Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, դերասանուհի Տաթև Հովակիմյանը այս տարվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, որ պատահաբար ականատես է դառնում շներին կռվեցնող խմբի գործողությունների:
Ինչպես արդեն հայտնել էինք, նա շաբաթներ առաջ հաղորդում է ներկայացրել շներ կռվեցնելու հերթական դեպքի մասին:
Մեզ հետ զրույցում պատմեց, որ Գյումրի էր մեկնում, երբ ճանապարհին նկատեցին շներ կռվեցնողների խմբի. «Մինչեւ հասանք, այն դիրքին էին բերել, որ երկրորդ անգամ պետք է շներն իրար կպնեին: Շներն արյունլվա, իջա մեքենայից, քաշեցին շներին, տարան, թաքցրեցին, մյուսին անցումն անցկացրին, տարան, պահեցին: Տարածքը հենց Կոշ գյուղում էր՝ մի լքված կառույցի մոտ: Ասում էին, թե չէինք կռվեցնում, բաժանում էինք շներին իրարից: Իրականում ահավոր տեսարան էր: Զանգեցի ոստիկաններին, մինչեւ տեղը գտան, շատ երկար ժամանակ անցավ: Բողոքել եմ՝ նրանց ոչ օպերատիվ աշխատանքից: Ինչ-որ պարեկներ հայտնվեցին, ասացի՝ գիտեք այստեղ շներ են կռվեցնում, ասացին՝ ձեզ կօգնենք, բայց իրենք պտտվեցին, գնացին: Երբ մտա գյուղ, ոնց հասկացա բոլորի համար նորմալ երեւույթ էր, նորություն չէր, ամենաշոկայինն այն էր, որ երեխաներն էլ էին այդտեղ կանգնած նայում»:
Ավագանու անդամն ասաց, որ դեպքի վայրից տեսանյութեր է իրավապահներին հանձնել, բայց մինչեւ հիմա տեղեկություն չունի, կադրերում երեւացող շուն կռվեցնողներից քանիսին են իրավապահները հայտնաբերել: Նա միայն գիտի, որ դեպքի առթիվ կա քրեական վարույթ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