Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հռոմի Սուրբ Թովմաս Աքուինացի Քահանայապետական համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Արցախի սրբավայրերի պահպանմանը

Նոյեմբեր 23,2024 13:45

Հռոմի Սուրբ Թովմաս Աքուինացի (Angelicum) Քահանայապետական համալսարանում, նոյեմբերի 18-19-ին տեղի ունեցավ «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական. Սրբատեղիների պահպանումը՝ համատեղ քրիստոնեական առաքելության համար» խորագրով գիտաժողովը: Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և Angelicum համալսարանի Էկումենիկ հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված միջոցառումը հովանավորվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Ս․ Աթոռի Քրիստոնեական միասնության խթանման և Մշակույթի և կրթության բաժինների կողմից: Իսկ ֆինանսական աջակցությունը տրամադրել է  Կիւլպէնկեան հիմնադրամը /Լիսաբոն, Պորտուգալիա/։

Բացման արարողությունը սկսվեց Էկումենիկ հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հայր Հյասինթ Դեստիվելի եւ Սուրբ Աթոռում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ողջույնի խոսքերով։ Անոնց ելույթները ճանապարհ հարթեցին Արցախի մշակութային ժառանգության և դրա արժեքի շուրջ կարևոր երկխոսության՝ ավելի լայն քրիստոնեական պատումի ու մշակութային համընդհանուր իրավունքների համատեքստում։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․-ի և Կարդինալներ՝ Կուրտ Կոխի, Կլաուդիո Գուջերոտիի և Խոսե Տոլենտինո դե Մենդոնսայի կողմից գիտաժողովին հնչեցված ուղերձները, որ ընդգծեցին նրա կարևորությունը, կոչ էին միասնության և սրբավայրերի պահպանման հանձնառության, որը հաճախ հնչեց երկօրյա նիստերի ընթացքում։

Գիտաժողովի առաջին նիստը համախմբել էր ներածական ելույթներ մշակութային ժառանգության, սրբավայրերի և մարդու իրավունքների վերաբերյալ: Նշանակալից զեկուցումներով հանդես եկան հարգարժան փորձագետներ՝ Ջորջթաունի համալսարանից պրոֆեսոր Մարկ Վլասիչը, Լուվենի համալսարանից պրոֆեսոր՝ Պիեռ Դ’Արժանը և Արցախի Թեմական խորհրդի անդամ Արմինե Ալեքսանյանը։ Նրանք անդրադարձան մշակութային ժառանգության և մարդու իրավունքների փոխկապակցությանը՝ ընդգծելով հակամարտությունների գոտիներում սրբավայրերը պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունը, որպես մարդու հիմնարար իրավունք:

Քննարկումների ընթացքում մասնակիցները ընդգծեցին, որ այս սրբավայրերի պահպանումը ոչ միայն կենսական նշանակություն ունի հայոց ժառանգության համար, այլև վճռորոշ է խաղաղ և միասնական համակեցության համար՝ և՛ աշխարհի բոլոր քրիստոնյաների, և՛ ողջ մարդկության։

Գիտաժողովի երկրորդ նիստը խորացված ուսումնասիրեց հակամարտությունների, մշակութային ժառանգության և տեղեկատվական լուսաբանման միջև առկա բարդ hարաբերութունները։ Ի մասնավորի, ներկայացվեց թե ինչպես է տեղեկատվական լուսաբանումը ձևափոխում մշակույթի ոչնչացման և դիմակայելու ունակության ընկալումները: Կիետիի համալսարանի պրոֆեսոր Վասկո Լա Սալվիան համոզիչ կերպով փաստարկեց, որ մշակութային ժառանգության ոչնչացումը հակամարտության երկրորդական հետևանքն է։  Նա ընդգծեց, որ ռազմական գործողությունների ժամանակ մշակութային վայրերի թիրախավորումը հաճախ ծառայում է որպես բնաջնջման միջոց՝ արտացոլելով խտրականության կիրառումը, ուղղված վտանգված համայնքների ինքնության ճնշմանը և ոտնահարմանը: Այս ոչնչացումը ոչ միայն հանգեցնում է արվեստի նմուշների կորուստի, այլև խորը խզում է առաջացնում հավաքական հիշողության և ազգային պատմության մեջ:

