Լրահոս
Օրվա լրահոսը

Երգասաց Վախթանգ Հարությունյանի անձնական օրինակը կամ մարդկային կերպարը լավագույնս ներկայացնում է bard-երգասացներին

Նոյեմբեր 26,2024 13:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տևական ժամանակ է՝ BARD CLUB-ում կայանում են երեկոներ «Համերգ մոմի լույսով» խորագրով հեղինակային երգի ժանրում ստեղծագործող հեղինակ-կատարողների մասնակցությամբ, նաև անցկացվում է BardFest ամենամյա միջազգային փառատոնը 2015թ. «Հուսո առագաստ» անվամբ:

Օրերս ճանաչված բարդ-երգիչ Վախթանգ Հարությունյանի «Մոնոներկայացումն» էր, իսկապես ներկայացում, քանի որ ստեղծագործողը ներկայացավ` սեփական երգերի կատարումները սինթեզելով հետաքրքիր, իմաստալից ու իրեն հատուկ խոհափիլիսոփայական խոսքով: Ըստ էության, հեղինակի այս մենահամերգը մեր դիտարկմամբ, կարծես նրա, օրերս թողարկած, 8-րդ՝ «Էն հեռու երկրում…» սկավառակի շնորհանդեսը լիներ:

Տեղեկացնենք, որ արվեստագետի առաջին սկավառակը թողարկվել է 1998 թ.: Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 32 տարի առաջ` 1992-ին: Մենք գրում ենք մի անխոնջ գործչի և երգչի մասին, որ եթե փորձենք որևէ գործի կամ որակի մասին առանձին խոսել, ապա լրագրողական ձևաչափը թույլ չի տա ներկայացնել Վախթանգ Հարությունյանի արած գործերից գոնե մեկնումեկը ամբողջությամբ:

BARD CLUB –ի համերգի առիթով կուզեինք մի քանի ընդհանուր բնույթի խոսք գրել Վախթանգ-բարդի գործունեության և «բարդերի» մասին ընդհանրապես: Վախթանգ Հարությունյանը մեր ժամանակների բազմաբնույթ մշակութային գործչի կատարյալ տիպար է, որ իրականացրել է կազմակերպական և ստեղծագործական բազմաբնույթ գործունեություն` ինքնուրույն հեռուստաընկերության ստեղծումից սկսած, ֆիլմերի պրոդյուսինգով շարունակված, փառատոների հիմնադրումով և ղեկավարմամբ ներկայումս ինտենսիվ ընթացող և բազում ու անվերջանալի ծրագրերով հագեցած: Իսկ հեղինակային երգը իր գործունեության կիզակետն է կամ բարձրակետը, որտեղ հրաշալի խոսք-երաժշտական կենտրոնացումով ի մի է բերվում կյանքի այն ինքնուրույն, շատ հարուստ փորձն ու փորձառությունը, որն անձամբ է անցել և ինքն իր երգ ու բառի շնորհիվ ու շնորհքով կարող է ու կարողանում է փոխանցել հանրությանը և առանձնապես իր երգերի ու խոհափիլիսոփայության երկրպագուներին:

Երգասաց Վախթանգ Հարությունյանի անձնական օրինակը կամ մարդկային կերպարը լավագույնս ներկայացնում է bard-երգասացներին, ոչ միայն ներկայումս, այլև գրեթե բոլոր ժամանակների երգասացներին` տրուբադուրներին, սկոմորոխներին, շպիլմաններին, գուսան-աշուղներին, մենեստրելներին, շանսոնիեներին, ովքեր միշտ եղել են բոլոր ժամանակներում ու աշխարհի բոլոր երկրներում, ամեն ժամանակում տվյալ ժամանակին, տվյալ երկրին բնորոշ կերպարներով ու գործով, իսկ ամենակարևորը` իր ժամանակին ամենաբնորոշ կենդանի խոսք-երգով ու երգ-խոսքով և հենց իմաստուն երգասացությունն էլ ամենակարևոր կարողությունն է, հատկապես որով կարողանում են միշտ ընդունված լինել, միշտ լսելի լինել, միշտ սպասված լինել և միշտ ժամանակակից լինել:

Ի տարբերություն զուտ բեմական գործունեություն ծավալող արտիստների, բարդ-երգիչները շատ ավելի բազմաճկուն են, շատ ավելի ազատ, բոլոր հնարավոր պայմաններում գործող ու աշխատող, գիշերային խարույկների հավաքներում ամենասպասված ընկերներ, ճանապարհների անփոխարինելի մասնակիցներ, զինվորական մարտերի ընդմիջումներին ոգի ու շունչ տվող մարտիկներ, լեռնային արշավների երգով պատմիչներ

– Так оставьте ненужные споры

-Я себе уже всё доказал:

Лучше гор могут быть только горы,

На которых ещё не бывал,

На которых ещё не бывал.

(Владимир Высоцкий).

Մեր ժամանակներում հայտնի են շատ սիրված բարդ-երգիչների երգեցիկ խոսքային տողեր, որոնք գործնականում բոլորի շուրթերին են և պատեհ երեկոների դեպքում շատերը ուղղակի ամբողջ երգերն են երգում – «Մոգական լապտերիկը գլանակ է դատարկ…» (Վահրամ Թաթիկյան), «Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին…» (Ռուբեն Հախվերդյան), «Լավագույն տղերքը հեռանում են…» (Ռուբեն Հախվերդյան), «Վերցրու քեզ հետ սրտերը մեր, մեր լեռների խաղաղ հովեր…»(Էդուարդ Զորիկյան), «Խաչմերուկներում անցյալից ներկա, ներկայից գալիք բյուր պատրանք սպասվող, Ու ինչ կգտնենք այդ խաչմերուկում, մենք դեռ չգիտենք ՈՒ ինչ է սպասվում նոր խաչմերուկում, ոչ ոք չգիտե» (Վախթանգ Հարությունյան):

 

Եվ ի հավելումն ամեն տեղ հասնելու, ամեն միջավայրում լինելու, գործելու և ելույթ ունենալու իրենց անզուգահեռ կարողության, ոչ բոլոր, բայց ոչ քիչ բարդ-երգիչներ կարողանում են հանդես գալ ամենաբարձրակարգ պրոֆեսիոնալ բեմերում, երբեմն նաև ամբողական մենածրագրերով, որոնք, որպես կանոն, սիրված երգեր են և մեծ ելույթների ժամանակ այդ երգերը երգվում են դահլիճի բոլոր հանդիսականների հետ միասին,ինչին ականատես եղանք Վախթանգ Հարությունյանի հեղինակային երեկոյի ընթացքում:

Ահա, այսպիսին են նրանք` ժամանակի հարազատ զավակները` բարդ-երգիչները, ովքեր իր ժամանակի կյանքի ամեն ինչին հասցնում են մասնակցել և հենց այդ պատճառով ու հենց դրա շնորհիվ էլ կարողանում են երգասացությամբ ամեն ինչ պատմել իրեն սպասող, իրեն սիրող ու իր հետ ապրող իր ժամանակակցին:

 Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 Լուսանկարները՝ BARD CLUB –ում կայացած Վախթանգ Հարությունյանի երեկոյից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930