Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի «ԱրմմոնոPlus» փառատոնին. Մարիաննա Մխիթարյան

Նոյեմբեր 25,2024 14:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Կազմակերպիչները այն աննախադեպ են որակում:

«Ինչու ստեղծվեց «ԱրմմոնոPlus»-ը, որովհետեւ «Արմմոնոյի» հիմնական փուլից հետո մենք հասկացանք, որ ստեղծվում են բազմաթիվ ներկայացումներ, եւ մեկ փառատոնի շրջանակում հնարավոր չէ բոլորին ներգրավել ու դրանք ցուցադրել: Այնպես է ստացվում, որ ներկայացումները երբեմն չեն հասցնում պատրաստ լինել «Արմմոնոյի» հիմնական՝ գարնանային փուլին: Դրա համար արդեն 8 տարի ստեղծված է «ԱրմմոնոPlus»-ը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

«ԱրմմոնոPlus»-ը սկզբում տեղական, հայաստանյան փառատոն էր, ավելի դեբյուտային, հիմնականում երիտասարդներին ընդգրկելու համար: Մենք եւ մարզեր էինք գնում, եւ համավարակի ժամանակ մարզերից էինք բերում ներկայացումներ, բայց կյանքը զարգանում է, ամեն ինչ փոփոխվում է, եւ հիմա 8-րդ «Արմմոնո» թատերական փառատոնը դարձել է միջազգային: Մենք կհյուրընկալենք մի քանի միջազգային փառատոնների տնօրենների եւ կունենանք երկու միջազգային ներկայացում»,-ասաց «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրենը: Հույս հայտնեց, որ հաջորդ տարի ավելի ընդգրկուն փառատոն կլինի:

Մարիաննա Մխիթարյանը հավելեց, որ «ԱրմմոնոPlus»-ի համար բեմադրվել է 12 մոնոներկայացում, եւ դրանց առաջնախաղերը կկայանան հենց փառատոնի շրջանակում. «Դրանք բազմերանգ, բազմաժանր գործեր են: Նույնիսկ մի քանի հոգի իրենք են գրել պիեսները, այնպես որ ունենք դրամատուրգիական եւ դերասանական դեբյուտներ: Փառատոնի շրջանակում կունենանք նաեւ այս փառատոնի համար աննախադեպ հանդիպում՝ արհեստական բանականության հետ: Դեկտեմբերի 4 -ին, թատերական ինստիտուտի մագիստրոս Սոնա Խաչատրյանը կներկայացնի «համագործակցությունը» արհեստական բանականության հետ, կլինի պիես, որը գրվել է փառատոնի համար՝ արհեստական բանականության միջոցով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930