Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկազուն Ալվրցյան. Փաշինյանը ոչ միայն Ադրբեջանին հերթական խաղաքարտն է տալիս, այլեւ բացահայտում է արդեն իսկ պայմանավորված ծրագիրը. «Հրապարակ»

Նոյեմբեր 26,2024 10:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի Միլի մեջլիսի, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու» նախաձեռնող խումբը հայտարարություն տարածեց՝ մտացածին «Արեւմտյան Ադրբեջանի»  ու Արեւմտյան Հայաստանի միջեւ Փաշինյանի հակագիտական ու թուրք-ադրբեջանական թեզերի զուգահեռի կապակցությամբ։ Բաքվից Արեւմտյան Հայաստանի հիշատակումը համարել են «տարածքային պահանջ» ու խոսել իրենց «վերադարձի արդար իրավունքի» մասին, թե «Արեւմտյան Ադրբեջանի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է, որը ծառայում է էթնիկ զտման ենթարկված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձին Հայաստան»:

Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ուղիղ զավթողական նպատակ հետապնդող ադրբեջանական կեղծ համայնքի հայտարարության մեջ շեշտվում է, թե  «Արեւմտյան Ադրբեջան համայնքը, բազմիցս դիմելով Հայաստանի կառավարությանը, առաջարկել է երկխոսություն սկսել արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի հետ կապված միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ներառյալ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Բաքուն հերթական անգամ բացահայտում է, որ, փաստորեն, ադրբեջանցիների կեղծ «վերադարձի իրավունքի» շուրջ ուղիղ առաջարկներ են արել Փաշինյանին։ Հիշեցնենք․ Հանրայինին տված հարցազրույցում Փաշինյանը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել էր․ «Հիմա մենք նեղվում ենք եւ շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք՝ Արեւմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ ասում են՝ «Արեւմտյան Ադրբեջան», եւ դա մեզ գրգռում է, այդպես էլ, երբ ասում ենք՝ Արեւմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում»։

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանն ուղիղ է գնահատականներում՝ Փաշինյանը ոչ միայն Ադրբեջանին հերթական խաղաքարտն է տալիս, այլեւ բացահայտում է արդեն իսկ պայմանավորված ծրագիրը։ «Նա, այսպես ասած, հասարակական կարծիքն է փորձում ստուգել, ճշգրտումներ անել։ Իր հայտարարությամբ նա ասում է, որ եթե դուք չեք ընդունում, որ սա «Արեւմտյան Ադրբեջան է», ապա թուրքերն էլ շատ ճիշտ են անում, որ չեն ընդունում Արեւմտյան Հայաստանը։ Մեր պատմական տարածքում գոյություն չունեցած Ադրբեջանը նա համեմատում է պատմագիտության մեջ հայտնի, աշխարհի կողմից ընդունված ու գոյություն ունեցող Արեւմտյան Հայաստանի հետ, դնում է հավասարության նշան՝ սրանով շարունակելով պատմական Հայաստանի գաղափարը ոչնչացնելու իր ծրագիրը եւ ուղղակիորեն ուզում է ասել, որ ադրբեջանցիներն իրավունք ունեն այդպիսի պահանջ ունենալու։ Իսկ երբ պետության ղեկավարն է նման հերթական դավադրական հայտարարություն անում, դա նշանակում է` այդ հայտարարությունը հենց այդպես չի արվում, որովհետեւ փաստացի պատերազմի մեջ գտնվող թշնամու ջրաղացին որեւէ ղեկավար հենց այնպես ջուր չի լցնի, եթե նրա հետ համատեղ ծրագրեր չի իրականացնում եւ համախոհ չէ»,- ասում է Ալվրցյանը՝ նկատելով, որ հայ հասարակությունն այլեւս չպետք է զարմանա Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։

«Ի՞նչ չի ասել, որ սա չասի, էլ ի՞նչ պետք է ասեր մեր ժողովրդի ու պետության դեմ, որ հասկանանք՝ նրա նպատակը Հայաստանը ոչնչացնելն է։ Սահմանադրությունից սկսած, մեր հերոսներով ու Արարատով վերջացրած, ամեն ինչ առոչինչ համարեց, հիմա Արեւմտյան Հայաստանը նրա համար ի՞նչ է, որ չանի նման հայտարարություն։ Նա այդպես շարունակելու է, քանի դեռ մենք թույլ կտանք»,- ասում է Հայկազուն Ալվրցյանը։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930