Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը նշել է՝ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը գործուն կերպով կմիանա Եվրասիայում անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի մշակման համատեղ ջանքերին

Նոյեմբեր 25,2024 10:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանը կարծում է, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան. ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:  Այսպես է նա պատասխանել հարցին, թե ՀԱՊԿ-ում իր աշխատանքները սառեցրած Հայաստանը նոյեմբերի 28-ին կմասնակցի՞ Աստանայում կայանալիք նիստին և արդյոք Ռուսաստանը հավատարի՞մ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով։

Կոպիրկինը վստահեցրել է՝ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին`ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով։

«Մենք նաև ակնկալում ենք մեր հայ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական մայրցամաքում հավասար անվտանգության համակարգի մշակման ջանքերին։ Այս գաղափարն առաջ է քաշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին կայացած հանդիպման ժամանակ։ Հարցը բարձրացվել է նաև վերջերս Կազանում՝ BRICS գագաթնաժողովին», – ասել է դեսպանը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ Կոպիրկինն ասել է, որ Մոսկվան շահագրգռված է հնարավորինս շուտ տեսնելու երկու երկրների միջև տևական խաղաղություն։

«Միևնույն ժամանակ, կարևոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի համար «դառը հետևանքների», – ասել է դեսպանը:

Հարցին, թե Ռուսաստանը դեռ պատրա՞ստ է օգնել կողմերին խաղաղության պայմանագրի կնքման հարցում, դեսպանը պատասխանել է․ – «Մենք հստակ տեսնում ենք, որ Երևանի և Բաքվի միջև փոխընդունելի փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է, սակայն Ռուսաստանը պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հիմնված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի վրա։ Նման օգնության ձևերն ու ծավալները պետք է բանակցող կողմերն ընտրեն։ Այս առումով մենք ուրախ ենք, որ հոկտեմբերի 24-ին Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ տեղի ունեցան, ինչը հնարավորություն տվեց օգտակար ազդակ հաղորդել հարաբերությունների կարգավորման երկխոսությանը»։

Ռուսաստանը Հայաստանի հետ ռեկորդային՝ 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն է ակնկալում. նաեւ ասել է ՌԴ դեսպան Կոպիրկինը:

Եթե խոսենք կոնկրետ թվերի մասին, ապա արդեն 2024 թվականի առաջին կիսամյակում երկրների առևտուրը գերազանցել Է 8,3 մլրդ դոլարը՝ ծածկելով ամբողջ 2023 թվականի ցուցանիշները՝ 7,4 մլրդ դոլար։

Նրա խոսքով, երկրներն աշխատում են համատեղ նախագծերի մեկնարկի վրա, որոնք կօգնեն Հայաստանի արդյունաբերության զարգացմանը, կստեղծեն աշխատատեղեր և կավելացնեն բյուջեի մուտքերը:

Ըստ «Ազատության» եւ «Սպուտնիկ Արմենիայի» հրապարակումների

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930