Լրահոս
Օրվա լրահոսը

Սա այն ծառը չէ, որ կոմպակտ սաղարթ ունի ու պաշտպանում է արեւի ճառագայթներից: Ուրբանիզացված Երեւանում սա անթույլատրելի է. Քրիստինա Վարդանյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 26,2024 10:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդեն երկու օր է՝ երեւանցիները չեն ճանաչում Ալեք Մանուկյան փողոցը։ Անգամ 90-ականների ծառահատումներից հետո այս փողոցն այնքան ամայի ու ծառազուրկ չի եղել, ինչքան այս երկու օրերին։ Ֆիզկուլտինստիտուտի հարակից տարածքում, որտեղ հարյուրամյա թեղիներ էին, այժմ անապատ է։ Երեւանի քաղաքապետարանի եւ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ծրագրով, թեղիները փոխարինվելու են ալբիցիաներով։ Այս մասին քաղաքապետարանն օրեր առաջ հաղորդել էր` ասելով, որ սա անցած տարի սկսված «հին ծառերը» նորերով փոխարինելու ծրագրի շարունակությունն է:

«Նշված բույսը նույնիսկ մոտ չէ թեղու փոշին նստեցնելու եւ սաղարթի թափանցիկության պատճառով ՈՒՄ ճառագայթներից ու ջերմությունից բոլորիս պաշտպանելու հատկանիշներին։ Բացի այդ, մեր թռչունների համար սննդի բազա չէ, ի տարբերություն բարձր յուղայնությամբ օժտված թեղիների սերմին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու անդամ, Բժշկական համալսարանի էկոլոգիայի եւ հիգիենայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։ Ըստ նրա՝ ալբիցիաները դեկորատիվ ծառատեսակ են, չունեն սանիտարական ֆունկցիաներ, չեն կարող դիմանալ քամուն, նաեւ ցրտադիմացկուն չեն, փայտը շատ նուրբ է եւ քամուց ջարդվում է։ «20-25 աստիճան ցրտի դեպքում այս բույսերը ցրտահարվում են։ Դրանք շատ ուժեղ հոտ ունեն։ Զանգվածներով տնկում են, եւ այդ հոտի պատճառով մոտենալ չի լինելու։ Սրանք չեն հասկանում, որ կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում, ուրբանիզացված Երեւանում` այն պարագայում, երբ ծով չունենք, կանաչ մակերեսներ չունենք, սա անթույլատրելի է»,- ասում է Քրիստինա Վարդանյանը։

Ալբիցիաները տնկում են այգիներում, պուրակներում, մեկ-մեկ կամ խմբով` ուղղակի դեկոր ստանալու համար։ Դրանք ունեն թափանցիկ սաղարթ, որը հասանելի է արեւի ճառագայթների համար։ «Այսինքն, ասֆալտն այդ ծառերի տակ տաքանալու է։ Սա այն ծառը չէ, որ կոմպակտ սաղարթ ունի ու պաշտպանում է արեւի ճառագայթներից։ Այստեղ նաեւ Երեւանի փոշու խնդիրն է։ Այս բույսը հաճախ վարակվում է սնկային հիվանդություններով, նրա կյանքի տեւողությունը կարճ է։ Անհասկանալի է, մի խոսքով, քաղաքապետարանին հարցերը շատ-շատ են»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930