Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպանդանոց չկա, բայց ինձ ուզում են և՛ տուգանել, և՛ անասուններիս միսը տանել՝ այրելու»․ ահազանգ Թավշուտի բնակչից  

Նոյեմբեր 23,2024 18:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քիչ առաջ Aravot.am-ի խմբագրություն էր ահազանգել  Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի բնակիչ 39-ամյա Արմեն Հարությունյանը՝ դժգոհելով, որ թեև Շիրակի մարզի սպանդանոցներից որևէ մեկը չի գործում, բայց իրեն փորձում են վարչական տուգանքի ենթարկել՝ ոչ սպանդանոցային միս իրացնելու համար։

«Ես իմ  երկու կովին և երինջին հարկադիր մորթի եմ ենթարկել, բանկում վարկ ունեմ, ստիպված անասուններիս միսն եմ վաճառում, որ տոկոս փակեմ։ Երեկ երեկոյան հենց Գյումրի մտա, ինձ կանգնեցրեցին ոստիկաններն ու ասացին, որ պիտի վարչական տուգանքի ենթարկեն։

Այս պահին Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի հատուկ պահպանվող տարածքում եմ, Երևանից ՍԱՏՄ-ի մեքենան պիտի գա, որ տանեն, անասունների միսը այրեն։

Ինձ փաստացի 1 միլիոն դրամի վնաս են հասցնում, հարցնում եմ՝ եթե չկա սպանդանոց մարզում, ինչ ձևի սպանդանոցային մորթի ենթարկեմ, ՍԱՏՄ-ի տեսուչը պատասխանում է՝ ինձ նման հարցեր չտաք, էդ հարցերը գնացեք մարզպետարանում տվեք։

Նաև հուշում են, որ պիտի հասած լինեի Արագածոտնի մարզ, այնտեղ սպանդանոցային մորթի ենթարկեի անասուններիս։

Ես բողոքարկելու եմ, բացարձակ դեմ չեմ սպանդանոցային մորթին, բայց  նախ թող սպանդանոցով ապահովեն, հետո նոր փորձեն պահանջել, լավ օրից չեմ անասուններիս մորթել», – բողոքում էր բնակիչը։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզից ընտրված Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանը դեռ ամռանը էր այցելել Շիրակի մարզի սպանդանոցներ ու լուսանկարներով ցույց տվել, որ թե՛ Աշոցքում, թե՛ Անիի տարծաշրջանի Հայկաձոր գյուղում և թե՛ Ձորակապ գյուղի մոտ գտնվող սպանդանոցները միայն փաստաթղթերով գոյություն ունեն, իրականում չեն գործում․ շենքերի դռները կողպած են, բակերը՝ խոտածածկ եղած։  ՝ փաստաթղթով լինելը, բայց իրականում չգործելը։

Շիրակի մարզի տարբեր գյուղեր այցելած պատգամավորին  բնակիչները բողոքել են, որ իրենք չեն ուզում օրենք խախտել, պատրաստ են սպանդանոցային մորթին ենթարկել կենդանուն, սակայն հնար չկա․ պայման չեն ստեղծում, սպանդանոցները գործի չեն դնում՝ գյուղացիների կյանքը բարդացնելով, խնդիրներով ստեղծելով ու ամենայն հավանականությամբ իրենց հատուկ տուգանքի ենթարկելու նպատակով։

Թեմայի շուրջ պատրաստ ենք լսել ՍԱՏՄ պարզաբանումը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930