Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրադիտորդները լուծում են Հայաստանի անվտանգության հարցը, Նիկոլ Փաշինյանը երեւի չի գիտակցում եւ վերին աստիճանի անպատասխանատու հայտարարություն է անում»․ Տիգրան Խզմալյան

Նոյեմբեր 25,2024 15:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 «Առավոտի» հարցերին պատասխանել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Տիգրան Խզմալյան

Պարոն Խզմալյան, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բաքվի պահանջին, թե եվրոպացի դիտորդները պետք է դուրս բերվեն Հայաստանից, ասաց«Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ՝ ասել ենք՝ եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ։ Այն հատվածը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդներ ունենալու կարիք չկա պարզապես»։ Ի՞նչ վտանգ կարող է լինել, եթե եվրոպացի դիտորդները հեռանան Հայաստանից։

-Եվրոպական կուսակցությունը կտրականապես դեմ է այդ գաղափարին, մենք համարում ենք, որ դա խիստ վտանգավոր է Հայաստանի ֆիզիկական գոյության համար։ Եվ մենք դա նաեւ քաղաքական առումով ենք համարում սխալ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը երեւի չի գիտակցում, որ Հայաստանի արեւելյան սահմանը հանդիսանում է նաեւ եվրոպական քաղաքակրթության արեւելյան սահման։ Եվ դա վերին աստիճանի անպատասխանատու հայտարարություն է։ Փորձել դրանով շոյել Ալիեւի, Պուտինի կամ մեկ այլ բռնապետի ինքնասիրությունը, դա անթույլատրելի եւ անընդունելի դիրքորոշում է։

Նույն հարցազրույցում միաժամանակ ասել, որ ՀՀ իշխանությունն աջակցում է Եվրաքվեին եւ մի քանի րոպե անց ասել, որ հնարավոր է համարում եվրադիտորդների դուրս բերումը սահմաններից, դրանք իրարամերժ հայտարարություններ են։ Համադրել դա մեկ ճառի մեջ, մեղմ ասած, տարօրինակ է։

-Ի՞նչ խնդիր են լուծում Հայաստանում եվրոպացի դիտորդները, եւ ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանություններն այդպես համառորեն պահանջում, որ նրանք հեռանան Հայաստանից։

-Նրանք լուծում են աշխարհաքաղաքական հարց։ Հայաստանի համար դա անվտանգության խնդիր է։ Հիշենք, որ 2022 թվականի նոյեմբերից, երբ նրանք տեղակայվել են Հայաստանում, սկզբում փոքր, իսկ հիմա նաեւ արդեն մեծ քանակով, խոշոր բախումներ չեն եղել։ Եթե մենք երկու տարի առաջ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով արձանագրել ենք ավելի քան 200 զոհ, ապա հիմա մենք զոհեր չունենք։ Բացի դա, կարծում եմ, Եվրամիությունը դա անում է նաեւ սեփական շահերից ելնելով, որովհետեւ Հայաստանի արեւելյան սահմանը Եվրոպայի եւ Ասիայի ժողովրդավարության եւ բռնապետության բաժանարար գիծն է։ Եվ նման աշխարհաքաղաքական գծերի հետ այդքան թեթեւամիտ վարվելը, անգամ հայտարարությունների մակարդակով, անթույլատրելի է։

-Նիկոլ Փաշինյանը հղում է անում սահմանազատման գործընթացին, նշելով, որ եթե սահմանազատում արվի, դիտորդների կարիք այլեւս չի լինի։ Ի՞նչ երաշխիք կա, որ Բաքվի հետո որեւէ պայմանավորվածություն կկատարվի։

-Մենք չունենք որեւէ հիմք՝ դրանում վստահ լինելու։ Հայաստանը խաղաղության կարող է հասնել ոչ թե թղթերի հիման վրա, մենք կարող ենք խաղաղության ունենալ միայն ուժեղի դիրքից հանդես գալով։ Հայաստանի ուժը տվյալ դեպքում ռազմաքաղաքական դաշինքն է, ավելի կոնկրետ՝ Եվրամիության եւ հետագայում նաեւ ՆԱՏՕ-ի անդամակցության կարգավիճակում։ Միայն դա է ապահովելու խաղաղություն եւ Հայաստանի, եւ տարածաշրջանի համար։ Մնացած բոլոր պայմանագրերը փուչ են եւ ինքնախաբկանք։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ European Union Mission in Armenia//x.com էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930