Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրոյենց տոհմի նշանավորները. մեր հոգեկից հարազատը

Նոյեմբեր 25,2024 12:00

Վերհուշի մասունքներ

Ապարա՛ն. Հայոց քարակերտ հուշարձաններով, խունկ ու մոմով օծված եկեղեցիներով, Մեծ հերոսամարտում հաղթած լեռնցիներով, շինականի, մամիկների, հովիվների երգերով (Կոմիտասով՝ աշխարհ տարածված)։ Ապարան անվանումն արտաբերելիս, առաջինը Գեւորգ Մակարյանին եմ հիշում, որի կյանքի լավագույն տարիներն ու տասնամյակները, կյանքի մեծ մասը, ուժը, եռանդը, միտքը նա նվիրաբերեց Ապարանի շրջանի զարգացմանը։ Իր գործունեության սլաքն ուղղեց մարդկանց բարեկեցությանը, Ապարանի եւ շրջանի գյուղերի կառուցմանը, բարեկարգմանն ու կանաչապատմանը՝ որպես ՀԿԿ շրջկոմի հրահանգիչ, պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, քարտուղար եւ վերջապես՝ կուսշրջկոմի առաջին քարտուղար։

Գեւորգ Հմայակի Մակարյան (1924-1989), հայ կուսակցական եւ պետական գործիչ։ Ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը եւ Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը: Աշխատել է ՀԿԿ Ապարանի շրջկոմի հրահանգիչ, պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, քարտուղար, իսկ 1966-73 թթ.՝ ՀԿԿ Ապարանի շրջկոմի առաջին քարտուղար: 1973 թվականից մինչեւ կյանքի վերջ՝ ՀԽՍՀ բնակչության կենցաղային սպասարկման նախարարության կադրերի պատրաստման եւ տեղաբաշխման բաժնի պետ: Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պետական, հասարակական, աշխատանքային բացառիկ գործունեության համար պարգեւատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով։

Երբ հիշողությանս դարակներն եմ պեղում, հայացքիս առջեւ հառնում է մի համով-հոտով, ձայներով լի անմոռանալի պատկեր.

-Սուփրան՝ բացված, սեղանն՝ առատ, տունը՝ հյուրերով լի, հորս քեֆը լավ, ձայնում է մորս.

-Աղջի Վարիկո, մի րոպե եկ, մի բան երգի Գեւորգ Հմայակիչի կենացին։

Ջիվանու, Սազայի, Մահուբի Գեւորգի երգերի ելեւէջները՝ մորս անուշ ձայնով, տարածվում են հյուրասենյակում։ Գեւորգ ձյաձայի (երեխաներիս դիմելաձեւը) աչքերը տամկանում են, փորձում է արտասուքի կաթիլը պահել ակնախոռոչում…

Միջին հասակով, փոքր-ինչ գիրուկ, թխահեր, փարթամ, կամար ունքերով տղամարդ էր։ Առաջին հայացքից խստաբարո, անհաղորդ թվացող, բայց նրան ճանաչողներն ու մտերիմները գիտեին, որ ժայռե կրծքի տակ բարի, փխրուն սիրտ է բաբախում։

Նա գյուղական կյանքի արեւոտ, կանաչ-կարմիր եւ հեքիաթներով լի օրեր չէր ապրել։ Հայրը անմեղ զոհ էր դարձել ստալինյան բռնաճնշումներին, վաղ էր կորցրել մորը եւ միակ եղբորը։ Վիշտը, ցավը, տառապանքը «սիրահարված» էին իրեն. 1973 թ. ավտովթարից զոհվեց քսաներկուամյա կրտսեր որդին՝ Յուրիկը, մի պայծառ, կենսասեր երիտասարդ, որի անփարատելի կորստի վիշտը շարունակ ալիքվում էր կրծքում։

Զուսպ անձ էր, եւ դյուրությամբ չէր արտահայտում հույզերը, սակայն մեր տանը փոխվում էր, եւ մատնում իր հոգեկան ապրումները:

Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել էին Ապարանի շրջանի (ներկայում Արագածոտնի մարզ) Վարդաբլուր գյուղում, Հմայակ Մակարյանի եւ Աբրոյենց Ղազարի դուստր Նարդոս Աբրահամյանի ընտանիքում։ Ընդամենը Ջանգվասարն է բաժանում երկու գյուղերը միմյանցից։ Մանկության տարիներին փոքրիկ Գեւորգը հաճախ էր հյուրընկալվում Գեղարոտում՝ պապոնց տանը, հայրս եւ նա եղբոր եւ քրոջ զավակներ էին…

***

Այնպես լավ եմ հիշում 1966 թ. այն օրը, երբ հայրս ուրախ-ուրախ տուն վերադարձավ եւ պատմեց, որ հորաքրոջ որդին ընտրվել է ՀԿԿ Ապարանի շրջկոմի առաջին քարտուղար։ Բոլորիս ուրախությունը սահման չուներ, հպարտ էինք, որ մեր հարազատը՝ առանց թեւ-թիկունքի, որը հատուկ էր այն տարիներին, իր խելքով եւ ներուժով հասել է նման բարձունքի։ Ափսո՛ս, ծնողները վաղ հեռացան, չապրեցին, չհասցրեցին վայելել որդու մեծությունը, որ Վարդաբլուրի խղճուկ ակութում ծնված իրենց Գեւորգ որդին մեծահամբավ անձ է դարձել։

