Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանշանակ չի կարելի պնդել, որ Դոնալդ Թրամփն ամբողջովին դուրս է գալու Հարավային Կովկասից, որ այս տարածաշրջանն «աչքաթող» է անելու»

Նոյեմբեր 25,2024 13:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ ենթադրվում էր, որ COP29-ին ՀՀ-ի ղեկավարության մասնակցության դիմաց կարող էին որոշ գերիներ ազատ արձակվել, բայց տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում, եւ ամենայն հավանականությամբ այստեղ ինչ-որ բանակցություններ են եղել, բայց դրանք դրական արդյունք չեն ապահովել։

«Կարծում եմ՝ Դոնալդ Թրամփն անկանխատեսելի գործիչ է, եւ միանշանակ չի կարելի պնդել, որ ինքն ամբողջովին դուրս է գալու Հարավային Կովկասից, որ այս տարածաշրջանն աչքաթող է անելու»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ իրավիճակ կստեղծվի Հարավային Կովկասի քաղաքականության առումով ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, քանի որ փորձագիտական կարծիքներ են հնչում, որ հնարավոր է Դոնալդ Թրամփն «աչքաթող» անի Հարավային Կովկասը, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Նա փաստեց՝ իհարկե, նրա առաջին կառավարման ժամկետն այնքան էլ բարենպաստ չէր ՀՀ-ի համար, քանի որ վարում էր մեկուսացման քաղաքականություն՝ հիմնական ուշադրությունը դարձնելով ԱՄՆ ներքին խնդիրների վրա, նաեւ հենց նրա օրոք տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, որի ժամանակ ամերիկյան վարչակազմը չկարողացավ գործուն քայլեր ձեռնարկել պատերազմը դադարեցնելու համար եւ միեւնույն ժամանակ քաղաքագետն ասաց. «Բայց այսպես պնդել միանշանակ, որ նրա երկրորդ ժամկետը լինելու է առաջինի նմանությամբ, ճիշտ չէ, մանավանդ հաշվի առնենք, որ դեռեւս նա պաշտոնի չանցած՝ օրերս հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Բացի այդ, պետք է նկատել, որ նախընտրական շրջանում Թրամփը որոշակի խոստումներ էր տվել հայ համայնքին, ինչը չէր արել 2016-ին։ Այնպես որ, մի քիչ դժվար կլինի միանշանակ պնդել, թե ինչպիսին է լինելու Թրամփի քաղաքականությունը Հարավային Կովկասում եւ ընդհանրապես ՀՀ-ի հետ կապված»։

Փաստեցինք՝ Ադրբեջանը կտրուկ ավելացնում է ռազմական ծախսերը։ Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակայնացրել է եկող տարվա բյուջեի նախագիծը, որով ռազմական եւ անվտանգության ոլորտի ծախսերը նախատեսվում են 8 միլիարդ մանաթ: Բաքուն բացահայտել է նաեւ ծախսերի կառուցվածքը, ինչից պարզ է դարձել, որ հատկացված գումարի կեսից ավելին նախատեսված է ծախսել սպառազինությունների եւ զինամթերքի ու ռազմական տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով: Օրերս էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմաօդային ուժերի հրամանատար Նամիգ Իսլամզադեն այցելել է Չինաստան եւ ներկա գտնվել միջազգային ավիացիոն եւ ավիատիեզերական ցուցահանդեսին: Այս համատեքստում հետաքրքրվեցինք՝ չեք կարծո՞ւմ, որ այս այցը կարող է լուրջ նշանակություն ունենալ տարածաշրջանում ուժերի բաշխվածության՝ Արեւմուտքին հետին պլան մղելու տեղանկյունից եւ եվրասիական թեւի խաղացողների ակտիվացման առումով, Արմեն Վարդանյանն արձագանքեց. «Իրենց գլխավոր շտաբի պետն էլ երեկ Պակիստանում էր։ Զինվորականների այցերը ես ավելի շատ ռազմական համագործակցության տիրույթում կդիտարկեմ, քան քաղաքական։ Իսկ որ Ադրբեջանը փորձում է ավելի շատ դեպի Եվրասիա, Արեւելք գնալ, այս մասով համաձայն եմ։ Իրենք շատ լուրջ խնդիրներ ունեն միջազգային հանրության հետ, որպես բռնապետական ռեժիմ՝ մարդու իրավունքների խախտումների հետ։ Տեսնում ենք, որ Արեւմուտքում նրան չեն ընդունում՝ բացառությամբ մի քանի երկրների, որոնք էներգետիկ կապեր ունեն Ադրբեջանի հետ։ Տեսնում ենք, որ COP29-ին բազմաթիվ ազդեցիկ երկրների ղեկավարներ հրաժարվեցին ժամանել Բաքու։ Ստեղծված պայմաններում Ադրբեջանն ավելի շատ փորձում է իր հայացքն ուղղել դեպի ՌԴ եւ Արեւելք»։

