ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նպատակահարմար չի գտնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից մանրամասներ ներկայացնել:
Նա Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այդ հանդիպման արդյունքում չէ, որ մանդատը վայր դնել-չդնելու մասին որոշման հրապարակումը հետաձգել է: Իսկ թե ում նախաձեռնությունն է եղել այդ հանդիպումը՝ ի՞ր, թե՞ Ալեն Սիմոնյանինը, պատգամավորը եւս նպատակահարմար չգտավ ասել:
Մեր հարցին, իսկ եթե չհանդիպեիք Ալեն Սիմոնյանի հետ, ինչ որոշում էիք այսօր երեկոյան 18:00-ին հրապարակելու, պարոն Աղազարյանը պատասխանեց. «Դե որ դուք ամեն բան չգիտեք, հետեւաբար, ես իմ որոշումները կայացնում եմ այն ամեն բանի հիման վրա, որ գիտեմ, իսկ դուք ամեն բան չգիտեք: Հետեւաբար, իմ որոշումը պայմանավորված չէ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմամբ, ուրիշ փաստարկներ կան, որոնք ինձ ստիպում են եւս մի քիչ մտածել»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն հնարավոր է՝ մանդատը վայր չդնե՞ք, ի պատասխան պատգամավորն ասաց. «Ես այդ հարցին չեմ պատասխանի, որովհետեւ այդ հարցին պատասխանել, նշանակում է պատասխանել այն բուն հարցին, որին հետապնդում եք: Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»:
Կարդացեք նաև
Հովիկ Աղազարյանն ավելի վաղ լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն իրեն մանդատը վայր դնելու հորդոր կամ խնդրանք ներկայացնելուց առաջ պետք է հիմնավորի՝ ինչու: Մենք պարոն Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանը մանդատը վայր դնելու խնդրանքով նրան հիմնավորե՞լ է՝ ինչու պետք է վայր դնի: Ի պատասխան Հովիկ Աղազարյանն ասաց. «Չեմ կարող պատասխանել այդ հարցին»:
Իսկ թե որոշումը Հովիկ Աղազարյանը երբ կկայացնի ու երբ կհրապարակի, ասաց՝ ինքն էլ դեռ չգիտի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