Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայդենը նամակ էր ուղարկում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին, ասում՝ ստորագրեք, Թրամփը ժամանակ է ձգելու»․ Սուրեն Սարգսյան

Նոյեմբեր 24,2024 15:15

«Տարածաշրջանն ինքնին կարևոր է ԱՄՆ-ի համար։ Վերջիվերջո, Հարավային Կովկասի հարևանն է ԱՄՆ-ի թիվ մեկ հակառակորդ ՌԴ-ն, այստեղ է ԱՄՆ-ի ռազմավարական կարևոր դաշնակից Թուրքիան և ԱՄՆ թիվ մեկ ախոյան Իրանը։ Ուստի այս տարածաշրջանում Վաշինգտոնի համար չափազանց կարևոր է ներգրավվածությունը»,- «Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն կուզեր, որ Հարավային Կովկասի պետություններն ունենային միանման աշխարհաքաղաքական ձգտումներ, վարեին միանման արտաքին քաղաքականություն․ «Վերջին ընտրությունները Վրաստանում գլոբալ տեսանկյունից եղանակ են փոխում մեր տարածաշրջանում։ Եվ հասկանալի է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել տարածաշրջանի առանձին պետությունների հետ ավելի ցածր օրակարգով։ Ես շատ դժվար եմ պատկերացնում՝ ինչով կարող է ՀՀ-ն հետաքրքիր լինել ԱՄՆ-ի համար՝ թե′ զուտ աշխարհագրական տեսանկյունից, թե′ ռեսուրսների տեսանկյունից։ Ի՞նչ ներդրումներ կցանկանա ԱՄՆ-ն անել փոքր տնտեսություն ու բնակչություն ունեցող ՀՀ-ում։ Հետևաբար հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը պտտվել է ԱՄՆ կողմից տրամադրվող օգնության շուրջ։ Վերջին 30 տարիների ընթացքում 2,5-3 միլիարդ դոլարի օգնություն է ցուցաբերել ՀՀ-ին ԱՄՆ-ն։ Ըստ աջակցություն ստանալու ծավալի՝ առաջին տեղում Իսրայելն է, Ուկրաինան, բայց ՀՀ-ն վստահաբար կարող է լինել առաջին տասնյակի մեջ»։

Անդրադառնալով Դոնալդ Թրամփի քաղաքականությանը Հարավային Կովկասում՝ մասնավորապես ՀՀ-ի նկատմամբ, Սուրեն Սարգսյանն ասաց․ «Թրամփը որևէ տեսակի հանդիպում չի ունեցել ՀՀ-ի՝ իր գործընկերոջ հետ և դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը իր՝ ՀՀ-ի գործընկերոջ հետ ոչ միայն չի հանդիպել, այլև հեռախոսազրույց էլ չի ունեցել։ Նույնը վերաբերում է Բայդենին։ Իր նախագահության չորս տարիների ընթացքում որևէ հեռախոսազանգ, հանդիպում ՀՀ-ի գործընկերոջ հետ տեղի չի ունեցել։ Սա բացառիկ դեպք է, որովհետև բոլոր նախկին նախագահները հանդիպումներ ունեցել են իրենց հայ գործընկերների հետ։ Առաջին բարձր մակարդակի շփումը, որ տեղի է ունեցել, օրեր առաջ ՀՀ վարչապետը շնորհավորական հեռախոսազանգ է կատարել Թրամփին։ Սովորաբար այս պրոտոկոլային երկխոսությունը տևում է երկու-երեք րոպե։ Եթե չեմ սխալվում, Թրամփը շուրջ 87 այդպիսի հեռախոսազանգ է ստացել աշխարհի տարբեր առաջնորդներից։ Եթե պետության ղեկավարներն իրար հետ չեն խոսում, նշանակում է, որ երկկողմ հարաբերություններում չկան այնպիսի կարևորագույն հարցեր, որոնք կարող են արժանանել երկրների ղեկավարների ուշադրությանը։ Ի տարբերություն իր առաջին նախագահության, Թրամփի երկրորդ շրջանն ավելի ակտիվ է լինելու արտաքին քաղաքական ներգրավվածության տեսանկյունից, որովհետև երբ հեռանում էր 2020-ին, աշխարհն էապես տարբերվում էր այն աշխարհից, երբ վերադառնում է 2024-ին։ Եվ նա չի կարող ինչ-որ գործընթացներ մի կողմ դնել և ինչ-որ բաների վրա աչք փակել՝ այդ թվում հայ-ադրբեջանական հարաբերութունների և բանակցային գործընթացի վրա։ Եկել, հասել էր մի կետի, երբ Բայդենը նամակ էր ուղարկում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին, ասում ՝ ստորագրեք նամակը մինչև իմ գնալը՝ մինչև տարեվերջ ստորագրեք երկկողմ պայմանագիրը։ Համաձայնություն կար, որ կարելի էր տեքստը նախաստորագրել։ Ի՞նչ է անելու այս պայմաններում Թրամփը, բարդ է ասել։ Չեմ կարծում՝ կգա, կասի, ստորագրեք և շնորհակալություն հայտնեք պարոն Բայդենին այս հզոր ձեռքբերման համար։ Կարող է մի փոքր ժամանակ ձգել, շարունակել բանակցային գործընթացը, հասնել ինչ-որ մի կետի, որ կարողանա դափնու պսակները վերցնել, Նոբելյան մրցանակ ստանալ խաղաղության հասնելու համար։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին գուցե քայլեր տեսնենք Թրամփի կողմից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930