Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամտություն, մանիպուլյատիվ վարքագիծ, էմպաթիայի բացակայություն․ նարցիսիզմի նախանշանները

Նոյեմբեր 24,2024 22:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թեև «նարցիսիզմ» հասկացությունն այնքան հին է, որ հասնում է մինչև հունական դիցաբանություն, իսկ որպես հոգեբանական  տերմին գործածության մեջ է դրվել դեռևս Զիգմունդ Ֆրոյդի կողմից, սակայն այսօր այս բնավորության գիծը կամ խանգարման տեսակն ավելի նկատելի է, և այդ հարցում շատ մեծ է սոցիալական ցանցերի դերը։

Նարցիսիզմն, ըստ էության, ինքնասիրահարվածության ծայրահեղ դրսևորում է, որի պատճառով մարդը սկսում է արհամարհել այլոց հույզերն ու պահանջմունքները։ Յուրաքանչյուրն էլ ժամանակ առ ժամանակ կարող է նարցիսիստական վարք դրսևորել, սակայն իրական նարցիսիզմը բնավորության գիծ լինելուց զատ կարող է հասնել ընդհուպ մինչև անձնային խանգարման։

Անձի վարքագծում նարցիսիզմի առաջացման  պատճառներն անհայտ են․ այս խանգարումը գիտնականները կապում են շրջակա միջավայրի, ժառանգականության, նեյրոկենսաբանության հետ։

Նարցիսը (Նարկիսոս, Նարգիզ) հին հունական դիցաբանության մեջ գետերի աստված Կեֆիսի և նիմֆ Լիրիոպայի որդին էր, որը, մերժելով Էխո նիմֆի սերը, արժանանում է նրա պատժին, և գետում տեսնելով իր արտացոլանքը՝ սիրահարվում է իր իսկ պատկերին։

Նարցիսիզմի նախանշաններ ունեցող մարդիկ հաճախ շատ հմայիչ ու հարիզմատիկ են և հարաբերությունների սկզբում, սովորաբար, դրական վարքագիծ են դրսևորում։ Նրանք սիրում են շրջապատել իրենց այնպիսի մարդկանցով, որոնք գոհացնում են իրենց էգոն։ Հարաբերությունները, սովորաբար, կառուցվում են այնպես, որպեսզի ամրապնդվեն սեփական եսի գերակայության մասին պատկերացումները։

Արևմտյան գրականությունում նարցիսիզմը երկու տեսակի է բաժանվում՝

«Մեծ նարցիսիզմ»

Այս բնորոշմանն առնչվում են այն մարդիկ, որոնց ամենայն հավանականությամբ մանկության շրջանում վերաբերվել են այնպես, կարծես թե իրենք առավել են մյուսներից։ Այդ մարդիկ, սովորաբար, ագրեսիվ են, փառամոլ, գերակայություն են դրսևորում շրջապատի նկատմամբ ու չափազանցնում են իրենց նշանակությունը։ Նրանք հակված են պարծենկոտության, չափազանց ինքնավստահ են ու անզգա։  

«Խոցելի նարցիսիզմ»

Այս տիպի նարցիսիզմը, սովորաբար, մանկության շրջանում անտեսվածության, բռնությունների հետևանք է, որի դեպքում մարդիկ ավելի զգայուն են դառնում, իսկ նարցիստիկ վարքագիծն օգնում է նրանց հաղթահարել անլիարժեքության զգացումը։ Այս վարքագծին բնորոշ է վիրավորանքը կամ տագնապն այն դեպքում, երբ մարդիկ, ըստ նարցիսի, իրեն բավարար կերպով լավ չեն վերաբերվում, չեն ընդունում իր առանձնահատուկ լինելը։

Նարցիսիզմի նախանշանները

Նարցիսիզմը կամ նարցիսիստական անձնային խանգարումը դեռևս լիարժեքորեն ուսումնասիրված չէ, քանի որ նարցիսներն ու անձի նարցիսիստական խանգարում ունեցող մարդիկ հիմնականում չեն դիմում բուժման համար։ Սակայն կան նարցիսիստական վարքագծին բնորոշ մի քանի ընդհանուր գծեր, որոնք առավել հաճախ են հանդիպում այս խանգարումն ունեցող մարդկանց շրջանում։ 

Գերակայության զգացում, մեծամտություն, փառամոլություն, նախանձ

Նարցիսները, սովորաբար, մտածում են, որ առավելություն ունեն այլոց նկատմամբ և հատուկ ուշադրության, վերաբերմունքի են արժանի։ Նրանք կարծում են, որ մյուսները պետք է ենթարկվեն իրենց ցանկություններին, սակայն իրենք պարտավոր չեն հաշվի առնել այլոց ցանկությունները։ 

Մանիպուլյատիվ վարքագիծ

Նարցիսներին բնորոշ է մանիպուլյատիվ, վերահսկող վարքագիծը։ Սակայն սկզբում նարցիսը կփորձի գոհացնել դիմացինին ու լավ տպավորություն գործել, այնուհետև իր պահանջմունքներն ամեն դեպքում կգան առաջին պլան։ 

Հիացմունքի սպասում

Նարցիսն առանձնանում է մշտական հիացմունքի, գովեստի սպասումով։ Այդպիսի վարքագիծ ունեցող մարդկանց համար շատ կարևոր է այլոց կողմից ընդունված, գնահատված լինելը, սեփական անձի հանդեպ ուրիշների հիացմունքը զգալը։ 

Էմպաթիայի բացակայություն

Նարցիսիզմի ևս մեկ նախանշան է էմպաթիայի բացակայությունը։ Դա նշանակում է, որ նարցիսը չի ցանկանում կամ չի կարողանում կարեկցել ուրիշներին, հասկանալ նրանց հույզերն ու ապրումակցել նրանց։

Ծանուցում․ նյութն ընդանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։ 

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930