Լրահոս
Օրվա լրահոսը

Գրաֆիկական աշխատանքների ուսումնաստեղծագործական առաջին համագործակցությունը կամ ` ինչպես կարելի է անդունդի երկու կողմերի միջև կամուրջ կառուցել

Նոյեմբեր 25,2024 11:27

Ստեղծագործական աշխարհը կյանքի գեղեցիկ դրսևորումները ներկայացնելով, բազում անգամներ անգեղեցիկ ու անհամաձայնեցված ճանապարհներով է անցնում` ոչ թե դիտավորությունների բախման բերումով, այլ անհատականացված տարակարծությունների չափազանց շատության հետևանքով: Որքան էլ ցանկալի, գնահատելի և հիացմունք պատճառող են ստեղծագործական համագործակցության փաստերը, նույնքան հազվադեպ են այդ գործակցությունները, որոնք գործնականում չափազանց քիչ են: Ինչ վերաբերում է գործին «խանգարող» անհատական ու ինքնատիպ մոտեցումներին, դա ընդհանրապես արվեստում և ավելի շեշտված անհատական արվեստում,այս դեպքում` գեղարվեստում, գրեթե պարտադիր պայման է, որը չգրված օրենքի ուժ ունի և առանց ինքնատիպության դրսևորումների չարժե անգամ մուտք գործել ստեղծագործական պրոֆեսիոնալ աշխարհ:

Բնականաբար ինքնատիպությունների այս «փառատոնը» սկսվում է մասնագիտական ուսումնառության հենց սկզբից, երբ ավելի անմշակ ու սուր է դրսևորում արվեստի աշխարհ մուտք գործելու անհատի պատվախնդրությունը, որը հասունացման ժամանակի հետ միասին թեև կորցնում է իր «ամբիցիոզ» սրությունը, բայց ստեղծագործ անհատը այն երբեք չի կորցնում, քանի որ դրա կորցնելը նույնն է, թե իր ստեղծագործական դեմքը կորցնելը: Գեղարվեստի այս խոհանոցային պատկերը սուր է հնչում, սակայն բացահայտ է, որ նույնամիտ մոտեցումները երբեք չեն կարողանա գեղարվեստական բազմազանություն ապահովել` կյանքի առավել բազմազանությունը ներկայացնելու համար: Ստեղծագործական ուսումնական հաստատությունների համար, թեև պարտադիր է ընդհանրություն ապահովելը, բայց չափազանց դժվար է այնպիսի մի ընդհանուր միջավայր ստեղծելը, որտեղ մեկմեկու օրգանապես միաձուլվում են ընդհանուր պահանջները և անհատական դրսևորումները:

Շատ ավելի դժվար է կրթական տարբեր կարգերի, տարիքային տարբեր շեմերի և շերտերի հաստատությունների համագործակցությունը ու, թերևս դրանով կարելի է բացատրել ուսումնական գեղարվեստական հաստատությունների համատեղ ակցիաների ծայրահեղ հազվադեպ լինելու հանգամանքը կամ գրեթե իսպառ բացակայությունը: Ահա այդպիսի մի բացառիկ, անհնարին թվացող համագործակցություն վերջերս կայացավ Հայաստանի պետական գեղարվեստի ակադեմիայի և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի միջև: Այն դրսևորվեց երկու գեղարվեստաուսումնական հաստատությունների համատեղ մասնակցությամբ իրականացված, որպես կանոն`«առաջին անգամ» հայտարարվող ցուցահանդեսով:

Կարևոր է այն հանգամանքը, որ ցուցահանդեսը կառուցված է երկկողմ գրաֆիկական աշխատանքների հիման վրա: Զուտ լրագրողական չափանիշերով կուզեինք հայտնել, որ գրաֆիկան կերպարվեստում թերևս «ամենաժլատ» արտահայտչամիջոցն է, որտեղ օգտագործվում է միայն գիծ ու շատ ավելի քիչ հանդիպող որևէ շատ ավելի «ժլատ» գույն: Փոխարենը «ցցուն» ու «մերկ» շեշտում է ասելիք-ցուցադրվելիքը, որով ավելի ցայտուն է երևում ստեղծագործող անհատի անզարդ ինքնատիպությունը: Պրոֆեսիոնալները գուցե վիճեն այս մտքի հետ, բայց ընթերցողը թերևս ավելի պարզ կտեսնի գրաֆիկայի ցուցահանդեսի կարևորությունը կամ գերկարևորությունը:

