Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե գիտահանրամատչելի նյութը առկա է, ապա այն, ի վերջո, ըստ պահանջի պետք է հասնի հասարակության տարբեր խավերին ու անհատներին

Նոյեմբեր 25,2024 12:30

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Գիտության հանրամատչելիացման ու զարգացման վարչության պետ,  մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո ԱԹԱՅԱՆԻ հետ

– Պրն Աթայան, նախ կխնդրեինք ներկայացնել Ձեր ղեկավարած վարչության ստեղծման անհրաժեշտությունը:

– Գիտության հանրամատչելիացման եւ զարգացման ծրագրերի վարչությունը ՀՀ ԳԱԱ-ում ստեղծվել է ս.թ. գարնանը: Եթե լինենք հակիրճ, ապա այն ստեղծվել է հայրենական եւ համաշխարհային գիտության նվաճումների հանրամատչելիացման եւ հանրայնացման, ինչպես նաեւ հասարակության տարբեր խավերի եւ  ինստիտուտների ուշադրությունը դեպի գիտություն սեւեռելու, գիտությունը բառի լայն իմաստով մշակույթի կարեւոր մաս դարձնելու գերնպատակով:

– Ներկայացրեք  խնդրեմ գիտության հանրամատչելիացմամբ զբաղվող կառույցի հիմնական խնդիրները:

– Դրանք մեծաթիվ են: Կնշեմ մի քանի կարեւորի մասին. հանրապետական եւ  միջազգային բնույթի օլիմպիադաների,  մրցումների եւ մրցույթների,  ամառային դպրոցների կազմակերպում, աջակցություն դպրոցականներին, ուսանողներին  եւ  երիտասարդ գիտնականներին, նպատակային աշխատանքի կազմակերպում օժտված երեխաների հետ, դպրոցականների, ուսանողների  ընդգրկում գիտահանրամատչելի եւ գիտաժամանցային միջոցառումներում,  գիտությամբ զբաղվող երիտասարդության խրախուսում, սատարում, պատանիների եւ  երիտասարդության ստեղծագործական ներուժի զարգացում՝ սկսած դպրոցական նստարանից, դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծում եւ գիտական նախագծերի խրախուսում, հանրության շրջանում գիտնականների, գիտական գործունեության նկատմամբ դրական վերաբերմունքի խթանում, սատարում, դաստիարակում, գիտական, հանրամատչելի միջոցառումների, մասնագիտական վերապատրաստման կազմակերպում ուսուցչական հանրության համար, որի շնորհիվ հանրամատչելիացումը կշաղկապվի կազմակերպված ուսուցման հետ ու  վերջնարդյունքում կնպաստի նաեւ սովորողների մասնագիտական կողմնորոշման ու նրանց դեպի գիտական հիմնարար  ուղղություններ ուղղորդմանը, գիտահանրամատչելի բաց դասախոսությունների, կիրառական գիտական արդյունքները հանրայնացնող ցուցահանդեսների,  գիտության տասնօրյակների, շաբաթների կազմակերպում, «նշանավոր գիտնականներ» մատենաշարի, ֆիլմաշարի ստեղծում:

Մի խոսքով, դրանք բազմաթիվ ու բազմաբնույթ են: Այժմ կազմում ենք յուրատիպ գիտության տարեթվերի, գիտական հայտնագործությունների ժամանակագրությունը արտացոլող օրացույց, որը տարվա կտրվածքով պետք է  տարատեսակ զանգվածային միջոցառումներով արտացոլվի:

–  Մենք խոսում ենք գիտության հանրամատչելիացման մասին, իսկ ինչ է այն:

– Բոլորը խոսում են իրենց նախանշած գիտական ուղղության հանրամատչելիացման մասին ու ներկայացնում դասախոսություններ: Ի վերջո գոյություն ունեն ընդգծված մոտեցումներ գիտական նյութի հանրամատչելիացման վերաբերյալ, թե ոչ…

Կարծում եմ այստեղ գոյություն ունի խնդիր,  թե ինչպես ներկայացնել հանրամատչելիացումն ասենք՝ փիլիսոփայության, մանկավարժության, հոգեբանության եւ  այն լեզվի տեսանկյունից, որով իրականացվում է. տվյալ դեպքում` հայոց լեզվի: Կարելի է  փորձել նույնիսկ սահմանումներ ձեւակերպել խնդրո առարկայի վերաբերյալ: Օրինակ, գիտության հանրամատչելիացումը գործընթաց է,  որի շնորհիվ գիտելիքը ժամանակակից, հնարավորինս մատչելի  եւ ամբողջական ձեւով տարածվում եւ ընկալվում է  ընթերցողի/ների/ կողմից:

Գրականության մեջ հաճախ հանդիպում ենք նաեւ հանրամատչելի գիտություն, հետաքրքրաշարժ գիտություն ձեւակերպումներին:

Օրինակ, սերունդներ են դաստիարակվել Յա. Պերելմանի «Հետաքրքրաշարժ ֆիզիկայով», մաթեմատիկայով, որոնք տասնյակ  անգամներով  հրատարակություններ  են ունեցել ու դեռեւս անփոխարինելի են …

