Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը ներկայացրեց, թե որքան կարեւոր է «Արհեստական բանականության (ԱԲ) կիրառումը հայաստանյան մեդիայում. էթիկական նկատառումներ» քննարկումը, եւ ինչու է այն Zoom հարթակում իրականացվում:
Իսկ «Արհեստական բանականության կիրառումը հայաստանյան մեդիայում. էթիկական նկատառումներ» քաղաքականության համառոտագիրը ներկայացրեց քաղաքականության համառոտագրի հեղինակ, մուլտիմեդիա լրագրող Աննա Բարսեղյանը: Օրինակներ բերելով միջազգային լրատվամիջոցներից՝ նա նշեց, որ արեւմտյան հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ վաղուց կիրառում են ԱԲ գործիքները՝ բովանդակություն ստեղծելու համար, հոդվածներ են գեներացվում, տեքստերը լսելու հնարավորություն ստանում: Նրա ձեւակերպմամբ, ԱԲ գործիքների կիրառումը արեւմտյան մեդիայում ունի երկար պատմություն, դրանց մի մասը ավտոմատացված լուրեր են թողարկում տարբեր թեմաներով, ընտրությունների արդյունքների, սպորտի, եղանակի տեսության եւ այլնի մասին, օգտագործում են նաեւ մեկնաբանությունների մոդերացիայի համար:
Աննա Բարսեղյանը փաստեց, որ եթե նախկինում միայն խոշոր լրատվամիջոցները կարող էին իրենց թույլ տալ օգտագործել ԱԲ համակարգեր, որովհետեւ դրանք թանկ հաճույք էին, հիմա դրանից կարող են անվճար օգտվել շատերը՝ թե մասնագետները, թե սովորական օգտատերերը. «Մեդիափորձագետները համարում են, որ ԱԲ-ն հեղափոխական տեխնոլոգիա է, այն մեդիայի համար ունենալու է այնպիսի ազդեցություն, ինչպես ինտերնետը կամ սմարթֆոնի գյուտը»:
Կարդացեք նաև
Նշվեց, որ Հայաստանում ԱԲ գործիքները սկսել են փորձարկվել 2022թ վերջից, այժմ ԱԲ գործիքների կիրառմամբ հարցազրույցի հարցեր ու թեմաներ են մշակվում, անգամ հոդվածներ գեներացվում, եւ ԱԲ գործիքների ավելի լայն կիրառումը հայաստանյան մեդիայում ընդամենը ժամանակի հարց է:
Աննա Բարսեղյանը նաեւ անդրադարձավ այն թեմային, թե ինչ սահմանափակումներ ու էթիկական ռիսկեր է ԱԲ գործիքների կիրառմամբ բովանդակության ստեղծումը, հատկապես, որ դրանք կարող են գեներացնել նաեւ վնասակար, մոլորեցնող կամ կեղծ տեղեկատվություն, ինչը կոչվում է հալյուցինացիա, այսինքն՝ ԱԲ համակարգերը հակված են դրան, ուստի պետք է այդ ամենը պատշաճ ստուգել: ԱԲ համակարգերը կարող են նաեւ գեներացնել բովանդակություն, որը պաշտպանված են հեղինակային իրավունքներով, եւ եթե լրագրողները չստուգեն, կստացվի, որ զբաղվել էն գրագողությամբ:
Նա նշեց, որ օրինակ New York Times-ը դատական հայց է ներկայացրել OpenAI- ի դեմ, քանի որ իրենց հոդվածների տառացի պատառիկներ են օգտագործվել, մինչդեռ այդ բովանդակությունը պետք է հասանելի լիներ վճարովի բաժանորդագրության միջոցով: «Արհեստական բանականության կիրառումը հայաստանյան մեդիայում. էթիկական նկատառումներ» քաղաքականության համառոտագրի հեղինակը փաստեց, որ ԱԲ-ն կարող է գեներացնել նաեւ կողմնակալ եւ կարծրատիպեր պարունակող բովանդակություն, օրինակ ԱԲ որոշ համակարգեր տղամարդու անունները ասոցացնում են կարիերայի հետ, իսկ կանանց անունները՝ տնային գործերի, կամ դիցուք բրիտանացի տղամարդկանց՝ բանկային աշխատողների, ուսուցիչների հետ, իսկ աֆրիկյան որոշ ժողովուրդների՝ այգեպանների հետ: Հետեւաբար պետք է ԱԲ-ի կողմից ստեղծվող բովանդակությունն անպայման ստուգել, վերահսկել:
«Արհեստական բանականության կիրառումը հայաստանյան մեդիայում. էթիկական նկատառումներ» քաղաքականության համառոտագրի ներկայացման ժամանակ անդրադարձ եղավ այլ էթիկական հարցերի՝ թափանցիկությանը, հեղինակությանը եւ պատասխանատվությանը: Աննա Բարսեղյանը նշեց, որ Ռոյթերս ինստիտուտը պարզել է, որ տարբեր երկրների լսարանները հաճախ պատրաստ չեն ԱԲ-ով ստեղծված բովանդակություն սպառելուն, նրանք դեմ չեն, եթե ԱԲ-ն ստեղծում է, օրինակ, գրաֆիկներ, բայց դեմ են եթե այն օգտագործվում է ռեալիստական պատկերներ կամ տեսանյութեր ստեղծելու համար, հետեւաբար ԶԼՄ-ները պետք է նշեն, թե ինչի համար են օգտագործել ԱԲ-ն տվյալ բովանդակությունը պատրաստելիս: Բազմաթիվ ԶԼՄ-ներ եւ մեդիակազմակերպություններ ընդունում են ուղեցույցներ, թե ինչպես պետք է կիրառել ԱԲ-ն մեդիայում: Հայաստանյան դիտորդ մարմինը եւս ուղեցույց է մշակել, թե ինչպես պետք է օգտագործել ԱԲ-ն, որը համապատասխանում է միջազգային բոլոր ուղեցույցների պահանջներին:
«Արհեստական բանականության կիրառումը հայաստանյան մեդիայում. էթիկական նկատառումներ» քաղաքականության համառոտագիրը ներկայացնելիս առաջարկ եղավ, որ ամեն լրատվամիջոց՝ իրեն համապատասխան ուղեցույց մշակի, որի համաձայն պարտադիր կլինեն ԱԲ-ով գեներացված բովանդակության նկատմամբ մարդկային վերահսկողությունը եւ մակագրությունը, որ դա ստեղծվել է ԱԲ-ի միջոցով եւ ինչու է ԱԲ-ն օգտագործվել դրա համար, կարողությունների զարգացում կապահովի մեդիա աշխատակիցների համար, նաեւ նրանց կտրվի ազատություն, որ լրագրողը պատասխանատու կերպով փորձարկի ԱԲ գործիքները:
Կառավարությանն ուղղված առաջարկության կարեւորագույն կետերն են՝ բարձրացնել ԱԲ գրագիտությունը հանրության շրջանում եւ մեդիայի ներկայացուցիչներին ներգրավել ԱԲ օրենքի մշակման գործում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