Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում անկախ օրենսդիր եւ դատական իշխանություն չկա

Նոյեմբեր 26,2024 10:00

«Երբ պահը եկել է, որ պետք է որեւէ դատավճիռ կայացվի, ասել եմ՝ ելք է պետք այդ գործերին…», – ասում է Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ գործ ունի գործադիր իշխանության ղեկավարը կամ ներկայացուցիչը ինչ-որ բան ասել (իրականում՝ պահանջել) դատավորից: Նրանց միջեւ պաշտոնական շփում՝ ոչ ուղիղ, ոչ միջնորդավորված ընդհանրապես չպիտի լինի: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ հաջորդ տարվա հունվարի 20-ից հետո Դոնալդ Թրամփը զանգի որեւէ դատավորի եւ հարցնի՝ «էն Բայդենի տղու գործն ի՞նչ եղավ, հըլը մի քիչ արագացրե՛ք»: Որքան էլ Թրամփը գռեհիկ եւ անդաստիարակ լինի, նա նման բան չի անի, որովհետեւ դա կհակասի իր երկրի օրենքներին եւ ավանդույթներին:

Եթե Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կարող է աշխատանքից ազատվել վարչապետի հորդորով, խնդրանքով կամ թեկուզ՝ աղաչանքով, դա նշանակում է, որ նա վարչապետի աշխատողն է, ոչ թե անկախ պետական մարմնի ղեկավարը: Իսկ դրանից, իր հերթին, հետեւում է, որ «կարգապահական վարույթների» եւ «լիազորությունները դադարեցնելու» հարցերում այդ մարմինը որոշումներ է կայացնելու կա՛մ քաղաքական դրդապատճառներով, կա՛մ կառավարության ղեկավարի քմահաճույքներով: Քանի որ ներկայիս վարչապետի եւ մնացած ՔՊ-ականների հիմնական գործն է՝ հետեւել, թե Ֆեյսբուքում ով ինչ գրառում է արել եւ ում «լայք» է դրել, շատ հնարավոր է, որ «սխալ գրառումը» կամ «սխալ լայքը» կարող են «լինել» դատավորի հեռացման պատճառ:

Ինչի՞ համար 2015-ին սահմանադրական փոփոխություններով ստեղծվեց ԲԴԽ-ն: Դատավորների եւ դատարանների անկախությունն ապահովելու համար, ավելի պարզ ասած՝ որպեսզի գործադիր իշխանությունը, քաղաքական թիմը ներկայացնող արդարադատության նախարարը չզբաղվի դատավորներով: Բայց քանի որ այս 10 տարիների ընթացքում արդարադատության նախարարի եւ ԲԴԽ նախագահի գործելակերպի միջեւ տարբերություն չկա, եւ երկուսն էլ հավասարապես ենթարկվում էին եւ ենթարկվում են սկզբից նախագահին, իսկ այնուհետեւ վարչապետին, ԲԴԽ ինստիտուտը կարելի է սահմանադրությամբ չամրագրել: Հանրային խորհրդի նման մի բան է՝ անունը կա, ամանումը չկա:

Եթե գործադիր իշխանության ղեկավարը կարող է օրենսդիր իշխանության ներկայացուցչին «խնդրել», որ նա հրաժարվի մանդատից, ուրեմն օրենսդիր իշխանություն, ըստ էության, նույնպես չկա: Կան պալատական ծառաների տարբեր խմբեր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930