Շարունակելով այս թեման, պրոֆեսոր Արսեն Սապարովը՝ Ռաբդանի ակադեմիայից, անդրադարձավ լրատվամիջոցների դերին՝ մշակութային ժառանգության ոչնչացման ժամանակ տեղեկատվական լռության և կողմնակալության գործածման մեջ։ Նա ներկաների ուշադրությունը գրավեց ենթադրյալ չեզոքության հայեցակարգի վրա՝ լրատվամիջոցների պատումի և փորձագիտական ​​լուսաբանումների մեջ, վիճարկելով թե՛ լրատուամիջոցների և թե՛ փորձագետների չեզոքությունը ներկայիս առկա հակամարտությունների պարագային: Փոխարենը, պնդեց, որ զանգվածային լրատվամիջոցների պատումը և փորձագետների ​դիրքորոշումները հաճախ հակված են աջակցելու իշխանատերերին և լռեցնելու լուսանցքային ձայները՝ այդպիսով նպաստելով առավել խտրականության և հասարակական ցնցումներին:

Երրորդ նիստի ընթացքում արքեպիսկոպոս Միքայել Մուսա Նաջիբը ներկայացրեց մշակութային ժառանգության պահպանության էկումենիկ բնույթը՝ նշելով, որ սրբավայրերի պաշտպանության ջանքերը պետք է հաղթահարեն կրոնական բաժանումները։ Նա կարևորեց ժառանգության պահպանության խնդիրներ հավաքական մոտեցումը, որպես համայն մարդկության պատասխանատվություն։ Նրա խոսքից հետո Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Պետկոֆը անդրադարձավ այն քաղաքական գործոններին, որոնք հանգեցնում են կրոնական և մշակութային ժառանգության շահարկմանը՝ ցույց տալով, թե ինչպես է աշխարհաքաղաքական օրակարգը օգտագործում մշակութային խորհրդանիշները ուժի կենտրոնացման համար։

Ի վերջո, դոկտոր Տասուլա Հաջիտոֆին ներկայացրեց Արցախին առնչվող ռազմավարական հայեցակարգ՝ հիմնված Կիպրոսի հակամարտության 50 տարվա փորձառության և այս ոլորտում իր անդադար գործունեության վրա։ Մշակութային ժառանգության պահպանման գործում նա կարևորեց «ներազդող» ռազմավարությունը, որը ներգրավում է տեղական համայնքները՝ խթանելով դժվարություններին դիմագրավելու նրանց տոկունությունը։

Ընդհանուր առմամբ, գիտաժողովի նիստերին ընդգծվեց հակամարտությունների, մշակութային ժառանգության և զանգվածային լրատվամիջոցների կողմից լուսաբանման միջև բարդ փոխկապակցվածությունը՝ կոչ անելով խորացրած ըմբռնման և խոցելի իրավիճակներում մշակութային ինքնությունների պահպանման պարտավորության ստանձնմանը:

Կոնֆերանսի չորրորդ նիստը, որը նվիրված էր Վտանգված հայկական հուշարձաններին, համախմբել էր անվանի գիտնականների՝ քննարկելու հայկական մշակութային ժառանգության բացառիկ արժեքը, որպես մարդկային ստեղծագործական մտքի արտահայտություն, և այն պահպանելու հրատապ խնդիրները։

Հեղնար Վաթենփո, Դևիս քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանից, նիստը բացեց իր «Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը. մռայլ նախազգուշացում Արցախի համար» զեկույցով։ Նա անդրադարձավ Նախիջևանում մշակութային ոչնչացման աղետալի հետևանքները՝ որոնք մտահոգիչ նախադեպ են ծառայում և ահազանգում են Արցախի հուշարձանների պահպանման վերաբերյալ։

Ժասմին Դում-Տրագուտը՝ Զալցբուրգի համալսարանից, հանդես եկավ «Մշակութային ժառանգությունը սահմանային գոտիներում» թեմայով զեկուցմամբ՝ օրինակներ բերելով Տավուշի տարածաշրջանից։ Նա ընդգծեց, որ քաղաքականապես անկայուն սահմանային գոտիներում գտնվող մշակութային օբյեկտները հաճախ դառնում են ինքնության և մշակութային հիշողության համար ռազմի դաշտ։