Նույն ձեւով կարող ենք խոսել գիտահանրամատչելի հանդեսների, պարբերականների՝  «Քվանտի», «Գիտություն եւ տեխնիկայի» ու նման շատ հայտնի հանդեսների մասին:

Անհրաժեշտ  է նշել, որ հանրամատչելիացման հիմնախնդիրը մեզ մոտ հատուկ ուսումնասիրման ենթարկված չէ: Մի հեղինակ իր ճաշակով գիտական խնդիրը համեմում է  պատմական հետաքրքիր փաստերով, կազմում է  գեղեցիկ շնորհանդես, ու լսարանը դա ընդունում է,  մյուս գիտնականը տեղին ու պարզ համեմատություններով ու ընկալելի հաշվարկներով է կլանում լսարանի ուշադրությունը…

Բոլոր ձեւերն էլ ընդունելի են, բայց կարծում եմ առկախ է հարցը՝  ըստ ուղղությունների ուսումնասիրել ու գտնել պատասխան վերը նշված գիտությունների մոտեցումներով եւ  մեթոդներով:

– Արդյոք նախատեսում եք գիտության հանրամատչելիացման մեթոդական ձեռնարկների եւ այլ գրականության հրատարակում:

– Այո: Բայց ինչպես արդեն նշեցինք, գոյություն ունի խնդիր հենց «Հանրամատչելիացման»  եզրույթի լրիվ, համապարփակ եւ տվյալ գիտական ուղղությանը հարիր բացահայտման եւ համապատասխան ուղղություններով կիրառման ու մոտեցումների առումով: Սրանք զուգահեռ ընթացող գործընթացներ են ու ինչ-որ պահի անկասկած կունենանք այնպիսի ուսումնասիրություններ եւ արդյունքներ, որ հնարավոր կլինի, ինչու ոչ, պատրաստել նաեւ մեթոդական ուղեցույցներ…

– Ավագ սերնդի փորձն ու փորձառությունը մատչելի ձեւով երիտասարդ սերնդին փոխանցելու ինչ հնարավորություններ եք տեսնում:

–  Այժմ, երբ երկրային քաղաքակրթությունը գտնվում է դինամիկ փոփոխությունների ծիրում,  երբ ձեւավորվում է, այսպես կոչված, տեղեկատվական հասարակարգը,  գիտությունն այդ գործընթացներում պետք է ունենա առաջատար դեր: Տեսեք, մոլորակի 8 միլիարդից ավելի բնակչության ճնշող մեծամասնությունը օգտվում է ժամանակակից հեռախոսից, համացանցից, հեռուստատեսությունից եւ այլն: Հարց է  առաջանում՝ նրանց արդյոք հետաքրքրում է,  թե ինչպես են այդ գիտատեխնիկատեխնոլոգիական ուղղությունները զարգացել ու որպես արդյունք յուրաքանչյուր մարդու ձեռքը տվել վերը նշված միջոցները: Չէ՞ որ դրանք անհնարին կլինեին առանց կիսահաղորդչային ֆիզիկայի, նյութագիտության, անկասկած` մաթեմատիկայի ու հարակից գիտությունների զարգացման: Կարծում եմ ժամանակակից մարդը՝ դպրոցականը, երիտասարդը պետք է գոնե իմացական ոչ այնքան խորը մակարդակով դրանց մասին իմանա: Եթե մենք գունավոր հեռուստատեսության գյուտարարներից մեկի` մեր հայրենակից Հովհաննես Ադամյանի մասին շատ չենք խոսում, ինչու ակնկալենք,  որ օտարները կխոսեն…

Այնպես որ, ե՛ւ ավագների, ե՛ւ գործող, հայ ու օտար հայտնի գիտնականների մասին խոսելը,  նրանց գիտական վաստակը կարեւորելը այժմեական է ու կարեւոր…

– Նախատեսո՞ւմ  եք, արդյոք, համագործակցություն արտասահմանյան նմանատիպ կառույցների հետ եւ ի՞նչ տեղ եք տալիս փորձի փոխանակմանը:

–  Ինչպես տեսանք, վերոնշյալ կառույցը ՀՀ ԳԱԱ համակարգում ընդամենը մի քանի ամիս առաջ է ձեւավորվել: Այնպես որ, մեզ անհրաժեշտ կլինի ուրիշների ուսանելի, կուտակած փորձն այդ ուղղությամբ եւ պարզ է, որ մենք ձգտում ենք համագործակցության…

–  Գիտության  հանրամատչելիացման  գաղափարի հանրայնացման ինչ քայլեր եք նախատեսում: Պլանավորո՞ւմ եք, արդյոք, սեփական լրատվամիջոցներ ունենալ եւ համագործակցել ԶԼՄ-ների հետ:

