Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ի՞նչ անի Նիկոլը, որպեսզի հայ ժողովուրդը հասկանա, որ ինքը վատ վարչապետ է․ Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 24,2024 12:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին

Հարց առաջին։ Ի՞նչ կարծիքի եք Նիկոլի հարցազրույցի մասին։

Պատասխան։ Քաղաքական ավանդույթի համաձայն՝ նրա ելույթներին ազատության ժամանակ արձագանքում էի ֆեյսբուքում հատուկ ուղիղ եթերով, իսկ անազատության մեջ՝ առանձին հոդվածով։ Ուստի, քանզի դատարանը հանիրավի արգելել է ինձ ուղիղ եթեր մտնել, այսօր կամ վաղը գուցե վերլուծական նյութ հրապարակեմ։

Բայց հիմա կարճ ասեմ, որ գնալով նրա ինքնահարցազրույցները էլ ավելի անորակ եւ «խուրդա» են դառնում՝ մեր երկրի ներկային եւ կշռին համապատասխան։

Էլ ի՞նչ անի Նիկոլը, որպեսզի հայ ժողովուրդը հասկանա, որ ինքը վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ է եւ վատ տղա…

Հարց երկրորդ։ Ինչպես կգնահատեք հայտնի էկոակտիվիստ Գրետա Տունբերգի այցը Հայաստան։

Պատասխան։ Այս փուլում Գրետան հանդես եկավ հայկական շահերին համահունչ քաղաքական ուղերձներով, հատկապես՝ Արցախի եւ Բաքվում պահվող հայ ռազմագերիների թեմաներով։

Ցավոք, մեր երկրի ղեկը զավթած ռեժիմը գործում, աշխատում եւ քարոզում է ճիշտ հակառակ ուղղությամբ, իսկ միայն ոչ պետական, հանրային սեկտորի ռեսուրսները չեն բավարարում միջազգային նման սելեբրիթիի այցը եւ դիրքորոշումները պատշաճ կապիտալիզացնելու համար։

Տունբերգի այցից, սակայն, նաեւ որոշակի ներքին տագնապ ունեցա։ Չէ՞ որ նա որպես էկոակտիվիստ հետաքրքրված է նաեւ անհետացման եզրին գտնվող եւ մարդկության կողմից ոչնչացման վտանգի տակ հայտնված տեսակներով եւ երեւույթներով։ Այդ տեսանկյունից նրա այցը Հայաստան ակամա դառը սիմվոլիզմ ուներ իր մեջ։

Հարց երրորդ։ Վերջին աղմկահարույց հրաժարականների ֆոնին մի տեսակ տարբերվող էր Կարեն Անդրեասյանի հրաժարականը։ Որպես Հայաստանի աղավաղված դատական համակարգից առ այսօր տուժող անձ՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրա գործունեությանն ու հրաժարականին։

Պատասխան։ Նրա խայտառակ գործունեությունը ԲԴԽ ղեկավարի պաշտոնին շատ է քննարկվել եւ քննադատվել։ Ի դեպ, այդ պաշտոնանկություններից հետո ականատես եղանք նաեւ ոմանց կողմից «ընկած եզերին դանակահարողների» ֆենոմենին, ինչը մշտապես տհաճ երեւույթ է. բան ունեիք ասելու, ասեիք նրանց վերելքի, ոչ թե անկման ժամանակ։

Իսկ Կարեն Անդրեասյանին ուզում եմ շատ անկեղծ շնորհակալություն հայտնել իր՝ նման հրաժարականի եւ նման «հրաժեշտի» խոսքի համար, քանզի դժվար է պատկերացնել, թե ոնց կարելի էր էլ ավելի շքեղ, փառահեղ եւ «անմեղ» կերպով տրաքացնել Հայաստանում «արդար եւ անկախ դատական համակարգի» փուչիկը։

Անդրեասյանի հրաժարականը հաստատեց ոչ միայն ընդդիմադիր գործիչների եւ մամուլի հարյուրավոր պնդումներն ու բացահայտումները այս առնչությամբ, այլեւ բացահայտեց դատական համակարգի խայտառակությունների վրա համառորեն աչք, ականջ եւ բերան փակող դեսպանների ցինիկ երկդիմիությունը։

