Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադարձ» ակումբը մեկ տարեկան է

Նոյեմբեր 24,2024 23:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրերս Երևանում կայացավ Արցախի Կիոկուշին կարատեի «Վերադարձ» ակումբ ՀԿ-ի հաշվետու մրցույթը՝ նվիրված ակումբի հիմնադրման 1 ամյակին։ Մարզական միջոցառումը մեկնարկել է Արցախի հիմնով։ Մրցույթի ընթացքում ամփոփել են մեկ տարվա գործունեության արդյունքները և շնորհակալագրեր հանձնել իրենց աջակցած կազմակերպություններին և անհատներին։ Մրցույթի հաղթողները պարգևատրվել են  հուշամեդալներով և պատվոգրերով։

«Վերադարձ» ակումբը հիմնադրվել է «Լույս» հիմնադրամի աջակցությամբ՝ սկզբում համախմբելով արցախցի 40, որից հետո՝ 72 պատանի մարզիկներին։ «Վերադարձ» ՀԿ-ի ղեկավար, Արցախի Հանրապետության վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում բազում խոչընդոտների են հանդիպել, բայց կարողացել են ստեղծել ուսումնանյութական բազա։ Մարզադահլիճի խնդիր կար, որի համար դիմել է  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին և նրա միջնորդությամբ Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի մարզադահլիճում անցկացնում պարապմունքները։ Մարզչի խոսքով՝ իրենց այդ դպրոցում ջերմ են ընդունել, և համագործակցության արդյունքում կազմակերպել են մարզական միջոցառումը։ Մարզագույքի և սպորտային հագուստի հարցում  աջակցել են Արմեն Պետրոսյանի ընկերները, իսկ մարզումներն անց են կացվում անվճար։ Մարզիչը ցավով է նշում, որ մայրաքաղաքում այրել են ակումբի  մարզումների մասին պաստառները։

«Արցախցիների բռնի տեղահանությունից հետո փնտրել եմ մեր երեխաներին, որպեսզի շարունակենք մեր մարզումները։ Մեր նպատակն է՝ կարատեի միջոցով ոչ միայն համախմբել արցախցի երեխաներին և պահպանել մեր բարբառը, այլև պատերազմից հետո օգնել նրանց արագ վերականգնվել»,-ասում է Արմեն Պետրոսյանը։

Ակումբի մարզիկները մասնակցել են տարբեր մրցաշարերին, որոնց ժամանակ արձանագրել են բարձր արդյունքներ և յուրաքանչյուր մրցաշարում ունեցել վեց չեմպիոն։ Արցախից դուրս  Արցախյան մարզական առաջին միջոցառումն են կազմակերպել՝ «Արցախը  մենք ենք» խորագրով։ Արցախցի պատանի մարզիկները մասնակցել են Մոնթե Մելքոնյանի հիշատակին կազմակերպված հուշամրցաշարին, Հայաստանի անկախության տոնին նվիրված մրցաշարին, «Հայաստանի գավաթ» խաղարկությանը, Գյումրիում կայացած «Օյամայի գավաթ» միջազգային առաջնությանը, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության մանկապատանեկան խմբի մարզիկները։

«Փորձել եմ մարզերում ևս խմբեր ունենալ, քանի որ դրա համար ինձ խնդրել են Հրազդանում բնակվող արցախցի պատանիները։ Գրավոր դիմել եմ Հրազդանի համայնքապետարանին, կարելի է ասած՝ կուլտուրական մերժել են։ Ասել են, որ մարզադահլիճը տրամադրում են միայն վարձակալության հիմունքով։ Չնայած բոլոր դժվարություններին և խոչընդոտներին՝ մեր երեխաները պատրաստ են պայքարին, մեր կարգախոսն է՝ «Արցախը մենք ենք», իսկ նպատակը՝ վերադարձ»,-հավելում է Արմեն Պետրոսյանը։

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930