Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ոչ մի պարագայում իշխանության մի թեւի ներկայացուցիչը իրավունք չունի ազդել մյուսի վրա, որովհետեւ դրանցով են ստեղծվում սահմանադրական իշխանության մարմինների հակակշիռները»

Նոյեմբեր 25,2024 16:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով օրերս Հանրային հեռուստաընկերությանը Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին՝ ասաց. «Փաստորեն Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ քաղաքական նահատակությունը՝ միանգամից մի քանի պաշտոնյաների պաշտոնազրկումը, որ տեղի էր ունեցել մի քանի օր առաջ, եղել է իր անձնական որոշմամբ, իր նախաձեռնությամբ: Նա հաստատեց, որ, դա եղել է ըստ էության WhatsApp-ի հաղորդագրությունների միջոցով: Միակ բանը, որ ըստ նրա ճշմարտությանը չի համապատասխանում, այն է, որ մամուլում գրում էին, թե դա գիշերն է տեղի ունեցել, ինքն ասաց, որ դա ցերեկն է եղել:

Բայց փաստորեն խոստովանեց, որ Հայաստանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահին պաշտոնանկ է արել Հայաստանի վարչապետը: Սա ուղիղ ինքնախոստովանական ցուցմունք է ծանր հանցագործության մասին, որովհետեւ ՀՀ-ում իշխանության զավթումը, իշխանության յուրացումը, պաշտոնական լիազորություններից դուրս գործունեություն ծավալելը քրեական օրենսգրքով նկարագրված ծանր հանցագործություններ են, որոնց համար նախատեսվում է մեծ պատիժ: Դրանք սահմանադրական կարգի տապալմանն ուղղված հստակ քայլեր են, որովհետեւ ԲԴԽ-ն անկախ սահմանադրական մարմին է, ինչպես անկախ սահմանադրական մարմին է կառավարությունը: Եվ իշխանության տարանջատման սկզբունքը սահմանադրական կարգի հիմունքներ սահմանող անփոփոխելի հոդվածներից է: Այսինքն, ոչ մի պարագայում իշխանության մի թեւի ներկայացուցիչը իրավունք չունի ազդել մյուսի վրա, որովհետեւ դրանցով են ստեղծվում սահմանադրական իշխանության մարմինների հակակշիռները: Վարչապետը իրավունք չունի պահանջելու ԲԴԽ նախագահի հրաժարականը: Բայց պարզվում է, որ դա այլեւս փաստ է:

Կամ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի կամ քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնները: Ճիշտ է, այդ պաշտոններին նշանակում անում է կառավարությունը, բայց այդ պաշտոնների համար կան հստակ պահանջներ, չափորոշիչներ, այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով եւ այդ պաշտոնը զբաղեցնող մարդը գործում է ինքնավար: Դրանք օրենքով սահմանված ինքնավար պաշտոններ են, այսինքն՝ չունեն որեւէ ենթակայություն: Ինքնավար պաշտոնի գործունեությանը որեւէ միջամտություն, հանցագործություն է: Ու այս մարդը շատ հանգիստ նստել է Հանրային հեռուստաընկերությունում ու ազատ խոսում է, թե ինքը ինչ հանցանքներ է գործել»:

Էդգար Ղազարյանը խոսեց նաեւ նույն հարցազրույցում Հայաստանի Հանրապետության սահմանների փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության մասին, որ այդ որոշումն ինքը կայացրել է միանձնյա, թեեւ մեր երկրի սահմանադրության մեջ գրած է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով: «Ինքը սահմանների փոփոխության որոշումը միանձնյա է, որոշել, բայց, ասենք, արագաչափերը դնե՞ն, թե հանեն, ասում է՝ այդ հարցի վերաբերյալ պիտի հանրաքվե անցկացնել: Պատճառն էլ, իբր ինչ-որ երկու տատիկ, որոնց ոչ անունները, ոչ գյուղի անունը չի հրապարակում, իրեն ասել են, թե լավ կլինի, որ իրենց գյուղում արագաչափ լինի»:

Էդգար Ղազարյանը անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից անմիջապես հետո նրա կնոջ արած գրառմանը, թե ինքը պետք է ագրեսիվ պայքար մղի տգիտության դեմ. «Նա լսել է իր ամուսնու հարցազրույցը ու որոշել է պայքարել: Այսինքն, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում «Սրբազան շարժումից» բացի լինի նաեւ «սատանայական շարժում»: Ամենայն անկեղծությամբ եմ ասում. տիկին Աննան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար շատ օգտակար գործ է անում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930