Մնում է այս փաստը չմոռացվի, չկորչի տեղեկատվական աղմուկի մեջ եւ ամեն պատեհ առիթներով մշտապես մտցվի «ժողովրդավարության վետերոկում» կերուխումի եկած «ֆիրմաչների» ջուխտ աչքերը։

Հարց չորրորդ։ Հասկանում եմ, որ շարունակվող քաղաքական բռնաճնշման եւ տնային կալանքի պայմաններում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտից օգտվել չեք կարողանում, բայց այնուամենայնիվ, ի՞նչ կարծիքի եք իրականացվող չարեփոխման մասին։

Պատասխան։ Անկախ իմ հարկադիր անշարժ վիճակից հնարավորինս հետեւում եմ մեր պետության կյանքի տարբեր ոլորտներին, եւ ոչ մի տեղ, ոչ մի ոլորտում չկա հուսադրող, դրական, որակյալ որոշում կամ դրա իրականացում։

Երեւանում տրանսպորտային խնդիրը մեր հանրային կյանքում հիմնականում բուռն քննարկվում է՝ համարժեք թանկացման եւ անկառավարելիության աստիճանը բարձրացնող աբսուրդ լուծումների համատեքստում, ի լրումն որոնց կզանկանամ շեշտել այլ, առավել վտանգավոր հանգամանք։

Մեկ, տեխնիկապես անպատրաստ օպերատորին ակամայից փոխանցվում է անձնական տվյալների հսկայական շտեմարան, ինչն ինքնին ավելի թանկարժեք եւ վտանգավոր խարդավանք է, քան 100 դրամը 300 դարձնելը։

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը դեռեւս 2018 թվականին Դավոսում հայտարարել էր, որ «անձնական տվյալները 21-րդ դարի օգտակար հանածո են»։ Եվ ահա մոտ մեկ միլիոն մարդու պարտադրում են անվճար տրամադրել իրենց տվյալները իշխանությունների կողմից ընտրված մի կոմերցիոն կազմակերպությանը։ Սա իրականում թալան է, թվային թալան, թալանի նոր, «ժամանակակից» ձեւ։

Չմոռանաք նաեւ, որ այդ տվյլաների շտեմարանը կարող է անարգել եւ ուղղորդված կերպով օգտագործվել ոչ միայն կոմերցիոն, այլեւ քաղաքական նպատակներով։ Օրինակ՝ գալիք ընտրություններին։ Այս կապակցությամբ կասկած անգամ չունեմ։

Հարց հինգերորդ։ Ինչո՞վ եք զբաղված տնային կալանքում։

Պատասխան։ Փորձում եմ ընտանիքիս հետ լրացնել 15 ամիսների բռնի բացակայությունս, ինչը իրականում հնարավոր չէ։ Հետեւում եմ ընթացիկ լրահոսին, ցավոք, ավելի քիչ եմ ընթերցում, եւ ավելի շատ՝ դիտում եմ։

Առիթից օգտվելով՝ մի ընկերական խորհուրդ տամ. գիրքը հաղթում է էկրանին, հիշե՛ք սա եւ հետեւե’՛ք այդ կանոնին։

Նյարդայնանում, նեղվում, մտորում եմ երկրիս ներկայի եւ ապագայի շուրջ։ Շարունակում եմ աշխատել եւ սակավաթիվ հասանելի ֆորմատներով փորձել մշտապես օգտակար լինել հասարակությանը եւ պայքարին։

Ջանքեր եմ գործադրում վերասոցիալիզացվելու, ինչը նույնպես լուրջ խնդիր է շատ երկար մենախցությունից հետո։

Մարդկանց հետ շփվելու, հանդիպելու, արտահայտվելու սահմանափակումները այնքան շատ են եւ այնքան արհեստական, որ կարող եմ պնդել, որ թեպետ «տնային կալանք» արտահայտության մեջ «տնային» բառը քաղցր է, բայց «կալանք» երեւույթը մնում է նույնքան անարդար եւ ծանր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930