Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչ ուժը դարձել է ոսկերչական ապրանքների արտահանումը, բայց այն ոչ թե տեղական ներուժի հաշվին է, այլ Ռուսաստանից հումքը ներմուծվում է, ապա վերաարտահանվում. «Փաստ»

Նոյեմբեր 26,2024 09:30

Այս երեք տարվա ընթացքում մեր տնտեսությունն էական կախման մեջ է հայտնվել արտածին գործոնների ազդեցությունից։ Իսկ դրանք շատ խաբուսիկ են և ամեն պահի կարող են փոփոխության ենթարկվել։ Օրինակ՝ երբ Արևմուտքից խիստ քայլեր ձեռնարկեն, որ Հայաստանը դադարի տարանցիկ գոտու դեր ունենալուց, ապա հայկական տնտեսությունը կարող է ուղղակի սուզվել։ Կամ՝ Ռուսաստանը կարող է որոշակի սահմանափակող քայլերի դիմել, ու հայկական տնտեսությունը հուժկու հարված կստանա։ Խնդիրն այն է, որ տարիների ընթացքում երկրի ներքին տնտեսական պոտենցիալը չի ձևավորվել, որ հայկական ապրանքներն ու ծառայություններն իրենց տեղն ունենան միաժամանակ տարբեր երկրների շուկաներում։ Այս պայմաններում ապրիլից սկսած Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչ ուժը դարձել է ոսկերչական ապրանքների արտահանումը, բայց այն ոչ թե տեղական ներուժի հաշվին է, այլ Ռուսաստանից հումքը ներմուծվում է, ապա վերաարտահանվում՝ արդեն հայկական ապրանքի անվան տակ։

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով, 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված 4,1 մլրդ դոլարի ոսկու (59 տոննա) 64 %-ը արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ մնացած մասը՝ Հոնկոնգ ու Չինաստան։ Սակայն վերջին շրջանում ոսկերչական ապրանքների արտահանումը նվազման միտումներ է ցուցաբերում։ Եվ եթե դրան գումարում ենք նաև այն հանգամանքը, որ տնտեսության որոշ ուղղություններում էլ բացասական միտումներ են գրանցվում, ապա պատկերը կարող է աստիճանաբար դժնդակ դառնալ։ Պատահական չէ, որ արդյունաբերության՝ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից սկիզբ առած բարձր աճի տեմպերն ապրիլից սկսել են կտրուկ դանդաղել՝ հիմնականում պայմանավորված ոսկերչական արտադրատեսակների և հիմնային մետաղների արտադրության աճի տեմպերի դանդաղմամբ։

Ուշագրավ է, որ ընթացիկ տարվա մայիսից, ընդհանուր առմամբ, արտահանման ու ներմուծման աճի տեմպերը կտրուկ դանդաղել են՝ հիմնականում պայմանավորված ոսկու վերաարտահանման ծավալների շեշտակի կրճատմամբ։ Տնտեսական աճի տեմպերի դանդաղումը նույնպես զգալի է։ Վիճակագրական տվյալների համաձայն, 2024 թ. առաջին եռամսյակում այն կազմել է 6,6 %՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11,8 %-ի դիմաց, երկրորդ եռամսյակում այն 6,4 % է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9,3 %-ի դիմաց, իսկ երրորդ եռամսյակում, նախնական տվյալների համաձայն, 5,2 % է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7,4 %-ի դիմաց։

Տնտեսական ակտիվության էական դանդաղումն իրապես մտահոգության տեղիք է տալիս, քանի որ այս տեմպը ինչ-որ մի պահից կարող է հանգեցնել նաև տնտեսական անկման։ Իսկ կառավարությունը տնտեսության համար խթանող ներարկումներ կատարելու փոխարեն խստացնում է հարկային քաղաքականությունը՝ ավելի բարդացնելով տնտեսվարողների գործունեությունը։

Դրա արդյունքում էլ պայմաններ են ստեղծվում, որ հայկական ծառայությունների ու ապրանքների գները բարձրանան, ու դրանք դառնան ոչ այնքան մրցունակ:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930