Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, որ առանց Արցախի՝ 29 743 քկմ-ում Հայաստան չկա, այդ Հայաստանը վտանգված է, այդ Հայաստանի վրա բարդելու են մեղքեր»

Նոյեմբեր 25,2024 13:00

«Առավոտի» զրուցակիցն է արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը։

– Պարոն Օսիպյան, Բաքվում անցկացվեց COP29 համաժողովը, որին մասնակցեցին շատ երկրների ներկայացուցիչներ։ Ի՞նչ են ցույց տալիս այս գործընթացները՝ քաղաքակիրթ աշխարհը «կանաչ լույս» է վառո՞ւմ Բաքվի հանցագործ ու ցեղասպան ռեժիմի դեմ։

– Այդ լույսն այնքանով կանաչ չէր, որ եւ ամերիկյան սենատորները, եւ եվրոպական պաշտոնյաներն Ալիեւին մեղադրեցին մարդու իրավունքների խախտման համար։ Բայց մյուս կողմից էլ, այո, միջազգային հանրությունը եւ ՄԱԿ-ը պատշաճ վերաբերմունք ցույց չեն տվել եւ չեն մեղադրել Ալիեւին այնպես, ինչպես պետք է անեին, սա մենք արձանագրում ենք։ Քանի որ հիմա աշխարհը շատ ծանր ու խառը վիճակում է, քանդվում է մի աշխարհակարգ, կառուցվելու է մեկ ուրիշ աշխարհակարգ, նման ժամանակներում միջազգային ինստիտուտները, կանոններն ու իրավունքը թերի են աշխատում կամ ընդհանրապես չեն աշխատում։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի ու Արցախի իշխանություններն անելիք չունեն։

– Արցախցիները բողոքի ցույց արեցին եւ դիմեցին ՄԱԿ-ին, արձագանք կա՞։

– Ոչ, բայց այդ ակցիաներն անարդյունք չեն, որովհետեւ գոնե այդ ահազանգը հնչեցրեցինք, որ մենք հետեւում ենք պրոցեսներին եւ իրենց գործունեությանը եւ տեսնում, որ իրենց խոսքն ու քայլերն իրար չեն համապատասխանում։ Քննադատեցինք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի այցը Բաքու։ Սա, եթե նույնիսկ արձագանքներ չի ստանում, միեւնույն է, պետք է շարունակվի, պետք է քաղաքացիական հասարակություն ձեւավորվի, եւ ակտիվ հրապարակային քաղաքականություն վարելով՝ մենք քայլ առ քայլ պետք է մեր նպատակին հասնենք ու արդարությունը վերականգնենք։

– Դուք ասում եք՝ աշխարհում խառը իրավիճակ է, արդյոք այդ պայմաններում մոռացությա՞ն է մատնվում արցախցիների նկատմամբ իրականացված էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։

– Դա մոռացության մատնված չէ, այս զարգացումներին զուգահեռ մենք տեսնում ենք Շվեյցարիայի խորհրդարանի, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ որոշումները։ Այսինքն՝ այդ ինստիտուտներն աշխատում են, եւ Արցախի հարցը մոռացված չէ։ Ընդհակառակը, կարող է տարօրինակ հնչել, բայց շատ ավելի հարմար պայմաններ են առաջարկվում, որպեսզի Արցախն ինքը ներկայանա բանակցություններին, լինի բանակցային կողմ եւ խոսի իր իրավունքների ու ժողովրդավարական ինքնակառավարման մասին, ինչպես նշված էր Շվեյցարիայի խորհրդարանի որոշման մեջ։ Եվ այն բազմաթիվ հայտարարությունները, որոնցով դատապարտում են Ալիեւին էթնիկ զտումներ իրականացնելու համար, դրանք Արցախին հնարավորություն են տալու, որպեսզի հարցը լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակներում։ Բայց այստեղ ուրիշ խնդիր կա՝ խնդիրը Հայաստանի իշխանություններն են, որոնք ամեն կերպ խոչընդոտում են գործընթացին։ Եվ խնդիրը Արցախի իշխանություններն են, որոնք, վախենալով ՔՊ-ականներից, դավաճանում ու հանձնում են Արցախը։ Այսինքն՝ սա իրենք միասին են անում, Արցախի տապալումը Հայաստանի ու Արցախի իշխանություններն իրար հետ են իրականացնում։ Սա ոչ միայն արցախցիների խնդիրն է, այլ հենց Հայաստանի Հանրապետության խնդիրն է։ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, որ առանց Լեռնային Ղարաբաղի՝ 29 743 քկմ-ում Հայաստան չկա, այդ Հայաստանը վտանգված է, այդ Հայաստանի վրա բարդելու են մեղքեր՝ 30 տարվա էկոցիդ, գենոցիդ։ Բոլոր մեղքերը դնելու են Հայաստսնի վրա, եթե Հայաստանը չի պայքարելու իր իրավունքների համար։ Եթե դու հրաժարվում ես քո իրավունքներից, իրավունքներդ փոխանցում ես թշնամուդ, միջազգային հարաբերություններում ոսկե օրենք կա, դու պատժվելու ես։

– Ի դեպ, մենք արդեն տեսնում ենք դա. Բաքուն միջազգային արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել՝ մեղադրելով Հայաստանին Արցախի էներգառեսուրսների նկատմամբ «Ադրբեջանի իրավունքների խախտման վերաբերյալ»։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

– Այո, իրենք դիմելու են միջազգային դատական ատյաններ ու փորձելու են մեզ մեղադրել։ Իրականում մեզ մեղադրելու տեղ չկա, Հայաստանը պատասխանատու չէ 1992 թվականի պատերազմների հետեւանքների համար, այդ պատասխանատվությունը լրիվ Ադրբեջանի վրա է։ Բայց Ադրբեջանը փորձում է այսպիսի կեղծ մեղադրանքներ ներկայացնել մեզ, որպեսզի հետո ասի՝ կոմպրոմիսի գնացեք, դուք ձեր հայցերը հետ կանչեք միջազգային դատական ատյաններից, մենք էլ մեր հայցերը հետ կկանչենք։ Դա այն դեպքում, երբ մենք հիմնավորումներ ունենք, որ Ալիեւը միջազգային հանցագործ է, իսկ իրենց մեղադրանքները փուչիկ են։ Ալիեւի բլեֆի հիման վրա Արցախը մեզանից վերցրել է եւ բլեֆի հիման վրա Հայաստանն է ուզում վերացնել։ Իսկ Հայաստանի իշխանություններն Արցախի իշխանությունների հետ միասին կատարում են Բաքվի հրամանները։ Փաստորեն, Ալիեւը թելադրում է ե՛ւ Նիկոլին, ե՛ւ Արցախի իշխանություններին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930