Կուսակցության իրեն տված ուժը՝ որպես շրջանի թիվ մեկ ղեկավար, նա օգտագործեց բարի նպատակով, օգնեց գյուղին ու գյուղացուն։ Հմուտ տնտեսագետ էր, ծնվել, մեծացել էր գյուղում, եւ լավ գիտեր գյուղի ու գյուղացու հոգսն ու խնդիրները։

Այն տարիներին ոռոգման ջրի կարոտ էր Ապարանը, թեեւ խմելու ջրի պաշարից ապարանցիները բաժին էին հանել նաեւ քաղաքամայր Երեւանին։ Ամայի տարածքները ոռոգել էր հարկավոր։ Կուսշրջկոմի առաջին քարտուղար էր Մակարյանը, երբ շահագործվեց Ապարանի ջրամբարը (1967), որի կառուցման նպատակով հարկադրված էին Քասաղ եւ Զովունի գյուղերի բնակիչներին վերաբնակեցնել երեւանամերձ տարածքում։ Ջրամբարի ջրով Ապարանի լերք ու խանձված, ամայի շատ տարածքներ ոռոգվեցին, բերրիացան։

Նա այն ազնիվ, համեստ ղեկավարներից էր, որ բարձր պաշտոնով իր համար ապարանքներ չի կառուցել (միջանկյալ նշեմ, թե՛ Ապարանում, թե՛ Երեւանում՝ ապրում էին երեք սենյականոց բնակարանում։ Երեւանում ապրում էին որդու բազմանդամ ընտանիքի հետ, այսինքն՝ յոթ անձով՝ երեք սենյակում)։

Թեեւ կյանքի մեծ մասը Մակարյանն աշխատեց կուսակցական մարմիններում, բայց այն ժամանակներում տիրող «խաղի օրենքներին» չտիրապետեց նա։

Հաճախ նշում էր, որ ինքն է քաղաքական արենայում, բայց Ժորժիկն (հայրս) ավելի քաջատեղյակ է իշխող ռեժիմի ճղճիմ հարաբերությունների եւ «խաղի կանոնների» մասին: Ինքը մենակ էր՝ առանց թեւ-թիկունքի։ Ե՛վ Կենտկոմում, ե՛ւ ներքեւի կառույցներում, կային թայֆաբազություն, խմբավորումներ։ Երբեմն՝ այլ աշխատանքի փոխադրելու անվան տակ, կամայականորեն կարող էին ազատել բարձր պաշտոնյաներից խելացիին, ով չէր պատկանում այս ու այն խմբին, որպեսզի նրա տեղը զբաղեցներ «իրենց մարդը»։ Այդպես պատահեց նաեւ Մակարյանի հետ…

1972 թ. մարտի 15-ի ՀԽՍՀ գերագույն խորհրդի հրամանագրով Հայաստանում կազմավորվեցին երեք նոր շրջաններ, որոնց թվում՝ Արագածի շրջանը։ Վերստին փոխվեց մեր մեծ երկրից մնացած փոքր Հայաստանի քարտեզը: Սա ժողովրդական տնտեսության ղեկավարումը կատարելագործելու եւ բնակչության սպասարկումը բարելավելու նպատակ էր հետապնդում:

Այն տարիներին մտածում էին, թե այդպիսով մեծ ուշադրություն կդարձնեն դատարկվող լեռնային գյուղերին, կբարելավեն դրանց կոմունալ-կենցաղային, մշակութային պայմաններն ու սպասարկումը:

Ի՞նչ մտածեին, որ ընդամենը քառորդ դարի կյանք կունենա այդ շրջանը, ցավոք, հենց Հայաստանի անկախության տարիներին Հայաստանը կլքեն հարյուր-հազարավոր հայեր, որոնց թվում՝ մեծաթիվ արագածցիներ, ինչեւէ, սա այլ թեմա է։

Արագածի շրջանը կազմավորվեց Ապարանի (15), Արթիկի (4), Սպիտակի (3) ծայրամասային գյուղերով։ Գյուղերի ընտրության հարցում, կարծեմ սրվել էին Մակարյանի եւ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի հարաբերությունները։

Մակարյանը խնդրել էր, որպեսզի գոնե Մելիք գյուղը, որը հարուստ եւ ազգային ավանդույթները պահող գյուղ էր, մնար Ապարանի կազմում, բայց վերեւում մնացել էին անդրդվելի, բացի այդ, Քոչինյանը որոշել էր Մակարյանին փոխադրել Արագածի կուսշրջկոմի առաջին քարտուղար, որպեսզի Կենտկոմից մեկին գործուղեր Ապարան։ Մակարյանը ի՞նչ պիտի աներ նոր կազմավորվող շրջանում, նա գերադասեց փոխադրվել Երեւան։

