Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չնայած կառավարությունը փորձում է գնալ վերասոցիալականցման, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման հայեցակարգի որոշ կետեր պիտի վերանայվեն․ Նարե Հովհաննիսյան

Նոյեմբեր 23,2024 23:00

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի՝ տարբեր տարիներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատված շահառուները քննարկել են «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգի» նախագիծը։ Քննարկմանը իրենց տեսակետներն էին ներկայացրել նաեւ Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժ կրող անձինք։

Կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ իհարկե, հայեցակարգը մշակելն ու քննարկման դնելը ողջունելի է։ «Կառավարությունը փորձում է գնալ վերասոցիալականացման, սակայն հայեցակարգի որոշ կետեր  վերանայման կարիք ունեն»,-ասում է Նարե Հովհաննիսյանը։ Քննարկման մասնակիցներն էլ կարծում են, որ «այս հայեցակարգը ակնհայտ պատժողական  քաղաքականության դրսեւորում է, հակասում է ոլորտը կարգավորող միջազգային նորմերին, այդ թվում ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումներին, ՀՀ Սահմանադրությանը եւ դատապարտյալների վերասոցիալականացմանը եւ հասարակություն վերադարձնելուն ուղղված գաղափարախոսությանը»:

«Սեւան» քրեակատարողական հիմնարկ

Հատկապես հայեցակարգը բարդացնում է ցմահ դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը, քանի որ պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունք ունեն ցածր անվտանգային գոտում պատիժ կրողները ու հազվադեպ է լինում, որ ցմահների անվտանգային գոտին փոխվում է։ Նոր հայեցակարգով՝  կարգապահական տույժ երբեւէ ստացած չլինելու դեպքում պայմանական վաղաժամկետ ազատվող դատապարտյալը ստանում է  10 միավոր։ «Ագրեսիվությամբ կամ կոնֆլիկտայնությամբ բնութագրվող, ինչպես նաեւ աշխատակցի, նաեւ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնող անձի օրինական պահանջը չկատարելու համար ստացած յուրաքանչյուր կարգապահական խախտման համար հանել 2 միավոր, իսկ այլ բնույթի յուրաքանչյուր տույժի համար՝ հանել 1 միավոր։ Որոշակի ժամկետի հաշվարկմամբ չարամիտ խախտող ճանաչվելու դեպքում հանել 5 միավոր, գործող կարգապահական տույժ ունենալու դեպքում հանել 10 միավոր, իսկ գործող կարգապահական տույժ ունենալու եւ չարամիտ խախտող ճանաչելու դեպքում՝ հանել 15 միավոր»,-առաջարկում է հայեցակարգը։

Նարե Հովհաննիսյանը ոլորտի պատասխանատուների ուշադրությունն է հրավիրում՝ հայեցակարգով առավելագույն տրվող միավորը 10-ն է, իսկ հանվող միավորը՝ 15-ը։ «Ստացվում է, որ փորձում են տույժերի միջոցով միավորներ պակասեցնել։ Առաջարկվող փոփոխությամբ  քրեակատարողական հիմնարկի աշխատողներին ակնհայտ լիազորություններ են տրվում, ինչը կարող է ի վնաս դատապարտյալի օգտագործվել»,- ասում է մեր զրուցակիցը։

Մեկ այլ օրինակ։ Այս պահին գործող կարգավորմամբ՝ դատապարտյալը ռեցիդիվ ունենալու դեպքում միավոր չի ստանում, իսկ չունենալու դեպքում ստանում է 2 միավոր։ Առաջարկվող փոփոխությամբ՝ ռեցիդիվ չունեցող անձը միավոր չի ստանում, իսկ ռեցիդիվ ունեցող անձի միավորներից հանում են 10 միավոր։ «Այսինքն՝ նոր հայեցակարգով ռեցիդիվ չունենալն առանձին միավորով չի գնահատվում։ Ստացվում է, որ առաջարկվող փոփոխության նպատակն է ներկայում կազմվող դրական զեկույցները հետագայում դարձնել բացասական։ Իսկ ներկայումս բացասական զեկույցների համար ստեղծել արգելքներ՝ դրանք հետագայում դրական դարձնելու ճանապարհին»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Նարե Հովհաննիսյանը։

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն»-ը պատժից՝ պայմանական վաղաժամկետ ազատման հայեցակարգի իր առաջարկները՝ վերասոցիալականացման միջոցառումներին մասնակցելը, արտաքին աշխարհի հետ կապ պահելը, տուժողին պատճառած վնասի փոխհատուցման  կարգը,  աշխատող դատապարտյալների գնահատման չափորոշչին եւ այլ կետերին վերաբերող առաջարկ-փոփոխությունները նախագծի տեսքով ներկայացրել է  պատկան ատյաններին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930