Լրահոս
Օրվա լրահոսը

1988-ից մինչեւ 2024թ հոկտեմբերի 31-ը ՀՀ-ում արձանագրվել է 6076 ՄԻԱՎ վարակակիր

Նոյեմբեր 25,2024 14:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«1988թ.-ից դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Ի տարբերություն 1988թ, հիմա մարդկությունն ունի դեղորայք, որով կարող է բուժել, բուժառուին, ՄԻԱՎ ունեցող մարդուն հասցնել այն աստիճանի, որ նա կարողանա լիարժեք առողջ կյանքով ապրել, վարակ չտարածել, անգամ առողջ երեխա ունենալ »,- ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սպարտակ Պետրոսյանը: Նրա ձեւակերպմամբ, կա հիվանդության կառավարման ձեւ, ուղղակի պետք է ժամանակին դիմել եւ հետեւել բժիշկներին:

Սպարտակ Պետրոսյան

Սպարտակ Պետրոսյանը նշեց, որ բոլոր հիվանդություններն ունեն գաղտնի, թաքնված շրջան, սակայն ՄԻԱՎ-ի դեպքում դա կարող է տեւել 10 եւ ավելի տարիներ, մինչդեռ այլ հիվանդությունների դեպքում օրերով եւ ժամերով է հաշվարկվում: Ըստ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի՝ հարկ է, որ ռիսկի խմբում գտնվող մարդիկ ստուգվեն որոշակի պարբերականությամբ: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին տեղեկատվական արշավների շնորհիվ բավականին նվազել է ռիսկի խմբում գտնվող մարդկանց շրջանում ՄԻԱՎ-ի տարածումը: Ցավոք, աճել է ռիսկի խմբում չգտնվողների թիվը:

«ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է 1988թ, այդ ժամանակահատվածից մինչեւ 2024թ հոկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրվել է 6076 ՄԻԱՎ վարակակիր եւ 438 դեպք՝ օտարերկրացիների շրջանում: Այս բուժառուների ճնշող մեծամասնությունը՝ 70 տոկոսը, արական սեռի ներկայացուցիչներ են, դեպքերի 48 տոկոսը հաստատման պահին 25-39 տարիքային խմբում են եղել, այսինքն՝ սա ակտիվ վերարտադրողական սեռական կյանքով ապրող տարիքային խումբն է:

Աննա Մերգելյան

Ինչ վերաբերվում է փոխանցման ուղիներին, հիմնական փոխանցման ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է (76%), երկրորդ տեղում՝ դեպքերի 14%-ը, թմրամիջոցների ներարկային ճանապարհով փոխանցումն է, 7 % է կազմում հոմոսեքսուալ փոխանցման ուղին: Մորից երեխային եւ անհայտ ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերը չնչին տոկոս են կազմում»,-նշեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ Աննա Մերգելյանը:

Նրա խոսքով, վերջին տարիներին ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում այս միտումները փոխվում են. «Օրինակ՝ 2024թ. ընթացքում գրանցված դեպքերի մեջ հետերոսեքսուալ փոխանցման ուղով վարակված դեպքերն 81% են կազմում, երկրորդ եւ երրորդ տեղերը փոխվել են՝ 12% դեպքերում հոմոսեքսուալ փոխանցման ուղին է, 6% դեպքերում թմրամիջոցի ներերակային ճանապարհով փոխանցվողը, 0,5-ական տոկոս են կազմում մորից՝ երեխային եւ անհայտ ճանապարհով փոխանցումները»:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930