Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռացումները պետք է լինեն վատ աշխատանքի համար, եթե այդքան ահռելի աշխատանք են կատարել, ինչու են հեռացվում. Բագրատ սրբազանը՝ պաշտոնանկությունների մասին

Նոյեմբեր 23,2024 13:50

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր ուղիղ եթերով անդրադարձել է ներքաղաքական վերջին իրադարձություններին, բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին:

«Ի՞նչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ բոլորիդ աչքի առջեւ, որ չարիքը WhatsApp- ի հավելվածով զումեր ուղարկեց նախարարների, պատգամավորների, նույնիսկ բարձրագույն դատարանի խորհրդի դատավորին ու պարզապես հրաժարեցնել տվեց: Հետո որոշեց, որ դա ոչ թե հրաժարականի պահանջ էր, այլ՝ խնդրանք: Զավեշտի գագաթնակետն է  ուղղակի, թե ինչպես է գործում պետական ապարատը կամ ինչպես է այդ մարդը ցավի իշխանի տեսքով վարվում ձեզ հետ»,- ասաց Բագրատ սրբազանը:

Նա հիշեցրեց, որ ավելի վաղ էլ էր զգուշացրել պաշտոն զբաղեցնող անձանց, որ նրանք ամենավերջին ձեւով  օգտագործվելու են, անընդհատ  ծաղրվելու են ու դեն շպրտվեն ամենակեղտոտ ձեւով:

«Այս մարդը ձեզ օգտագործել է բոլոր հնարավոր տարբերակներով, դարձրել իր համար վահան, պաշտպանության օղակ: Ձեր միջոցով կարողացել է ինքն իրեն ոչ թե վերագրել մեղսագրումներ, այլ այդ ամենը վերագրել է ձեզ. հայրենիքի, մեր պետության սահմանների անվտանգության խախտում, բանակի քայքայում, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, ռազմաքաղաքական մեր ղեկավարության պատանդառություն, գերիներ, ներքին կյանքի ատելություն, թշնամություն: Տեղեկատվական դաշտի ահաբեկչությունը, մարդկանց թիրախավորելը… ամեն բան: Զգուշացրել ենք խորհրդարանի ամբիոնից էլ ձեզ՝ ՔՊ խմբակցության անդամներ, որ յուրաքանչյուրիդ այս մարդը մեղսակից է դարձնում իր գործած բոլոր հանցանքներին: Եվս մեկ անգամ դիմում եմ ձեզ, որ դուք ձեզ հաշիվ տաք, քննեք ձեր սրտերը՝ ինչ եք անում, ում եք ծառայում:

Մեկ մարդու  քմահաճույքով ուղղակի հեռացումներ: Հեռացումները պետք է լինեն վատ աշխատանքի համար, բոլորի հրաժարման դիմումները խոսում են արձանագրումների, ձեռքբերումների մասին: Խոսում են, թե ինչպիսի ահռելի աշխատանք են կատարել: Եթե այդքան ահռելի աշխատանք են կատարել, ինչու են հեռացվում: Սա նշանակում է ոչ հաշվետվություն, ոչ թափանցիկություն, ոչ պատասխանատվություն, սա նշանակում է ամբողջ պետական համակարգի քայքայում, մի մարդու քմահաճույք»,- ասաց Բագրատ սրբազանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930