Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարի կասկածելի գործարքները՝ ըստ փաստաբանների

Նոյեմբեր 26,2024 14:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Ֆինանսների նախարարի վարքագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այսօր փաստաբանների պալատում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, նախարարը փաստաբանների դիտակետում հայտնվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո, երբ նախարարի նախաձեռնությամբ՝ փաստաբանական գործունեությունը շրջանառության հարկից, առանց պատշաճ հիմնավորման, տեղափոխվեց ընդհանուր հարկային ռեժիմ:

Ըստ Զոհրաբյանի՝ ուսումնասիրության են ենթարկվել նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարագրերը: Նախքան դրանցում առկա հակասությունները մանրամասնելը՝ Արա Զոհրաբյանը նկատեց, որ շուտով նախարարը կսկսի լրատվամիջոցների հետ զրույցում արդարանալ, թե վրիպակներ կան հայտարարագրերում. «Եթե նախարարը, ով բյուջեի հանրային կառավարման ու վերահսկող պաշտոնատար անձն է, եթե թափթփված է իր սեփական բյուջեի, հաշվետվության նկատմամբ, ինչպե՞ս է նրան վստահվել ՀՀ բյուջեի կառավարման, հաշվապահական հաշվառման, կառավարության քաղաքականության վարումը»:

Վահե Հովհաննիսյանը 2021-ին, երբ նոր-նոր ստանձնել էր նախարարի տեղակալի պաշտոնը, տարեսկզբին հայտարարագրել էր երեք տրանսպորտային միջոց, որոնց ձեռքբերման ժամկետը երեքինն էլ նույն օրն էր նշված եղել՝ հունվարի մեկին: Արա Զոհրաբյանը նկատեց, որ ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք հորինված տարեթվերի հետ, որովհետեւ 2022-ին Հովհաննիսյանի հայտարարագրում ձեռքբերման ամսաթվերը փոփոխված էին: Փոխված էին ոչ միայն ձեռքբերման, այլ մեքենաներից մեկի տարեթիվը. ըստ Զոհրաբյանի՝ հայտարարագրած Տոյոտաներից մեկը 2022-ին տասը տարով երիտասարդացել է. «Նայում ենք օտարման հատվածը: 2006 թվականի արտադրության Տոյոտան վաճառվել է 2,5 միլիոն դրամով ապրիլի 11-ին 2023 թվական: Ի՞նչ է սա նշանակում, այդ Տոյոտան տարեսկզբի ցանկում չկար, կարծես սա չորրորդ մեքենան է, վաճառքը տեղի է ունեցել 2023-ին, մինչդեռ սա 2022 թվականի հայտարարագիրն էր: 2023 թվականի հայտարարագրում այդ 2006 թվականի Տոյոտան հիմա էլ վաճառվել է 25 միլիոն դրամով: Վաճառքի ամսաթիվ նշված է 24.02.2022 թվական, մինչդեռ սա 2023 թվականի հայտարարագիրն է: Այսինքն՝ եթե այդ Տոյոտան նույնն է, մեկ տարի առաջ վաճառվել է 2,5 միլիոն դրամով, հետո մեկ տարի հետ 25 միլիոն դրամով: 25 միլիոն դրամով 2006 թվականի Տոյոտա գոյություն չունի: Մենք ունենք կասկածներ, որ կամ ապօրինի հարստացման հետ գործ ունենք, կամ փողերի լվացման հետ»:

Նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելուց 2021-ի հունվարին Վահե Հովհաննիսյանը ձեռք է բերել 1 միլիոն 50 հազար դոլար արժողությամբ բաժնետոմս, 980.000 դրամի բաժնետոմս մեկ այլ կազմակերպությունից:

2021- ի տարեվերջյան հայտարարագրում այս երկու բաժնետոմսերը եղել են, իսկ այ 2022-ի տարեվերջին 1 միլիոն 50 հազար դոլարի բաժնետոմսը դարձել է բաժնեմաս, ձեռքբերման ամսաթիվն էլ հստակեցվել է 18.08 2021, մինչդեռ պաշտոնը ստանձնելու ժամանակ նշվել էր հունվարի 1: Տարեվերջին 980.000 դրամանոց բաժնետոմսը բացակայում է Հովհաննիսյանի հայտարարագրից, Արա Զոհրաբյանը ենթադրում է, որ Հովհաննիսյանը վաճառել է. «2023 թվականը, որ դիտարկում ենք այս երկու բաժնետոմսերից որեւէ մեկը չկա: Հարց է ծագում, ինչ է եղել 1 միլիոն 50 հազար դոլարի բաժնեմասը: Եթե վաճառվել է, ինչու է 2022 թվականի տարեվերջին ցույց տվել, որ կա, եթե չի վաճառվել, ինչու է ցույց տվել, որ չկա»:

Փաստաբանները պարզել են նաեւ, որ նախարարը փոխառության վերաբերյալ նշումներում նույնպես ունի կասկածելի գործարքներ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930