Մեր այն փաստմանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն, այնուամենայնիվ, Բաքվում մասնակցեց COP29-ին, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Նա այն քիչ պաշտոնյաներից էր, որ այցելեց Բաքու, ինչը նաեւ լուրջ քննադատության արժանացավ հենց եվրոպական որոշ շրջանակների կողմից. Ֆրանսիայից եւ Եվրոպական խորհրդարանից քննադատություններ հնչեցին Շառլ Միշելի այս այցի կապակցությամբ։ Իհարկե, դա չի նշանակում, որ միջազգային հանրությունն ամբողջությամբ մեկուսացնելու է Ադրբեջանին, իհարկե, որոշ այցեր կլինեն, Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանեց Բաքու, բայց նաեւ այն, որ լուրջ հակասություններ կան Ադրբեջանի ու Արեւմուտքի միջեւ, սա նույնպես փաստ է, եւ դրա վառ վկայությունն է, որ Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանում հրավիրվել է այդ երկրի ԱԳ նախարարություն, եւ նրան բողոքի նոտա է հղվել»։

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ-ում բացառությամբ մարդկանց մի խմբի, մնացածը հասկանում են, որ Արեւմուտքն ամբողջությամբ չի խզում Ադրբեջանի հետ կապերը, որ Ադրբեջանը, չնայած իր խնդրահարույց ղեկավարությանը, բռնապետական ռեժիմին, որոշակի կարեւորություն ունի նույն Եվրոպայի համար էներգետիկ դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։ Սա բոլոր ռացիոնալ մտածող մարդիկ հասկանում են։ Կան լուրջ տարաձայնություններ եւ խնդիրներ, բայց դրա հետ մեկտեղ Ադրբեջանն ունի որոշակի կարեւորություն Եվրոպայի համար՝ մանավանդ որ, Եվրոպան փորձում է դիվերսիֆիկացնել իր գազի գնումները, եւ Ադրբեջանն այստեղ շատ կարեւոր երկիր է։

Հիշեցրինք՝ չնայած սպասումներին, որ COP29-ին ընդառաջ հնարավոր է հայ ռազմագերիներ ազատ արձակվեն, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ նման բան չկա եւ հետաքրքրվեցինք՝ դեռ իրատեսակա՞ն է այս առումով սպասել լավ նորությունների, թե՝ միայն քաղաքական ճնշման արդյունքում դա կարող է տեղի ունենալ, քաղաքագետը պատասխանեց. «Քաղաքական ճնշում էլ կա, բայց դա բավարար չէ։ Կարծում եմ՝ Բաքուն ավելի մեծ գին է ուզում այդ մարդկանց ազատ արձակման համար, եւ ՀՀ-ն դեռեւս պատրաստ չէ այդ գինը վճարել։ Ենթադրվում էր, որ COP29-ին ՀՀ-ի ղեկավարության մասնակցության դիմաց կարող էին որոշ գերիներ ազատ արձակվել, բայց տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում, եւ ամենայն հավանականությամբ այստեղ ինչ-որ բանակցություններ են եղել, բայց դրանք դրական արդյունք չեն ապահովել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.11.2024

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930