Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կնքում ենք խաղաղության պայմանագիր, հասնում ռեալ խաղաղության, կարելի է գնալ նման գործարքի»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին

Նոյեմբեր 23,2024 13:40

«Մենք ասել ենք, որ մենք բանակցային սեղանի շուրջ այդ օրակարգերից առնվազն Սահմանադրության հետ կապված օրակարգը մենք չենք քննարկել և չենք ներառել օրակարգում: Բայց որ Ադրբեջանը նման դիրքորոշում ունի, այդ հայտնի փաստ է»,- լրագրողի փաստմանը՝ Ադրբեջանը պահանջում է մեր Սահմանադրության փոփոխություն, միջազգային ատյաններում միմյանց դեմ հարցեր չներկայացնել և Եվրամիության քաղաքացիական դիտորդների հեռացում Հայաստանից, ինչպե՞ս կարձագանքեք, Հանրային հեռուստաընկերության եթերում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա փաստեց՝ Ադրբեջանն ասում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ կա տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, հիմնավորելու համար հղում է արվում Սահմանադրության նախաբանին, որը իր հերթին հղում է անում Անկախության հռչակագրին, որը իր հերթին հղում է անում 1988 թվականի հայտնի որոշմանը՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին․ «Մեր քաղաքական արձագանքը մեծ հաշվով այդքան կարևոր չէ, որովհետև այս ընթացքում  Սահմանադրական դատարանն է հարցին անդրադարձել՝ իհարկե սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկման համատեքստում։ ՍԴ-ն ասել է, որ Սահմանադրության մեջ, ըստ էության, սահմանադրական ուժ ունեն Անկախության հռչակագրի այն դրույթները, որոնք բառացիորեն արտահայտված են Սահմանադրության հոդվածների մեջ։ Ադրբեջանն այդ հարցն ինչի՞ համար է բարձրացնում, որովհետև իրոք ունի մտավախություններ և մտահոգություններ՝ հետագա խաղաղության գործընթացը փակուղի մտցնելու համար։ Մենք ելնում ենք այն կանխավարկածից կամ մեր ընկալումը, նաև հաշվի առնելով բանակցությունները և դրանցում առկա որոշակի առաջընթացը՝ մենք չենք ուզում առաջնորդվել մտքով, թե Ադրբեջանը հատուկ փակուղի է մտցնում։ Դրա համար մենք հետևաբար փաստարկներով փորձում ենք այդ մտավախությունը փարատել»։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ․ «Ինչո՞ւ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխությունների հարցը։ Առաջինը, դա կնշանակեր իրոք խաղաղության գործընթացը տանել փակուղի։ Երկրորդը՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում արդեն ունենք ընդունված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերից որևէ մեկը չի կարող հակասել ներքին օրենսդրությանը այս պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։ Այդ պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված ուրիշ հատվածում արձանագրվում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում նույնպես չառաջադրել տարածքային պահանջներ։ Եվ հետևաբար մենք այս հարցը պայմանագրային համակարգում համարում ենք լուծված։ Բայց կան նաև երրորդ փաստարկը, որը ես կարող եմ ասել Հայաստանի համար, բայց մեծ հաշվով ճիշտ է նաև Ադրբեջանի պարագայում։ Հայաստանի Սահմանադրության 5-րդ հոդվածի երրորդ կետն ասում է, որ ՀՀ-ում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ ներքին օրենսդրության նկատմամբ»։

Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարում գնալ Ադրբեջանի հետ գործարքի և հետ վերցնել միմյանց դեմ ներկայացված միջազգային հայցերը միայն ռեալ խաղաղության հասնելու պարագայում․ «եթե մենք տեսնում ենք, որ մենք ռեալ հասնում ենք խաղաղության, կնքում պայմանագիր, կարծում եմ՝ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է, որ ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր նախկինում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ չենք ներկայացնում և նաև ներկայացվածներից պիտի հրաժարվենք»։

ԵՄ դիտորդների հեռանալու՝ ադրբեջանական պահանջի մասին էլ ասաց․ «Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ՝ ասել ենք՝ եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ։ Այն հատվածը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդներ ունենալու կարիք չկա պարզապես»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930