***

Թե՛ Ապարանում եւ թե՛ Երեւանում աշխատած տարիներին՝ օրվա հոգսերից լիցքաթափվելու համար, Գեւորգ ձյաձան մտերիմների հետ հաճախ այցելում էր մեզ։ Այն լուրջ, խստաբարո ղեկավարը նաեւ ինչ-որ տեղ տրամադրության մարդ էր, մեր տանը փոխվում էր՝ դառնում կենսասեր։ Տոն էր մեր կյանքում, երբ նա էր այցելում մեզ, երբեմն՝ գիշերակացով։ Մորս, քույրերիս հետ լարված հետեւում էինք նրա սննդակարգին, դեղահաբերի ընդունման ռեժիմին, որովհետեւ որդու կորստից հետո, տառապում էր նաեւ շաքարային դիաբետով։

***

Գեւորգ Մակարյանի մասին մտածելիս, հիշողությանս մեջ վառ են մնացել նրա, Փայլակ հոպարի, հորս, հարեւան Աղանիկի շախմատի, նարդու, «բլոտի» մարտերը մեր տանը:

Առանձնապես Փայլակ հոպարի հետ խաղը շախմատի տախտակի դիմաց թատերական ներկայացումներ էին։ Հիշում եմ, դեռ ոտքը շեմից ներս չդրած, արագ մի պատառ հաց էր ճաշակում, մինչ սուփրան կբացվեր, զանգում էր հորեղբայր Փայլակին.

– Իջիր Ժորժիկի տուն՝ բմբուլներդ քամուն տամ:

Տախտակի առջեւ երկուսն էլ անզիջող էին, բայց հոպարը երբեմն տեղի էր տալիս։ Երբեմն դրամով էին խաղում, վիճակը սրվում էր, երբ Գեւորգը շախմատային քայլը հետ էր վերցնում:

– Է՛, չեղավ Գեւորգ Հմայակիչ,- էդ գողություն է՛, դե լավ, վերցրու, ոչ թե նրա համար, որ առաջին քարտուղար ես, այլ, որ հորքուրիս տղեն ես:

Սուրենը պատմում էր, որ Փայլակից տարած 3 ռուբլին, մինչեւ մահը հայրը պահել է դրամապանակում:

…1989 թ. փետրվարին Գեւորգ Մակարյանի առողջական վիճակը վատթարացել էր՝ ինֆարկտով փոխադրել էին Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որի վարիչն էր ավագ որդին՝ Սուրենը։

Հիշում եմ, որ այն օրերին ես ու եղբայրս՝ Դավիթը, պետք է մեկնեինք Ռուսաստան, Դավիթի ընտանիքին տեսակցության, որը երկրաշարժից հետո՝ հարյուրհազարավոր հայերի թվում, տարհանվել էր Տուափսե, որտեղ 1989 թ. հունվարի 24-ին ծնվեց եղբորս կրտսեր որդին՝ Արամազդը։ Տուափսե թռիչքից առաջ, եղբորս հետ այցելեցինք հիվանդանոց, որը եղավ վերջին հանդիպումը մեր հոգեկից հարազատի հետ։

Գեւորգ Մակարյանը մահկանացուն կնքեց 1989 թ. փետրվարի 27-ին։

Թողել է ամուր արմատ եւ լուսավոր հետագիծ։

***

«Փառք մեզ, որ կարողանում ենք մեծարել, մեծացնել եւ հավատալ, որ կանչում ենք ու հավատում, որ մեր ամենալավերը կհառնեն մեզնից եւ մեզանով»։ Մեծն Հրանտ Մաթեւոսյանի իմաստուն խոսքը վերաբերում է նաեւ Գեւորգ Մակարյանին ու նրա սերունդներին։

Նա տեսավ, ապրեց ավագ որդու՝ Սուրենի մեծությունը, ով Հայաստանում ճանաչված բժիշկ էր, շուրջ չորս տասնամյակ՝ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչը։

Ափսո՛ս չվայելեց հայտնի սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու թոռան՝ Յուրիի համբավը, ով սնվում է արմատների հյութառատ ավիշով, ով չմնաց իր մեծերի ստվերում։ Մեր ամենալավերից մեկն է Յուրին՝ բազմակողմանի զարգացած, հարուստ գիտելիքների տեր, տիրապետում է մի քանի օտար լեզուների, ունի Հիպոկրատին երդում տված բժիշկների մարդկային վեհ հատկանիշները՝ բարություն, կարեկցություն մարդկանց հանդեպ։ Եթե պապի եւ հոր համբավը սահմանափակվում էր Հայաստանով եւ Ռուսաստանով, ապա Յուրին մեծ անուն է ձեռք բերել նաեւ Եվրոպայում, որտեղ անցկացվող գիտաժողովներում հաճախ հանդես է գալիս բժշկագիտության արդի մեթոդների կիրառման ելույթներով։

Ճանաչված բժիշկներ են նաեւ Յուրիի մայրը եւ քույրերը։

Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գերմանիա, Վիսբադեն

«Առավոտ» օրաթերթ
23.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930