 Ալեն Նավարա դե Բորժիան՝ Hyestart ՀԿ-ից, նիստը եզրափակեց «Կրոնական վայրերը և Արցախի ընդհանուր մշակութային հիշողությունը» թեմայով զեկույցով։ Նա ներկայացրեց կրոնական հուշարձանների դերը որպես մշակութային և հոգևոր ինքնության կարևոր պահոցներ, հատկապես հակամարտությունից տուժած և փոփոխական ուժային դինամիկաների ազդեցության ներքո գտնվող տարածքներում։ Նա նաև կարևորեց համաշխարհային հանրության հավաքական պատասխանատվությունը՝ այս անգին գանձերը պահպանելու համար։

Նիստը բազմակողմանի պատկերացում տվեց հայկական վտանգված մշակութային ժառանգության պահպանման մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել այդ հուշարձանները որպես մարդկային ստեղծագործական ձիրքի և հավաքական հիշողության արտահայտություն պաշտպանելու համար։

Հինգերորդ և վերջին նիստը կենտրոնացավ հենց Արցախի մշակութային և կրոնական վտանգված ժառանգության վրա: Մի շարք մասնագետներ ներկայացրեցին իրենց դիտարկումները՝ սկսած Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի և Քահանայապետական Արևելյան ինստիտուտի պրոֆեսոր Մարկո Բայիսից, ով քննարկեց «Կովկասյան Ալբանիայի վերաբերյալ դասական և միջնադարյան աղբյուրների օգտագործումն ու նրանց չարաշահումը» թեման։ Նա բացահայտեց, թե ինչպես են  խեղաթյուրվում պատմական փաստերը՝ սեփական մշակութային ժառանգության հանդեպ հայերի իրավունքները և նկրտումները վտանգելու և տկարացնելու նպատակով։

Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յոստ Գիպպերտը անդրադարձավ Ալբանական արձանագրություններին Արցախում, ինչը հարստացրեց քննարկումը պատմական օրինավորության /լեգիտիմության/ վերաբերյալ և հիմք ստեղծեց արձանագրությունների վերագնահատման համար՝ հայկական ժառանգության ավելի լայն համատեքստում։

Յենայի համալսարանի պրոֆեսոր Անեգրետ Պլոնտկե-Լյունինգը եզրափակեց ելույթները՝ ներկայացնելով «Արցախի ճարտարապետական ժառանգությունը» պատմական տեսանկյունից՝ ընդգծելով դրա հարստությունը և այն պահպանելու անհապաղ անհրաժեշտությունը։

Վերջին ելույթով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, որը ներկայացրեց «Հուշարձանները հայ-ադրբեջանական հակամարտության գոտում» թեման՝ քննարկելով ինքնության, պաշտպանության և այդ պատմական գանձերի պահպանման գործում մասնագիտական փորձառության կարևորությունը։

Համաժողովի ավարտին քննարկումների կլոր սեղան կազմակերպվեց հայտնի գիտնականներ՝ պրոֆեսորներ Զարա Պողոսյանի (Ֆլորենցիայի համալսարան) և Մարկո Բայսի կողմից։

Քննարկումները, որոնք առնչվում էին Արցախի մշակութային և ճարտարապետական ժառանգությանը, երևան հանեցին ինքնության, ժառանգության պահպանման և շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտության հարցերի բարդությունը։

Բանախոսները համոզիչ կերպով լուսաբանեցին Արցախի հարուստ մշակութային խճանկարը, միաժամանակ ազդարարելով այն վտանգները, որոնք շարունակվող հակամարտության հետևանքով սպառնում են այս ժառանգությանը։

Համաժողովի ավարտին մասնակիցները արտահայտեցին նորոգված հույս և ստանձնեցին պարտականություն՝ համատեղ ջանքեր գործադրել, որոնք անհրաժեշտ են Արցախի սրբավայրերի պաշտպանության համար։ Քննարկումները խթանեցին մասնակիցների մեջ համագործակցային ոգի՝ ծառայելով որպես խիստ հիշեցում, թե որքան փխրուն է մշակութային ժառանգությունը հակամարտության պայմաններում։

Կազմակերպիչ հանձնաժողովը իր խորին երախտագիտությունը հայտնեց բոլոր մասնակիցներին և բանախոսներին, ովքեր իրենց արժեքավոր գաղափարներով հարստացրին գիտաժողովը՝ ձևավորելով մեր սրբավայրերի պահպանման համար միավորված ընդհանուր տեսլական։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930