–  Հարցը շատ կարեւոր է: Այո, եթե գիտահանրամատչելի նյութը առկա է, ապա այն ի  վերջո ըստ պահանջի պետք է  հասնի հասարակության տարբեր խավերին ու անհատներին: Այդ գործընթացը ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում ու կազմավորվող տեղեկատվական հասարակության պայմաններում ավելի դյուրին է լուծվում: Այնպես որ, մենք ե՛ւ փորձում ենք համագործակցել գոյություն ունեցող հայրենական լրատվական դաշտի հետ, ե՛ւ կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կունենանք մասնագիտացված կայքեր,  յութուբյան գիտահանրամատչելի թեմատիկայով ալիքներ եւ  այլն: Ուղղակի դրա համար անհրաժեշտ են  նախ համակարգված բովանդակային ու կազմակերպչական բնույթի աշխատանքներ եւ, իհարկե, նաեւ ֆինանսական եւ տեխնիկական հնարավորություններ…

–  Գիտության  հանրամատչելիացումը կնպաստի՞, արդյոք, հասարակության կրթական մակարդակի եւ կրթության արդյունավետության բարձրացմանը:

– Այո,  կնպաստի: Մանկավարժական գիտության մեջ գոյություն ունեն ուսուցման սկզբունքներ ու դրանցից մեկը մատչելիացումն է: Ի  դեպ, ուսուցման մատչելիացման սկզբունքը չի ենթադրում ուսուցման պարզունակ բովանդակություն: Ընդհակառակը, դրա շնորհիվ հարկավոր է ստեղծել ուսումնական այնպիսի իրավիճակ, որտեղ զարգանում են սովորողների որոնողական, ստեղծագործական ընդունակությունները:

Այնպես որ, ե՛ւ հասարակությունը, ե՛ւ  դպրոցն ու կրթական հաստատությունն ընդհանրապես միանշանակ կշահեն,  եթե կարողանան բարդ գիտությունը հնարավորինս մատչելի ձեւով նեկայացնել՝ լսարանի մակարդակին համապատասխան ձեւերով ու մեթոդներով:

– Արդյոք գիտության նկատմամբ սիրո եւ  հետաքրքրության դաստիարակումը մեր հասարակության մեջ անհրաժեշտ բարձրության վրա է գտնվում:

– Եթե այդ հարցը հնչեր նոյեմբերի 11-ից առաջ, իմ պատասխանը ավելի հոռետեսական կլիներ…

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ-ում նշվեց Գիտության համաշխարհային օրը, որը համընկավ ԳԱԱ-ի հիմնադրման 81-րդ տարեդարձի հետ: Երեւի ԳԱԱ նախագահության շենքը միանգամից այդքան աշակերտ, ուսանող ու հյուրեր երբեւէ չի ընդունել:  Բառիս բուն իմաստով շենքի բոլոր դահլիճները, ճեմասրահը, միջանցքները լեփ-լեցուն էին երիտասարդությամբ: Նրանց այդ օրը գիտության նկատմամբ վերաբերմունքն ու սերն էր հավաքել գիտության կաճառ…

Այո,  կարծում եմ բոլոր հնարավորությունները օգտագործելով մենք կարող ենք մատաղ սերնդին, երիտասարդությանը ուղղորդել դեպի գիտություն եւ ունենալ ինքնաբավ հասարակություն, որի կայուն զարգացումը գիտատար տնտեսական հենքի վրա կլինի կառուցված: Կրթությունը եւ գիտությունն այժմ եւ  այսուհետ ցանկացած երկրի համար ազգային անվտանգության հենասյուներ են, մեր պարագայում`առավել եւս:

– Բնագիտական, տեխնիկական, մաթեմատիկական ուղղությունների բովանդակության հանրամատչելիացման եւ արդյունավետ ուսուցման հիմնախնդիրներով վերջին գիտաժողովի ընթացքում Դուք առաջարկեցիք դպրոցներում հիմնադրել աշակերտական գիտական, տեխնիկական ընկերություններ։ Ինչ է այն։

– Այո, այդպիսի առաջարկ իմ կողմից արվեց եւ բավականին երկար քննարկելուց հետո համարյա միաձայն ընդունվեց մասնակիցների կողմից։ Գիտական, տեխնիկական ընկերությունը կամավորության սկզբունքով աշխատող աշակերտական  միավորում է, որտեղ ընդգրկված սովորողները ե՛ւ արտադասարանական, ե՛ւ արտադպրոցական աշխատանքներ են կատարում ըստ նախասիրության ու միաժամանակ գիտական, տեխնիկական ուղղվածությամբ գիտական ուսումնասիրություններ են իրականացնում։ Արդեն իսկ պատրաստ է ընկերության օրինակելի կանոնադրությունը։ Հետաքրքրվողները կարող են այն ունենալ ու միաժամանակ ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն դպրոցում ընկերություն հիմնադրելու համար։ Ի դեպ, ԱԳՏԸ-ն կլինի այն կառույցը, որի հետ դպրոցներում գիտահանրամատչելիացման խնդիրները կարելի է եւ քննարկել, եւ համակարգային ձեւով նրանց հետ աշխատել։

Ա. ՍԵՎԱՉԵՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930