Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախկին նախագահի եկամուտներն ու ծախսերը՝ նախորդ երեք տարիների ընթացքում

Նոյեմբեր 25,2024 18:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2021 թվականին՝ մինչ այդ երկու տարի զբաղեցրել էր արդարադատության նախարարի պաշտոնը: Որպես ՊԵԿ նախագահ երեք տարի պաշտոնավարելուց հետո՝ նա հայտնվեց այն պաշտոնյաների ցանկում, որոնց Նիկոլ Փաշինյանը մի կիրակի SMS-ներով  հորդորեց հրաժարվել պաշտոնից:

Ի՞նչ է նա հայտարարագրել 2024-ին՝ 2023 թ. –ի՝ իր եկամուտների, ունեցվածքի եւ ծախսերի վերաբերյալ:

Պարոն Բադասյանի անշարժ գույքը մեկն է՝ 19.11. 2020 թվականին գնված բնակարան Երեւանում՝ Արաբկիր համայնքում՝ որպես միանձնյա սեփականություն: Տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր, թանկարժեք գույք, բանկային ավանդներ, եւ անգամ որեւէ կանխիկ դրամ Բադասյանը չունի: Ունի 25 հազար դրամի կրիպտոարժույթ, 35 եվրո, 259 դոլար եւ 1 մլն 431 հազար դրամ՝ բանկային հաշիվների վրա:

2023-ին Բադասյանն ամուսնացել է, եւ հարսանիքի հյուրերից նվեր է ստացել 950 եվրո, 5300 դոլար, 4 մլն 340 հազար դրամ: Այդ տարի Բադասյանը հանգստի վրա ծախսել է 5,3 մլն դրամ, վարկի մարմանն ուղղել է 6,4 մլն դրամ եւ կատարել է եւս մեկ մեծ ծախս՝ 4,6 մլն դրամի, որի մասին մանրամասներ չկան: 2023-ի դրությամբ Բադասյանն ունի 35 մլն 226 հազար դրամի վարկային պարտավորություն: Նման մեծ գումարով վարկային պարտավորությունը սովորաբար լինում է հիփոթեքով վերցրած տան համար, սակայն 2024թ. հայտարարագրում Բադասյանը չի ներկայացրել նման բնակարան: Բայց այդ բնակարանի մասին տեղեկություն կա Բադասյանի նախորդ երկու տարիների հայտարարագրում: 2023թ. հայտարարագրում կա տեղեկություն ինչպես 2020թ. գնած բնակարանի (միանձնյա սեփականատեր), այնպես էլ դեռեւս սեփականության վկայական չստացած բնակարանի վերաբերյալ՝ դարձյալ Արաբկիրում (ըստ ամենայնի՝ այդ բնակարանի համար է Բադասյանը վարկ վերցրել, որի մայր գումարը 2022-ի վերջում կազմել է 36,668 մլն դրամ):

Իսկ 2022 թվականի հայտարարագրում տեսնում ենք, որ 2021թ. դրությամբ՝ Բադասյանի 2020 թվականին գնված Արաբկիրի բնակարանը ոչ թե միանձնյա սեփականություն է, այլ համատեղ սեփականություն` նախկին կնոջ հետ, ում հայտարարագրում նույնպես տեղեկություն կար հենց այդ՝ 19.11.2020-ին ձեռք բերված բնակարանի մասին: Բադասյանի 2022թ. հայտարարագրում տեղեկություն կա նաեւ Արաբկիրի մյուս՝ ենթադրաբար հիփոթեքով վերցրած բնակարանի վերաբերյալ, որի վարկի մայր գումարը 2021-ի  վերջում կազմում էր 38 մլն դրամից ավելի:

Հետաքրքիր մի փաստի ենք հանդիպում Բադասյանի 2023 թվականի հայտարարագրում: Ըստ այդմ՝ ՊԵԿ նախագահը հանդիսանում է «Թի Ար Լո Ֆըրմ» ՍՊԸ-ի տնօրենն ու 60%-ի սեփականատերը: Այնինչ, 2022թ. հայտարարագրով՝ այդ ընկերության տնօրենն ու 60%-ի սեփականատերը Բադասյանի նախկին կինն էր: Ընդ որում՝ այդ ընկերության սեփականատերն ու հիմնադիրը լինելու առթիվ բավականին աղմուկ էր բարձրացել 2020 թվականին՝ Բադասյանի եւ նրա այդ ժամանակվա կնոջ հասցեին կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախվելու մեղադրանքներ էին հնչել, որոնք հիմնավոր չէին համարվել:

Սակայն այդ ընկերությունը, որը, դատելով ՖԲ էջի ակտիվությունից, հիմա էլ բավականին աշխուժորեն գործում է, Էլեկտրոնային ռեգիստրում ներկայացված իրական շահառուների հայտարարագրերով՝ 2023 թ.-ին 60%-ով, իսկ 2024թ.-ին 100%-ով պատկանում է Բադասյանի նախկին կնոջը: Թե ինչո՞ւ էր այդ ընկերությունը ՊԵԿ նախագահի 2023թ. հայտարարագրում նշված որպես իր սեփականություն, տարօրինակ է: Ընդ որում, Բադասյանի՝ այդ տարվա հայտարարագրում ընտանիքի անդամների մասին տողը դատարկ էր, ինչից կարելի էր ենթադրել, որ նա այդ ժամանակ արդեն ամուսնալուծված էր: Չի բացառվում, որ հայտարարագրում այս գրառման պատճառը ոչ թե նախկին կնոջ ընկերությունը «զավթելն» է, այլ պարզապես հայտարարագիրը ոչ լիարժեք լրացնելն է, ինչը սակայն նույնպես տարօրինակ է, քանի որ հենց այդ կարգի պաշտոնյաների հայտարարագրերը պետք է անթերի լրացված լինեն, որպեսզի մյուս՝ ավելի մանր, կամ՝ ոլորտից պակաս տեղյակ պաշտոնյաները օրինակ վերցնեն:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ.Գ.-Չմոռանանք նկատել, որ ՊԵԿ նախկին ղեկավարը բոլոր երեք տարիներին իր հայտարարագրերում պարտաճանաչորեն նշել է իր կուսակցական պատկանելություն՝ «Քաղաքացիական պայմանագիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930