Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ մինչև հիմա արել ենք, ընդամենը ծաղիկներն են»․ «Գոյ» թատրոնի դերասան

Նոյեմբեր 25,2024 20:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք անձերով չենք պայմանավորել դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Մեր կողմից անձին հետապնդելը կամ կասկածելը չէ։ Սա իրավական կնճռոտ հարց է, որ մեր կողմից կա և անկողմնակալ դիտորդի մոտ կա տպավորություն, որ դատավորն ունի ձևավորված գործողություն, և այն գործողությունները, որ կատարվել են, խոչընդոտելու են հայցի օբյեկտիվ քննությանը»,- Վարչական դատարանում «Գոյ» թատրոնի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի շահերի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը։

Հիշեցնենք՝ «Գոյ» ազգային թատրոնը ՀՀ վարչական դատարան հայց է  ներկայացրել, որով պահանջում է վերակազմավորման ձեւով «Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան թատրոնին միավորելու որոշումն անվավեր ճանաչել եւ երկրորդ պահանջով` ոչ իրավաչափ ճանաչել պատասխանող ԿԳՄՍ նախարարության որոշակի գործողություններ,  որոնք բխում են 701 Ն որոշումից։

Փաստաբանը շեշտեց՝ մեր ցանկությունն է, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի, և սույն գործը՝ որպես նախագահողի այլ անձի հանձնվի։ Նա ասաց, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, մեկնաբանման խնդիր է և հորդորեց սպասել վաղվան․ «Ցանկացած պարագայում ՀՀ-ում մշտապես ակնկալել եմ, որ դատարաններն օբյեկտիվ են և արդար։ Եվ այդ սկզբունքից ելնելով՝ ունենք իրավական պետություն»։

Անդրադառնալով բուն գործին՝ Կարո Ասատրյանն ասաց․ «Այս պահի դրությամբ փաստացի չի կատարվել հանձնում-ընդունում։ Որևէ մեկը նորանշանակ տնօրենին չի տեսել՝ բացի երկու անգամ 10-ական րոպեով։ Ո՞նց կարող է կազմակերպության տնօրեն լինելով՝ ընդհանրապես ոչ փաստաթղթերից տեղյակ լինի, գույքի ոչ թիվն ունենա ու նման կարճ ժամանակում թղթեր ստորագրի։ Հիմա, երբ պետռեգիստրից թղթերն ենք ստացել, մենք արդեն գիտենք, հստակեցում կանենք՝ նաև պետռեգիստրի գործակալության սխալներն ենք վերհանել, որ օրենքի խախտմամբ կամ սխալ կիրառման հետևանքով են այդ գրանցումը կատարել։ Մենք միշտ գիտենք, որ մենք ներկայացրել ենք վիճարկման հայց, ուղղակի դժվար է այդ ամենը ներկայացնել, ապացուցել կողմերին։

Այսօր էլ ականատես եղանք, որ երբ դատարանին խնդրեցինք մատնանշել, թե կոնկրետ ինչ հայցատեսակ է, դատարանն արձանագրեց, որ վիճարկման հայց է։ Պետռեգիստրում իրականացվել է իրավունքի պետական գրանցման դադարեցում, այսինքն՝ լուծարվել է, վերացել է այդ կազմակերպությունը, դրանից բխող են մնացած բոլոր գործողությունները։ Այդ հասցեատերն ո՞վ է, եթե ոչ «Գոյ» կազմակերպությունը։ Իսկ «Գոյը»՝ որպես իրավաբանական անձ չի կարող հանդես գալ, քանի որ կա դեռ չվերացած քաղվածք՝ իրավաբանական անձի պետռեգիստրի թուղթը, այսինքն՝ չի վերացել, բայց այդ թուղթը հենց մենք հիմա վիճարկում ենք։ Ստացվում է, որ սրանից բխող որևէ գործողություն այլևս չի կարող կատարվել։ Նույն իրավահաջորդություն սահմանելը, Կադաստրում իրավունքի գրանցումը, համաձայնագրի կնքումը դրանից բխող է եղել, այսինքն՝ «Գոյը» վերանալուց հետո է եղել»։

Փաստաբանի համար ՀՀ Արդարադատության նախարարության կողմից պատասխանն ընկալելի չէ․ «Սկզբանամասից պարզ է, որ մոտավորապես այն է, որ ես իրավունք չունեմ պարզաբանելու, բայց այնուամենայնիվ, պարզաբանում եմ։ Այսինքն՝ կամ իրավունք ունես, կամ՝ ոչ։ Եթե շահագրգռվածություն չէ դա, ապա էլ ի՞նչ է։ Բոլորին թվում է, թե միջանկյալ լուծումը բարդ, իրավաբանական ծանր հարց է։ Շատ պարզ լուծում է։ Ընդամենը կամքի արտահայտում։ Նախարարությունը՝ որպես պետական մարմին, տիրապետում է իր ենթակայության տակ գտնվող բոլոր մշակութային օջախներին։ Այս բոլոր գույքերը ՀՀ գույքերն են․ ոչ Սունդուկյանինն է, ոչ «Գոյ» թատրոնինը»։

Կարո Ասատրյանը նաև մտահոգություն հայտնեց՝ խոսում ենք ողջամիտ դատաքննության ժամկետների մասին, բայց ուղիղ տարիուկես է քննարկում ենք, թե այս վեճը որտեղի ընդհատության հարց է․ «Չի ստացվում՝ մտնենք բուն վեճի մեջ, ներկայացնենք բուն մեր փաստարկները, ասենք, թե ինչու ենք կարծում, որ կառավարության որոշումը պետք է չլինի, կառավարությունն իր դիրքորոշումը ներկայացնի, և ի վերջո դատարանը որոշում կայացնի։ Մնացածը զուգահեռ կարծում եմ ինչ-որ ճնշելու, մոռացության մատնելու, հեռացնելու գործողություններ են, պայքարը դադարեցնելը ճնշելու մի ձև է»։

«Գոյ» թատրոնի դերասան Գուրգեն Սարգսյանը հայտարարեց․ «Այն, ինչ մինչև հիմա էինք անում, դա ընդամենը ծաղիկներն են։ Իրենք տարիուկեսի ընթացքում հասկացած պիտի լինեին, թե ում հետ գործ ունեն․ մինչև վերջ գնալու ենք։ Թող անակնկալ լինի, ու շատ անակնկալներ են լինելու։ Իրենց նպատակը թատրոնը փակելն է։ Եթե չենք փակում, ութ ամիս է այդ թատրոնը ոչինչ չի անում, մենք դռան դիմաց նստած ենք, բա փակ չի՞ թատրոնը։ Ութ ամսվա մեջ թատրոնում ինչ-որ բան արվե՞լ է, ոչ մի բան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930