Երկուստեք հաստատություններում ստեղծագործական բազում նեղ մասնագիտացված բաժիններ ունենալով հանդերձ, գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը ժամանակակից ուսումնական պահանջների ամենաբարձր պրոֆեսիոնալ աշխատանքային հիմքն ունի, իսկ քոլեջը նոր է փորձում ձևավորել գրաֆիկայի մասնագիտացված բաժին: Թվում է համատեղում չէր ստացվելու: Ասել է թե` երևակայական անդունդը շատ ավելի խորն է և համագործակցությունը շատ ավելի անհնար:

Արվեստասերի համար, անկասկած ընդհանուր ցուցահանդեսը սպասելի երևույթ է և ցանկալի է, որ այս տեսակ համագործակցությունը ավանդույթի ուժ ստանա: Նրան նեղ մասնագիտական բարդությունները քիչ են հետաքրքրում: Սակայն անվերջանալի դատողությունների փոխարեն շատ ավելի լավ է ներկայացնենք այն զարմանահրաշ գեղարվեստա-ստեղծագործական եռուն մթնոլորտը, որը մինչ ցուցահանդեսը կազմակերպելը տեսականորեն կարելի էր պատկերացնել, որը ցուցահանդեսի կազմակերպմամբ գործնական իրականություն դարձավ և դեռ մինչև ցուցահանդեսի վերջին օրը` նոյեմբերի 28-ը ավելի զարգացող եռուն հետաքրքրություն կունենա ստեղծագործական նոր կյանք մտնող պատանի և երիտասարդ նկարիչների, արվեստասերների ու կերպարվեստասերների համար:

Հատկանշական է, որ ցուցահանդեսին իրենց գործերով մասնակցում են գեղարվեստի, այս դեպքում` կերպարվեստի տարբեր ժանրերում` գեղանկարչության, դիզայնի և կիրառական արվեստի ասպարեզներում ուսում ստացող նոր սկսող և արդեն որոշակի ինքնահաստատման բարդ ճանապարհ անցած ստեղծագործ ուսանողները և ըստ այդմ «դիապազոնի» առումով շատ լայն ընդգրկում ունի գրաֆիկական պատկերացումների անսահման բարդ ու հետաքրքիր աշխարհը: Իսկ տարատարիք ուսանողության դեպքում` այն միշտ թարմ է, միշտ ժամանակակից կամ միշտ գերժամանակակից, միշտ համարձակ, միշտ գերհամարձակ:

Հավելենք, որ «Մեկնարկ և ընթացք» խորագրով ցուցահանդեսը կազմակերպված է գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ և Թով Բոյաջյան» ցուցասրահում: Հրաշալի է, որ մրցում-մրցույթային խճճող վիճակներից ազատագրված է սերտ համագործակից ցուցահանդեսը, որի շնորհիվ ավելի ազատ են գեղարվեստաստեղծագործական ամենաանսպասելի դրսևորումները: Պետք է պետական ու արվեստասիրական ամենամեծ գնահատական-գնահատանքի արժանացնել այս տեսակ համագործակցությունը և երկրի կարող ուժերի կողմից պայմաններ ստեղծել երևույթին ավանդույթի ուժ հաղորդելու համար:

Ուսանող-արվեստագետներին այս անգամ չենք անդրադառնա, բայց տարաշերտ համագործակցության այդ բարդ գործը կյանքի կոչելու համար դրվատանքի խոսք կուզեինք ուղղել ուսումնաստեղծագործական տարբեր տարիք ու կարգավիճակ ունեցող հաստատությունների ղեկավարներին` ՀՊԳԱ ռեկտոր Վարդան Ազատյանին և ԵՓԹԳՔ տնօրեն Աննա Մնացականյանին: Իհարկե անհնարինի չափ դժվար է տարաշերտ համագործակցություն կազմակերպելը, բայց հենց դրանով էլ այն դառնում է բացառիկ:

 Սավել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 Լուսանկարները՝ «Ալբերտ և Թով Բոյաջյան» ցուցասրահից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930