Մեր օրերում, երբ հումորը մարքեթինգային բովանդակությունում լայն տարածում է երաշխավորում, ե՞րբ է «խնդալու» և ե՞րբ է «լացելու» պահը: Արդյոք բրենդները դադարում են էթիկական լինել` վիրուսային տարածվածության ու փառքի համար արշավներում: Ցինիզմը մեմերի մշակույթում թուլացնո՞ւմ, թե՞ ուժեղացնում է արշավի հիմնական ասելիքը: Ի վերջո, ծիծաղո՞ւմ ենք հանդիսատեսի հետ, թե՞ հանդիսատեսի վրա, և այս ամենը ի՞նչ է մեզ հուշում բրենդինգի ապագայի մասին:
Reinvent by Renderforest 2024-ի շրջանակում «ԱքսելՄոնդրիան» (AxelMondrian) հեղինակության կառավարման ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը ելույթ է ունեցել մասնագիտական հանրույթի համար և ներկայացրել թեմայի շրջանակում հետաքրքրական տվյալներ:
Ելույթից առանձնացրել ենք մի քանի փաստեր և թվեր` բովանդակության հանրային նշանակությունը հաշվի առնելով:
Կարդացեք նաև
1.Ըստ սպառողների ընկալումների` գլոբալ բրենդների 4 %-ը հաստատագրված է որպես կատակասեր բրենդ (Jester) իր առաջնային արքետիպով: Ի հակառակ դիրքավորմանը, 32 % -ը հումորը և մեմերը ներառում է պաշտոնական բրենդային հաղորդակցության մեջ, որպես հետևանք ստեղծելով ավելի շատ թրենդ և սեզոնայնություն ու ավելի քիչ ռազմավարական հաղորդակցություն` բրենդների շուկայական արժեքի համատարած նվազեցմամբ:
2.Սոցիալական ցանցերի չափահաս օգտատերերի 74 %-ը կիսում են մեմերը ծիծաղելու համար: 34 %-ն օգտագործում են մեմերը որպես արտահայտչամիջոց կամ մեկնաբանելու ձև: 35 %-ը օգտագործում է մեմը որպես ակնարկելու տարբերակ, և 28 %-ը` երբ համապատասխան բառ չի գտնում: Վերջին հանգամանքը կարևոր է աննկատ չթողնել, քանի որ արտահայտչամիջոցների սակավացումը բերում է նաև մտածելու կարողությունը քիչ յուրացնող հավաքական վարքաբանության:
3.«Վախը ծիծաղի առարկա լինելուց» և «Ծիծաղը որպես վախը հաղթահարելու միջոց» արձանագրված ամենատարածված մոտիվներն են մեմերի մասշտաբայնության դարում: Կարելի է եզրակացնել, որ ավելի շատ վախեր ունեն չափահաս տղամարդիկ, քանի որ այս սեգմենտի 71 %-ն է բարձր ինտենսիվությամբ մեմեր օգտագործում ի հակադրություն չափահաս կանանց 52 % -ի, որոնք որոշակի պարբերականությամբ միմյանց մեմեր են ուղարկում կամ հրապարակում:
4.Թեև Հորատիուս Ֆլակուսն է արձանագրել` ծիծաղը ճշմարտությունն ասելու ու դրա համար չպատժվելու լավագույն տարբերակն է, սակայն հասարակությունը, որտեղ ամեն բան ծիծաղի առարկա է դառնում, ոչ թե ճշմարտության, այլ կազմաքանդող ցինիզմի մեջ է ապրում: Ցանկացած երևույթ անլրջացնելու հետևանքը անիմաստության ու դատարկության մասսայական դրսևորումներ են` դեպրեսիվ ու միայնակ մարդկանց ավելացմամբ:
Հիշեցնենք, որ «ԱքսելՄոնդրիան» ընկերությունը իր գրասենյակը Երևանում բացել է 2022-ից և հանրային կապերի, հեղինակության կառավարման և ստեղծարար հաղորդակցության ծառայություններ է մատուցում Հայաստանում առաջատար ընկերությունների համար: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը հաղորդակցական նախագծերի կառավարման 17 տարվա փորձառություն ունի, հանդիսանում է Կենտրոնական եվրոպական համալսարանի և Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցի շրջանավարտ: Նրա աշխատանքային փորձը ներառում է հանրային նշանակության նախագծերի իրականացում, արշավներ և բրենդինգներ` Հայաստանում, ԵՄ երկրներում և Մերձավոր Արևելքում: