Լրահոս
Օրվա լրահոսը

Ասել, որ Սերժի հետ համագործակցելը երազանք էր, կնշանակի ոչինչ չասել. Վան (Նեմրա) Եղիազարյանը Սերժ Թանկյանի հետ զուգերգի մասին

Նոյեմբեր 26,2024 08:30

Հայկական Nemra խումբը հայտնվել համաշխարհային ամենահայտնի ամսագրերից մեկի՝ Revolver Magazine-ի նոյեմբերի 25-ի թոփ լուրերի մեջ:

Տեղեկատվական առիթն այն է, որ խումբը զուգերգ է թողարկել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ՝ I’m Afraid of Stars/«Ես վախենում եմ աստղերից»:

Nemra խմբի վոկալիստ, կիթառահար եւ երգահան Վան (Նեմրա) Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում հանգամանալից ներկայացրել է Սերժ Թանկյանի ծանոթությունը Նեմրայի երաժշտության հետ: Ներկայացնում ենք մի հատված նրա գրառումից:

«2020 թվականին՝ Covid-ի ամենադեպրեսիվ շրջանում, մենք չէինք դադարում նոր ձայնագրություններ ու տեսահոլովակներ ներկայացնել, թեև բավական ծանր էր ընդհանուր տրամադրությունը, առավելապես Հայաստանում:

Հենց այդ ընթացքում Creative Armenia կազմակերպությունը հայտնեց Սերժ Թանկյանին հարց ուղղելու հնարավորության մասին։ Խմբով ուղարկեցինք մեր հարցերը, կցեցինք նաև «Նարե» երգն ու «Hmm» ալբոմը։ Սերժը պատասխանեց մեր հարցերին և նշեց, որ մեր ալբոմն իրեն դուր է եկել, ու Covid-ի լոքդաունի ընթացքում պատրաստվում է լսել այն: Հետաքրքիր էր, որ ոչ մի խոսք չկար մի քանի միլիոն դիտում ունեցող «Նարե» երգի մասին, ինչը մեզ շատ ուրախացրեց, որովհետև վերջապես մեկը այս ասպարեզից՝ այն էլ մեր ամենասիրելի արտիստը, գնահատեց հենց մեր ստեղծած երգերը անգլերենով ու կենտրոնացավ հենց դրանց վրա:

Ժողովրդական երգերի մեր մշակումները, իհարկե, Nemra-ի անբաժան մասն են կազմում, բայց մեզ համար այնքան էլ ընկալելի չէ, երբ հանդիսատեսը վերամշակումներն առավել բարձր է դասում նորաստեղծ երգերից։

Այսպիսով, սա մեր առաջին շփումն էր Սերժ Թանկյանի հետ, ինչը հնարավոր դարձավ միջնորդ կազմակերպության՝ Creative Armenia-ի միջոցով, որի համար շատ շնորհակալ ենք իրենց:

Որոշ ժամանակ անց մենք նոր single թողարկեցինք՝ «She’s beautiful»-ը, որը թեև մեզ շատ էր դուր եկել, բայց հանդիսատեսի պասիվ արձագանքը հուսահատեցնող էր։ Եվ ես, ինչպես միշտ, ծայրահեղ էմոցիոնալ վիճակում Վասպուրին ու Մարիաննային տեղեկացրի, որ ուրախ էի իրենց հետ ծանոթանալու համար և որ ուզում եմ շատ երկար ժամանակով քնել՝ ցանկություն չունենալով առհասարակ որևէ բան անել: Սակայն առավոտը բարի էր մեզ համար. Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր «She’s beautiful» երգով՝ գրելով «Cool band from Armenia called Nemra» («Նեմրա» անունով հրաշալի խումբ Հայաստանից»)։ Սա կարդալով՝ նախորդ օրվա մտքերս իսպառ կորան։ Ամենամեծ գնահատականը ստացանք, որը նոր հույսեր բերեց իր հետ:

Հետագայում Սերժն իր էջում կիսվեց նաև «Daisy» երգով: Երկու անգամն էլ մեզ համար անսպասելի, շոկային ու միաժամանակ անչափ ուրախալի էր: Այստեղ՝ Հայաստանում, շատերն էին փորձում մեր գործունեությանը թերահավատորեն մոտենալ, և Սերժի աջակցությունը մեզ համար մեծ գնահատական էր այդ կարևոր փուլում…

Առաջին հանդիպումը

Սերժ Թանկյանին առաջին անգամ հանդիպեցինք Starmus փառատոնի ժամանակ՝ համալիրում։ Այդ օրը գլխապտույտ օր էր, նույն բեմում նվագում էինք ռոքի լեգենդների հետ: Մեր ելույթի ժամանակ՝ «Connection lost»-ի սոլոն նվագելիս, նկատեցի Սերժին, որ բեմի կողքին կանգնած մեզ էր լսում: Այդ պահին միակ բանը որ մտածում էի՝ հաստատ կողքից լավ չենք հնչում, երանի դիմացից լսեր…

Ելույթից հետո՝ բեմից դեռ չիջած, Բրայան Մեյը ձեռքը պարզեց, «high five» արեցինք, ողջագուրվեցինք, շնորհավորեց մեզ լավ ելույթի համար, լրիվ ֆիլմի պես էր ամեն ինչ: Ու երբ գնացինք բեմի կողքի հատված, Սերժը դեպի մեզ եկավ, այնպես դիմավորեց՝ կարծես երկար տարիներ մեզ գիտեր, ոնց մենք իրեն, տպավորություն էր, որ մեր հազար տարվա ընկերներից է… Միևնույն ժամանակ մենք չէինք կարողանում այդքան շատ էմոցիաները մարսել: Հստակ հիշում եմ, որ խոսում էինք, բայց չեմ հիշում բովանդակությունը, աղմուկը շատ էր ու շատ մարդ կար։ Նաև հիշում եմ, որ մեծ ցանկություն կար լուսանկարվելու իր հետ, բայց չէինք ուզում շատ ծանրաբեռնել նրան… Ու հանկարծ Սերժն ասում է՝ «բա մի հատ չնկարվե՞նք»… էդ պահը չափազանց տպավորիչ էր ու մեզ համար շատ մեծ բան էր նշանակում…

Երազանքներն իրականանում են, բայց միայն, եթե գնում ես դրանց հետևից

Ասել, որ Սերժի հետ համագործակցելը երազանք էր, կնշանակի ոչինչ չասել: Անցած ճանապարհի մասին այսքան մանրամասնորեն պատմելուս նպատակը հնարավորինս պատկերավոր ներկայացնելն է մեր զգացածը։ Ենթագիտակցության մեջ երբեմն մենք դեռ 2010-2011 թվականների պատանիներն ենք, որ նոր-նոր ենք ստեղծել խումբը։ Ու այդ կետից երբ նայում ենք այս համագործակցությանը, ամեն ինչ պարզապես ֆանտաստիկ է թվում։

Այս տարիների ընթացքում մեր խմբի հաջողությունը մեզ մեծ ինքնավստահություն տվեց, արդեն պարզ ու հստակ գիտեինք՝ ինչ ենք անում, ուր ենք գնում: Հաճախ էինք մտածում Սերժ Թանկյանին առաջարկել համագործակցել, մանավանդ, երբ ինքը ցույց տվեց իր սերը մեր խմբի հանդեպ, բայց, ամեն դեպքում, վստահ չէինք, որ նման ցանկություն կունենա: Սա բոլորովին չի նշանակում, որ թերագնահատում էինք մեր աշխատանքը, քանի որ միշտ ձայնագրել ենք միայն այն երգերը, որոնք գոնե մեր ճաշակով համարել ենք լավագույնը: Հարցն ավելի շատ այն էր, թե ինչու պետք է այդ մասշտաբի համաշխարհային լեգենդը իր զբաղվածության մեջ ցանկանա այդքան ժամանակ տրամադրել մեզ, բայց…

Երբ ձայնագրում էինք մեր երրորդ ալբոմը (որը կհրապարակենք առաջիկա տարում), մի քանի երգ շատ համապատասխան էր թվում Սերժի ձայնին: Հետաքրքիր է, որ այդ ընթացքում ես կարդում էի նրա ինքնակենսագրական գիրքն ու անընդհատ նմանություն էի գտնում մեր ու իրենց անցած սկզբնական ճանապարհների միջև՝ խմբից մինչև անձնային ձգտումներ և նույնիսկ նախնիների կենսագրություն։ Հենց այս փուլում ինձ համար հստակ դարձավ, որ ես պետք է գրեմ Սերժին: Վերջապես երկար-բարակ մտորումներից հետո գրեցի՝ շատ կարճ ներկայացնելով ասելիքս, ուղարկեցի մի քանի երգ (իրենց առանձին գործիքավորումներով), նշեցի նաև, որ կարծում եմ «I’m afraid of stars»-ը կլիներ լավագույն տարբերակը:

Նամակն ուղարկելուց հետո մտածում էի՝ եթե անգամ պատասխան ստանամ, դա կլինի առնվազն մի շաբաթ հետո… Այնինչ, Սերժ Թանկյանն այդ հարցում ևս ցույց տվեց իր մեծությունը. ժամեր անց ստացա պատասխանը, դա միակ նամակն էր, որը տևեց ժամեր, այլ ոչ մի քանի րոպե, այն էլ, ինչպես ինքն ասաց, այն պատճառով, որ այդ բոլոր երգերը լսել էր մի քանի անգամ:

Սա մեր երաժշտական գործունեության ամենատպավորիչ պահն էր:

Ինձ համար զարմանալի ու շատ ոգևորիչ էր, որ Սերժն իր նամակում ոչ միայն մեր ստեղծագործելուն էր անդրադարձել ու նշել, որ իր համար մեր երգերը հոգեհարազատ են և էսթետիկ, այլև առանձին անդրադարձել էր իմ կիթառ նվագելուն, ինչը մեծ պատիվ էր (ի դեպ, սա առաջին դեպքն էր, երբ ինչ-որ մեկն ինձ նկատեց որպես առանձին կիթառահարի): Այսպիսով, Սերժը գրել էր, որ համաձայն է երգել «I’m afraid of stars»-ը մեզ հետ, միայն թե այդ շրջանում զբաղված է, և կարող է մեկ ամիս անց անդրադառնալ այս հարցին:

Մեր երջանկությանը չափ չկար: Անսահման ուրախացանք, ու զինվեցինք համբերությամբ (թեև առաջին ժամերին անգամ դա մեզ այնքան էլ լավ չէր հաջողվում):

Հենց նույն օրը՝ գիշերը ժամը չորսին, ևս մեկ նամակ ստացա՝ աուդոֆայլերով. Սերժ Թանկյանը երգում էր իմ գրած երգը՝ ամբողջովին վերջնական ձայնագրած, նաև բեք-վոկալի առանձին գծեր ձայնագրած… Անկեղծ ասած, ես վստահ էի, որ երազի մեջ եմ և ուզում էի շարունակել քնել, բայց երազի համար, ինչ-որ երկար էր տևում… «The rest is history»,- ինչպես ասում են ուզբեկները Հիշում եմ, երբ տան մեջ հեռախոսով լսում էի Սերժի ձայնագրությունը, մայրս ասաց՝ «էս ինչ նման ես երգել Թանկյանին, ոնց որ ինքը երգի»…

Դրանից հետո արդեն ամենահետաքրքիր շրջանը սկսվեց. ձայնագրության վրա առցանց աշխատանք, ուղղումներ, միքս, Սերժի հետ անդադար զրույցներ… Վերջապես ստացանք մեր ուզածը, վերջնական տարբերակը բոլորիս սրտով էր: Ուզում եմ նշել, որ անչափ մեծ է Լևոն Հախվերդյանի դերը, ով հիանալի ստացավ նվագախմբի (օրկեստրի) հատվածները և ընդհանուր միքսն ու մասթերինգը: Լևոնը մեր լավ ընկերն է, ում հետ ձայնագրել ենք «Hmm» ալբոմը, և դրանից հետո թողարկված բոլոր single-ները: Միքսի ընթացքում միացնում էինք Սերժի ձայնն ու ամեն անգամ չէինք հավատում, որ մեր երգն է երգում, դժվար էր իր ձայնի փոխարեն այլ մասերում իմ ձայնը դնելը, ձեռքներս չէր գնում կտրել իր հատվածները… Ձայնագրությունից հետո արդեն պետք էր մտածել՝ ինչպես ենք ներկայացնելու երգը լայն լսարանին: Եվ այնպես ստացվեց, որ հենց այդ ամիս մեծ մենահամերգ ունեինք Լոս Անջելեսում՝ Ալեքս թատրոնում: Սերժին հարցրի՝ դեմ չի՞ լինի, եթե կազմակերպենք տեսահոլովակի նկարահանում, և նա շատ լավ ընդունեց առաջարկը:

Եկավ ամենաբարդ պահը՝ ինչպե՞ս Հայաստանից կազմակերպել ամբողջը (այդ ասպարեզում ԱՄՆ-ում կապեր առանձնապես չունեինք): Այս հարցում էլ մեզ օգնության հասավ մեր շատ լավ ընկեր, ռեժիսոր Արթուր Մանուկյանը, ով հեռավար կազմակերպեց տեսահոլովակի ամբողջ նկարահանումը և մեր երգի գաղափարին համահունչ լուծումներ մտածեց: Մենք ունեինք շատ կարճ ժամանակ, մի քանի համերգներ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում և պետք է հասցնեինք վերադառնալ Հայաստան՝ Էրեբունի-Երևանի համերգին մասնակցելու համար: Այնպես որ, պետք էր ամեն ինչ անել, որ թե՛ մեզ, թե՛ Սերժին, թե՛ նկարահանող խմբին հարմար լինեն օրերն ու ժամերը:

Սերժի հետ աշխատելն անսահման մեծ հաճույք էր։ Լինելով շատ խիստ, հստակ ու պրոֆեսիոնալ մասնագետ, մանրակրկիտ քննարկելով ամեն ինչ՝ այս ընթացքում չեղավ մի պահ, որ անհարմար իրավիճակում հայտնվենք: Հիացած էինք իր համեստությամբ ու ճշտապահությամբ: Մեզ համար իսկապես հաճելի էր այս մասշտաբի պրոֆեսիոնալ մարդու հետ աշխատելը։ Սա նաև բացառիկ փորձ էր մեր կարիերայի ընթացքում։

Նկարահանման օրը միայն մի բանի համար էի ափսոսում, որ տեսախցիկի դիմաց երկար աշխատելու արդյունքում շփվելու ժամանակ գրեթե չէր մնում, թեև այնքան բան կար Սերժի հետ խոսելու … Ինչևէ, պետք էր հասցնել հաջորդ օրը վերադառնալ Երևան:

Այնուամենայնիվ, հումորների համար ժամանակ գտանք և, հասցրինք լավ ծիծաղել, և որ ամենակարևորն է, ստեղծեցինք մի բան, որը կարծում եմ հանդիսատեսին շատ դուր կգա ու երկար կապրի։

“I’m afraid of stars”

Երգը գրել եմ մի քանի տարի առաջ։ Գրելու ընթացքում բոլոր էմոցիաներս խառնվել էին իրար ու մարմնովս դող էր անցնում: Երաժշտությունն ու բառերը գրել եմ իրար հետ միասին: Այսպես եղել է նաև մեր «Hmm»-ն ու էլի մի քանի այլ երգեր ստեղծելիս։ Սա մեր հազվադեպ գործերից է, որի երաժշտությունը դաշնամուրով եմ գրել, և մեր միակ ձայնագրությունն է, որտեղ Մարիաննայի փոխարեն ես եմ նվագում դաշնամուրը:

Երգը ժամանակի սահմանափակության ու անկատար երազանքների մասին է: Ժամանակը խլում է մեզնից այն ամենը, ինչ թվում է՝ մեզ է պատկանում։ Իսկ իրականում այդ ժամացույցը մեր գլխում է, ու մենք ենք տնօրինում ինչպես օգտագործել այն:

Երգի հետ կապված շատ զուգադիպություններ եղան, շատ թեմաներ, որոնց անդրադարձել եմ երգում, իմ կյանքում հետո կատարվեցին, այդ պահին կարծես կանխատեսել էի դրանք:

Ի դեպ, երգի բառերը գրելիս չէի պատկերացրել, որ մի օր դուետով պետք է ներկայացնենք այն, բայց վերջին հատվածը կարծես հենց դուետի համար գրված լինի. երկխոսություն երկու ընկերների միջև:

«Հասնելով Աստղերին»

Առաջին անգամ System of a Down լսելուց մինչև Սերժ Թանկյանի հետ համագործակցելը նման էր աննկարագրելի ճամփորդության։

Այն երազանքի հետևից գնալու ու երաժշտության ուժին հավատալու վառ օրինակ է, որն ունակ է միավորել մարդկանց ժամանակի և տարածության մեջ։

«I’m Afraid of Stars»-ը պարզապես երգ չէ. սա պատմություն է մեր ապրածի ու զգացածի մասին՝ երազանքներով լի մանկությունից մինչև անհամար դժվարություններ և աստղերին հասնելու երջանկություն (անգամ, եթե նրանց ձգտելու ճանապարհը լի էր վախերով)։

Համագործակցել Սերժի հետ, որի երաժշտությունը ձևավորեց ռոքի հանդեպ սերն ու ոգեշնչեց ստեղծագործել, բացառիկ ձեռքբերում էր մեզ համար։

Սա իհարկե վերջը չէ, սա մի մեծ երևույթի սկիզբն է:

Երբ այս երգը սկսի շրջագայել աշխարհով մեկ, հույս ունենք՝ այն կոգեշնչի բոլորին այնպես, ինչպես System of a Down-ը ոգեշնչեց մեզ, և կհիշեցնի մարդկանց, որ ոչ մի երազանք չափազանց հեռու չէ, և ոչ մի աստղ անհասանելի չէ։

Թող այս երգը մխիթարի բոլոր նրանց, ովքեր զգում են ժամանակի ծանրությունը։ Նույնիսկ երբ ժամացույցն արձանագրում է ժամանակը, նույնիսկ երբ աստղերն անհասանելի են թվում, հենց երազանքներին հասնելու ձգտումն է օգնում մեզ գործել ժամանակի սահմաններից դուրս…

“I’m afraid of stars”

I’m afraid of stars

They’re gonna fall someday

I’m afraid of light

It can burn my eyes

I’m afraid of dust

In our hearts

I’m afraid of time

It takes what’s mine

Time is over now

But dreams are not over yet

I found the real sinner

The clock inside

Inside my head

I’m dying now again.

Though I died a million times

I’m really tired of it

I can hear my heart is beating fast

I’m a total loser

Though I’ve won the hardest fights

Now I wanna sleep

But I’m afraid I won’t wake up

Time is over now

But dreams are not over yet

I found the real sinner

The clocks inside

Inside our heads

I do believe in love

Though it hurts

We don’t wanna feel

We just forget to use our hearts

You can pray to God

And ask him to take your side

You, people, hate so much

You can’t hide your face behind your mask

Time is over now

But dreams are not over yet

I found the real sinner

The clocks inside

Inside our heads

Time is over now

But dreams are not over yet

I found the real sinner

The clocks inside

Inside our heads

It’s so easy to die

It’s hard to live this life

Let’s kill death my friend

Let’s sing this song to stay alive

‘Cause time is over now

But dreams are not over yet

I found the real sinner

The clocks inside

Inside our heads

Լուսանկարները Վան Նեմրայի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930