Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Քյարամյանի եւ նրա ընտանիքի հայտարարագրերը՝ նախորդող երեք տարիներին

Նոյեմբեր 26,2024 09:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանի կիրակնօրյա SMS-ների «զոհերից» մեկն էլ ՀՀ Քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանն է, որը հայտնի էր իր սրընթաց, կարելի է ասել՝ գլխապտույտ կարիերային թռիչքներով եւ սկանդալային ընտանեկան պատմություններով:

2024 թվականին հրապարակված հայտարարագրում երեւում է 2023 թվականին առկա նրա ունեցվածքը:

Ըստ այդմ՝ 2023թ. վերջին Արգիշտին ուներ 2010 թ. ժառանգություն ստացած համատեղ սեփականություն՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում, 2016թ. նույն օրը նվիրատվություն ստացած, 3 կտոր հողամաս եւ մեկ առանձնատուն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում, 2016 թ. մեկ այլ հաջողակ օր նվեր ստացած երկու հողամաս Կոտայքում՝ մեկը Ծաղկաձորում, մյուսը՝ Ջրվեժում, եւ մի առանձնատուն՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում, եւ միայն մեկ անշարժ գույք՝ գնված 2011 թվականին՝ Երեւանի Արաբկիր համայնքում՝ ավտոտնակ: Այս ինը կտոր անշարժ գույքը, բացի առաջինից, Քյարամյանինն են՝ միանձնյա սեփականության իրավունքով:

Հիփոթեքով ձեռք բերված բնակարան՝ Քյարամյանի հայտարարագրում չկա:

Որպես տրանսպորտային միջոց՝ Քյարամյանը հայտարարագրել է 2017-ին գնած 2014թ. արտադրության «Մերսեդես Բենցը»:

Քյարամյանն, ըստ հայտարարագրի, ունի 10 հազար դոլարի ավանդ, բանկային հաշիվների վրա՝ 1 մլն-ից քիչ ավելի դրամ: Քննչականի նախկին նախագահը, կարծես թե, չի վստահում ՀՀ բանկային համակարգին եւ նախընտրում է փողը պահել «բարձի տակ»՝ ունի 50 հազար դոլար եւ 52 մլն դրամ կանխիկ գումար: Ընդ որում՝ այդ 50 հազար դոլարը կար ե՛ւ 2023 թվականի հայտարարագրում, ե՛ւ 2022 թվականի: Իսկ կանխիկ դրամով «պարկը» այս երեք տարիների ընթացքում «փքվել է», 2022-ին հայտարարագրված էր 38 մլն դրամ, 2023-ին՝ 42 մլն դրամ:

Քյարամյանների ընտանիքը 2023 թվականին հանգստի վրա ծախսել է 3,5 մլն դրամ, ուսման վրա՝ 2,2 մլն դրամ:

Քյարամյանի կինը՝ նրա չորս անչափահաս երեխաների մայրը, չունի որեւէ անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց, փոխարենը բանկում ունի ընդհանուր առմամբ մոտ 3,5 մլն դրամի եւ մոտ 20 հազար դոլարի չափով ավանդ: Բայց դա չի նշանակում, թե նա, ի տարբերություն ամուսնու, վստահում է մեր բանկային համակարգին: Տիկին Քյարամյանի «բարձի տակ» էլ 29 մլն դրամ եւ 47 հազար դոլարի պահուստային ֆոնդ կա: Նախորդող երկու տարիներին այդ գումարը եղել է 47 000 դոլար, 27 մլն դրամ:

Քյարամյանների հետ է բնակվում նաեւ նրա մայրը, որը, ի տարբերություն Քյարամյանի տիկնոջ, նախորդող տարիներին չէր ներկայացրել հայտարարագիր, սակայն 2024-ին ներկայացրել է միանգամից ե՛ւ 2021-ի, ե՛ւ 2022-ի, ե՛ւ 2023-ի համար:

Ըստ այդ հայտարարագրի՝ հասկանում ենք, որ Արգիշտի Քյարամյանի՝ 2010թ.-ին ժառանգություն ստացած բնակարանը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում, համատեղ սեփականության կարգով տնօրինում է նաեւ նրա մայրը: Ա՛յ, մայր Քյարամյանն, իրապես վստահում է մեր բանկային համակարգին: Նա չունի կանխիկ գումար, փոխարենը բանկերում ունի ընդհանուր հաշվով 125 հազար դոլարի չափով ավանդ: Ընդ որում՝ 2021 եւ 2022 թվականներին այդ ավանդի չափը եղել է 75 հազար դոլար: 2023-ին ավելացել է 50 հազարով:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930