Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ԱՄՆ ընտրություններից հետո

Նոյեմբեր 24,2024 14:00

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ այն միակ գերտերությունը ժամանակակից աշխարհում, որտեղ վարչակազմի փոփոխությունը կարող է ազդել գլոբալ և տարածաշրջանային դինամիկայի վրա: Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի ընտրությունից հետո ամբողջ աշխարհում նկատվեց այսպես կոչված «Թրամփի էֆեկտը»: Ռուսաստանի դեպքում հնարավորությունների պատուհանն արդյո՞ք կընդլայնվի, թե՞, ընդհակառակը, կփակվի։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

2022 թվականից ի վեր Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն էապես փոխվել է։ Ի հայտ են եկել ռազմավարական նոր առաջնահերթություններ։  Այդ առաջնահերթությունները հիմնված են ազգային անվտանգության հետ կապված մտահոգությունների վրա:

Միացյալ Նահանգների նկատմամբ Մոսկվայի առաջնահերթությունները բաժանվում են երեք հիմնական կատեգորիաների՝

  • Ռազմավարական կայունություն. ներառում է պայմանագրեր, որոնք սահմանափակում են ռազմավարական սպառազինությունները, դրանց առաքման համակարգերը և միջուկային մարտագլխիկների քանակը:
  • Պատերազմ Ուկրաինայում. Ռուսաստանը ձգտում է ապահովել Ուկրաինայի համար չեզոք կարգավիճակ, ազդել Կիևի ներքին և արտաքին քաղաքականության վրա և ուժեղացնել վերահսկողությունը «նոր տարածքների» նկատմամբ:
  • Պատժամիջոցների մեղմացում. ներկայումս Ռուսաստանի նկատմամբ ավելի քան 15,000 պատժամիջոցների կիրառման վերացումը կարևոր նշանակություն կունենա երկրի տնտեսական զարգացման համար:

Գլոբալ առումով Ռուսաստանը կենտրոնացած է բազմաբևեռ աշխարհ ստեղծելու վրա, որտեղ ԱՄՆ-ն այլևս չի գերիշխի։  Այս համատեքստում Մոսկվան ձգտում է թուլացնել ԱՄՆ-ի ազդեցությունը Եվրասիայում և հետխորհրդային տարածքը դարձնել իր ազդեցության առանցքային ոլորտ:

Ինչպե՞ս կարող է փոխվել ԱՄՆ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ

Թրամփի նախագահության օրոք կարելի է ուրվագծել ԱՄՆ արտաքին  քաղաքականության երկու հիմնական մոտեցում՝ 2017-2021 թվականների կուրսի շարունակություն կամ ճշգրտում՝ հաշվի առնելով վերջին գլոբալ փոփոխությունները: Առաջին մոտեցումն ավելի պարզ է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները վերլուծելու համար, քանի որ այն կանխատեսելիություն է ապահովում։ Այնուամենայնիվ, Թրամփի անկանխատեսելի բնույթը բարդացնում է այս գործընթացը։ Երկրորդ մոտեցումն ավելի դժվար է կանխատեսել բազմաթիվ հնարավոր սցենարների պատճառով: Այսպիսով, որպես ելակետ, մենք կդիտարկենք Թրամփի սկզբնական մոտեցումները նրա առաջին ժամկետի ընթացքում և կճշգրտենք դրանք՝ հաշվի առնելով, թե ովքեր կլինեն նրա վարչակազմում:

Թրամփի վարչակազմի ազգային անվտանգության ռազմավարությունն ընդգծում է Ռուսաստանի հավակնությունները զսպման համատեքստում: Այդ փաստաթղթում Ռուսաստանը նկարագրվում է որպես Չինաստանի դաշնակից, նշվում է, որ «Ռուսաստանը ձգտում է վերականգնել մեծ տերության իր կարգավիճակը և ազդեցության ոլորտներ հաստատել իր սահմանների մոտ, ձգտում է թուլացնել ԱՄՆ-ի ազդեցությունն աշխարհում և մեզ բաժանել մեր դաշնակիցներից և գործընկերներից, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը դիտարկում է որպես սպառնալիքներ, [և] ներդրումներ է կատարում նոր ռազմական հնարավորությունների մեջ, ներառյալ՝ միջուկային համակարգերը, որոնք մնում են Միացյալ Նահանգների համար գոյաբանական ամենակարևոր  սպառնալիքը»։ Չնայած այս մտահոգություններին, Թրամփի առաջին նախագահական ժամկետը չի նշանավորվել Ռուսաստանի դեմ վճռական առճակատմամբ: Փոխարենը, Վաշինգտոնը հավատարիմ մնաց «զսպման և երկխոսության ռազմավարությանը», որպեսզի թույլ չտա Մոսկվայի և Պեկինի՝ Միացյալ Նահանգների գլխավոր մրցակցի միջև ավելի սերտ հարաբերությունների հաստատումը: Այնուամենայնիվ, Արևմուտքի կողմից Ռուսաստանի մեկուսացումն, ի վերջո, նրան ավելի մոտեցրեց Չինաստանին: Մոսկվայի և Պեկինի կողմից 2024 թվականին հրապարակված համատեղ հայտարարությունն ընդգծում է Եվրասիական և գլոբալ խնդիրների վերաբերյալ նրանց ընդհանուր տեսլականը:

Պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցի նշանակումները թույլ են տալիս պատկերացում կազմել Թրամփի ղեկավարման օրոք ԱՄՆ-ի ապագա արտաքին քաղաքականության մասին: Ռուբիոն նշել է, որ բանակցություններն Ուկրաինայի հակամարտության կարգավորման միակ ճանապարհն են: Մի կողմից, սա ենթադրում է, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել Ուկրաինային լայնածավալ ռազմական աջակցություն տրամադրելուց՝ վերաբաշխելով իր ռեսուրսները Չինաստանին հակազդելու ուղղությամբ։  Մյուս կողմից, դա չի ենթադրում Ռուսաստանի բոլոր պահանջներին լուռ համաձայնում։  Փոխարենը, Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար կարող էին կիրառվել ոչ ռազմական գործիքներ, ինչպիսիք են՝ նավթի և գազի գները նվազեցնելու կամ պատժամիջոցները խստացնելու ջանքերը՝ զիջողականությունը բացառելու նպատակով:

Որպես արտաքին քաղաքականության բազեներ՝ Ռուբիոն և Ուոլցը առաջնահերթություն են տալիս Չինաստանի սպառնալիքի դեմ պայքարին: Այս համատեքստում ԱՄՆ-ի հիմնական նպատակը կարող է լինել Պեկինի դաշինքների խափանումը՝ մասնավորապես Մոսկվայի հետ: Կարևորագույն հարցերի շուրջ բանակցային ուղիների ստեղծումը, ինչպիսիք են՝ Ուկրաինան և անվտանգության ավելի լայն մտահոգությունները, կարող են նվազեցնել Ռուսաստանի կախվածությունը Չինաստանից՝ միաժամանակ ճանապարհներ հարթելով Վաշինգտոնի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու ուղղությամբ:

Ռուսաստանի քաղաքականությունը Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո

Ռուսաստանում Թրամփի վարչակազմի կողմից ուկրաինական հակամարտությունից (ինչը Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուղիղ բախման է հանգեցրել) բխող ռիսկերի ճանաչումը դրական է գնահատվում: Սակայն Մոսկվան պատրանքներ չունի հակամարտությունը բացառապես իր պայմաններով լուծելու հարցում։  Ռազմաճակատի գիծը սառեցնելու առաջարկվող ծրագիրը, որը նախատեսում է բրիտանական և եվրոպական զորքերի տեղակայումը և Ուկրաինան ՆԱՏՕ-ից 20 տարով հեռացնելը՝ միաժամանակ ռազմական օգնություն ստանալու պարագայում, դիտարկվում է որպես ավելի լայնածավալ պատերազմի պարզ հետաձգում: Եթե Ռուսաստանը մերժի ԱՄՆ-ի առաջարկը, հնարավոր է երկու սցենար՝ երկխոսություն կամ առճակատում։ Առաջին սցենարում Վաշինգտոնը կարող է հաշվի առնել Ռուսաստանի շահերը, հիմնականում, եթե Միացյալ Նահանգները նպատակ ունենա թուլացնել Մոսկվա-Պեկին դաշինքը։ Երկրորդ սցենարում ԱՄՆ-ը կարող է ուժեղացնել ճնշումը պատժամիջոցների կամ Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացման միջոցով՝ Կրեմլին պարտադրելու ընդունել իր պայմանները: Ռուսաստանը, հավանաբար, կօգտագործի իր առաջնագծի հաջողությունները՝ ամրապնդելու իր բանակցային դիրքն այս անորոշության պայմաններում: Օրինակ, 2024 թվականի հոկտեմբերին Ռուսաստանը հաղորդել է ուկրաինական ճակատում 2022 թվականի մարտից ի վեր ռեկորդային առաջխաղացումների մասին:

