Հ.-ն, որը երբեւէ չի հաճախել դասերի արտասահմանում բնակվելու պատճառով, բայց դիպլոմ է ստացել։
Հրազդանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Լիպարիտ Առաքելյանը (լուսանկարում), սակայն, Aravot.am-ին տեղեկացրեց, որ նշյալ ուսանողը չի ավարտել իրենց բուհը, քանի որ հեռացվել է։
«Դա շատ հեշտ է ճշտել նաեւ ԿԳՄՍ նախարարությունից, որտեղ շտեմարան գոյություն ունի, թե ում ինչ համարի դիպլոմ է տրվել։ Այնպես որ, նման շրջանավարտ Հրազդանի հումանիտար ինստիտուտը չի ունեցել։ Այդ ուսանողն ընդունվել է շարունակական կրթությամբ երկրորդ կուրս՝ քոլեջից հետո, սովորել է մինչեւ մեր ինստիտուտի 4-րդ կուրս, սակայն, չի մասնակցել 4-րդ կուրսի քննաշրջանին եւ ազատվել է ինստիտուտից։ Եթե նա ուզենա վերականգնվել, լավագույն դեպքում դեռ երկու տարի ունի սովորելու։ Ինչպես արդեն նշեցի, ՀՀ բոլոր բուհերը շրջանավարտների վերաբերյալ տեղեկություններ են հայտնում ԿԳՄՍ նախարարությանը, թե որ շրջանավարտը որ համարի դիպլոմ է ստացել։ Դա օրենքի պահանջ է»,-ասաց Հրազդանի հումանիտար ինստիտուտի ռեկտորը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