«Ապառաժ». Արցախում, առաջին պատերազմից հետո, բացի հին եկեղեցիների վերանորոգումից, կառուցվել են նաև նոր եկեղեցիներ, որոնցից մեկն էլ Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղում: Այս գյուղի բնակիչների մեծ մասը բնիկ են, նրանց միայն փոքր մասի նախնիները գաղթել են Ղարադաղից։ 1890-ական թվականների սկզբներին այստեղ կար 25 տուն, 203 բնակիչ, իսկ 1897 թվականին 40 տուն, 96 բնակիչ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղը ավերվել է ադրբեջանցիների կողմից, մինչև 44-օրյա պատերազմը Քարագլուխը վերականգնվող գյուղ էր: Շնորհիվ արմատներով քարագլուխցի, Ս.Պետերբուրգի բնակիչ, ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի՝ 2011 թվականին գյուղում մեկնարկել է նոր՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցումը, որն ավարտվել է 2013 թվականին: Եկեղեցին օծվել է նույն թվականի սեպտեմբերի 5-ին:
Եկեղեցին կանգնած է գյուղի բարձունքներից մեկի վրա, ու կարծես թե իշխում է ամբողջ գյուղի և շրջակա տարածքների վրա։
Կենտրոնագմբեթ, տուֆակերտ 6×6 չափերով եկեղեցի է, ութանիստ թմբուկով։ Ունի խորան, մկրտարան և երկու ավանդատուն։ Բարավորի վրա ունի շինարարական արձանագրություն: «Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ Տ․ ՊԱՐԳԵՒԻ ԱՐՔԵՊՍ․ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ ԱՐԴԵԱՄԲ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՄՈՎՍԵՍԻ ԿԱՌՈՒՑԱՒ ՄԱՏՈՒՌՍ ՍԲ․ ՀՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵՏԻ ՅԱՆՈՒՆ ԱԹԱԵԱՆՑ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ Ի ԾԱՂԿՈՒՄՆ ՔԱՐԱԳԼՈՒԽ ԳՅՈՒՂԻ ՅԱՄԻՍ ՏԵԱՌՆ 2013 ՌՆԿԲ»։
Արցախի նորակառույց հուշարձանները Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ապօրինի շինություններ և այդ քողի տակ քանդում են նորաստեղծ մշակութային ու հոգևոր արժեքները, ինչպես Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին ու Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցիները։ Չնայած, ադրբեջանական հակամշակութային մեքենան հողին է հավասարեցրել նաև Շուշիի 19-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ու ամենևին կապ չունի, թե հայկական ժառանգությունը, ո՞ր ժամանակաշրջանն է ներկայացնում։ Հայկական է, ուրեմն ենթակա է ավերման։
Կարդացեք նաև
Քարագլխի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճակատագիրն անհայտ է։
Ա․Հ․