Ռուսաստանը, կարծես, ավելի հակված է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսությանը՝ պայմանով, որ նման հնարավորությունը կենսունակ մնա: Այնուամենայնիվ, Մոսկվան պնդում է ունենալ անվտանգության երաշխիքներ «տեղում», այլ ոչ պարզապես «թղթի վրա»։  Թեև Թրամփի առաջարկած ծրագիրն անընդունելի է համարվում, Ռուսաստանը պետք է ներկայացնի այլընտրանքային տարբերակներ, որոնք առաջիկա ամիսներին կարող են դառնալ նրա դիվանագիտության առանցքային ուղղությունը:

Միաժամանակ, Մոսկվան առաջնահերթ ուշադրություն է դարձնելու պատժամիջոցների ռեժիմի թուլացմանը։ Նույնիսկ, եթե հակամարտությունը սառեցվի, արևմտյան պատժամիջոցների ամբողջական վերացումը քիչ հավանական է։  Ռուսաստանը կարող է կոնկրետ միջոցներ ձեռնարկել, ինչպիսիք են իր բանկերի համար SWIFT-ի օգտագործման արգելքի վերացումը և Ռուսաստանի և Եվրոպայի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը, ինչը կարող է էական օգուտ բերել նրա տնտեսությանը:

Ռուսաստանի համար մեկ այլ առաջնահերթություն է ռազմավարական կայունությունը, որը ենթադրում է սպառազինությունների վերահսկման պայմանագրերի թարմացում, միջուկային զինանոցների կրճատում և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների սահմանափակում: 2023 թվականի փետրվարին «ՍՏԱՐՏ III» պայմանագրի կասեցումը, այլ ոչ թե հրաժարումը, ազդարարում է Մոսկվայի շահագրգռվածությունը երկխոսության, այլ ոչ թե առճակատման մեջ: Այնուամենայնիվ, Թրամփի առաջին ժամկետում ԱՄՆ-ը դուրս եկավ INF պայմանագրից և հրաժարվեց երկարաձգել «ՍՏԱՐՏ III»-ը՝ բարդացնելով ապագա բանակցությունները: Մոսկվայի կողմից իր միջուկային դոկտրինի ճշգրտումները ևս մեկ անգամ ընդգծում են այն փոփոխությունները, որոնք պետք է լուծվեն ցանկացած բանակցություններում:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա Ռուսաստանը կշարունակի հանդես գալ եվրոպական անվտանգության ոլորտում դաշինքի դերի նվազեցման և «տեղում» ԱՄՆ-ի ներկայության սահմանափակման օգտին: Այս պահանջները համընկնում են Թրամփի դիրքորոշման հետ, որը եվրոպական երկրներին կոչ է անում ավելի շատ ներդրումներ կատարել իրենց պաշտպանության մեջ, այլ ոչ թե ապավինել Միացյալ Նահանգներին:

Հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի մասնակցության հնարավոր կրճատումը կարող է փոխել տարածաշրջանում ուժերի դասավորվածությունը։  Նման սցենարի դեպքում Հարավային Կովկասը կարող է դառնալ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցության ոլորտը։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև «ջենթլմենական համաձայնությունը» կարող է նվազեցնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներգրավվածությունը, թեև Թուրքիայի դերը կարող է մեծանալ: Եթե Ուկրաինայի հակամարտությունը սառեցվի, և Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ռազմավարական երկխոսության մեջ մտնեն, Մոսկվան, հավանաբար, իրեն ավելի վստահ կզգա հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Տարածաշրջանի պետությունները, որոնք լարված կապեր ունեն Մոսկվայի հետ, արտաքին գործընկերության միջոցով ռիսկերից պաշտպանվելու ավելի քիչ հնարավորություններ կունենան:

Այս պոտենցիալ «հնարավորությունների պատուհանը» կարող էր ամրապնդել Ռուսաստանի տարածաշրջանային արտաքին քաղաքականությունը՝ թույլ տալով նրան առաջ տանել այնպիսի բազմակողմ ձևաչափեր, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): Բացի այդ, Մոսկվան կարող էր ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ վերահաստատելով իրեն որպես տարածաշրջանային հակամարտություններում գերիշխող միջնորդ։  Սա կամրապնդի նրա դիրքը որպես տարածաշրջանում կենտրոնական խաղացող:

Սերգեյ ՄԵԼՔՈՆՅԱՆ

պ.գ.թ., գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930