Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմտյան Հայաստանը միջազգային իրավունքի ու պայմանագրերի մեջ հիշատակված է, պետությունների կողմից ճանաչված՝ այն համատեքստում, որ տեղի է ունեցել ցեղասպանություն»

Նոյեմբեր 25,2024 17:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Տիկին Ալավերդյան, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խոսեց այն մասին, որ հնարավոր է հետ կանչեն Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ներկայացված հայցերը։ Ի՞նչ վտանգ է պարունակում սա։

-Նախ ասեմ, որ ես ընդհանրապես խորշում եմ մեկնաբանել գիտելիքների եւ միջազգային իրավունքի հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունները։ Եվ համարում եմ, որ մենք այդպես էլ չենք կարողանում գտնել այն ձեւաչափը, որով կարող ենք համարժեք ձեւով արձագանքել պատմական ճշմարտության ու իրավունքի հետո որեւէ աղերս չունեցող այդ հայտարարությունները։ Գրեթե հնարավոր չէ մեկնաբանել այդ անձի հայտարարությունները, որովհետեւ մեկնաբանությունը պետք է անես տրամաբանական՝ հենվելով իրավական, պատմական իրողության ու ճշմարտությունների վրա։ Նրա այդ հայտարարությունները հաշվարկված են հետամնացության, անգրագիտության, ես կասեի՝ մարտնչող տգիտության վրա։

-Մենք տեսանք, որ Ադրբեջանը մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ պնդելով, որ «Հայաստանը խախտել է Արցախում էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի իրավունքները»։ Այսինքն՝ նրանք չեն հրաժարվում հայցերից, իսկ հայկական կողմը, այսքան փաստեր ունենալով, նման հայտարարություններ է անում։

-Հայաստանի իշխանության ղեկին գտնվող օրվա իշխանությունները չեն արտահայտում հայաստանանպաստ որեւէ քաղաքականություն, քայլ կամ ծրագիր։ Այդ քաղաքականությունն ամբողջովին սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Եվ այդպիսի քաղաքականությունը կարելի է բնութագրել միայն որպես ցեղասպան թուրքի թերմացք։ Իրենք չեն եկել որեւէ այլ բանի համար, քան այն, ինչ անում են։ Եվ ես կոչ եմ անում՝ եկեք մտածենք ու գտնենք այն ձեւաչափը, որով կբնութագրենք այդպիսի հայտարարությունները։

Նիկոլ Փաշինյանը նաեւ հերթական վտանգավոր հայտարարություններն արեց անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ թեզին՝ նա ասաց «Հիմա մենք նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չենք մտածու՞մ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է»։ Այսինքն՝ այս երկու հարցերը նույն հարթության վրա դնելը որքանո՞վ է ճիշտ։

-«Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը շրջանառության մեջ է դրվել միայն այս տարվա սկզբին, ադրբեջանական հանրապետությունը երբեւիցե այդպիսի բանաձեւ չի օգտագործել։ Դա Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված նորույթ է, Իլհամ Ալիեւի կողմից դա այս տարի շրջանառության մեջ դրված թեզ է։ Ես ունեմ հիմնավոր կասկած, որ դա մտացածին եւ պայմանավորված է Հայաստանի իշխանության ղեկին այսօր նստած մարդկանց հետ։ Ոչ պատմական, ոչ աշխարհագրական, ոչ քաղաքական գրականության մեջ չկա որեւէ այդպիսի եզրույթ։

Իսկ Արեւմտյան Հայաստանն անգամ միջազգային իրավունքի, պայմանագրերի մեջ հիշատակված է՝ ապացուցված բազայով, երկու տասնյակից ավելի պետությունների կողմից ճանաչված՝ հենց այն համատեքստում, որ տեղի է ունեցել ցեղասպանություն եւ հայրենազրկում, մասնավորապես, Արեւմտյան Հայաստանի տարածքում։ Այսինքն՝ այստեղ անգամ համեմատելու բան չկա, բացի նորաստեղծ, ամբողջովին պիղծ թեզը շրջանառության մեջ դնելը։ Այնպես որ, «Արեւմտյան Ադրբեջանն» ու Արեւմտյան Հայաստանը համեմատելը նշանակում է, որ վաղուց նման պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ Ադրբեջանը դա շրջանառության մեջ է դրել։ Մենք գիտենք, որ օրեր առաջ նույն այդ «հիմնավորումը» հնչեցրել էր ադրբեջանցի ներկայացուցիչը։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930