Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրակի օրը՝ այո, ուշ երեկոյան՝ ոչ, SMS՝ գրավոր տեքստով՝ այո․ Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

Նոյեմբեր 23,2024 12:40

«Կիրակի օրը՝ այո, ուշ երեկոյան՝ ոչ, SMS՝ գրավոր տեքստով՝ այո, որովհետև այստեղ կան նրբություններ, կան քաղաքական, իրավական, բարոյական նրբություններ»,-hարցին`հրաժարականի դիմում գրելու խնդրանքը պաշտոնյաներին փոխանցել եք SMS հաղորդագրության միջոցո՞վ, կիրակի՝ ուշ երեկոյա՞ն, Հանրային հեռուստաընկերության եթերում պարզաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ կարևոր է համարել, որ այն, ինչ ասում է, լինի գրավոր, որպեսզի, եթե հարցը լինի կամ քաղաքական, կամ բարոյական, կամ իրավական հարթության մեջ, այդ տեքստը լինի գրավոր․ «Բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել շատ լայն մեկնաբանություններ, տարընթերցումներ և այլն։ Իմ փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ խոսակցությունը գրավոր է, խոսակցությունը ավելի արդյունավետ է և հետագա տարընթերցումների տարածքը ավելի քիչ»։ Հարցին՝ սա միանձնյա՞ որոշում էր, թե ձեր թիմակիցների հետ քննարկում ունեցել եք, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Սա միանձնյա որոշում էր, որովհետև վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակը։ Շատ հարցերում եմ թիմակիցների հետ քննարկումներ ունեն՝ ընդհուպ լինում են դեպքեր, երբ շատ ընդլայնված քննարկումներ են տեղի ունենում, և դա նորմալ է։ Բայց նաև կառավարության ու պետության ղեկավարի դերը, գործառույթն է, որ կան պահեր, երբ ինքը պետք է ի վիճակին լինի որոշումներ ընդունել առանց դրա պատասխանատվությունը որևէ մեկի հետ կիսելու և առանց դրա շուրջ որևէ մեկի հետ խորհրդակցելու։ Հենց դա է իմաստը»։

Դիտարկմանը՝ մամուլում հրապարակում եղավ, որ դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին է Նիկոլ Փաշինյանը որոշել նշանակել պաշտոնի, և նրա անունը շրջանառվում է ինչ-որ կոռուպցիոն հնարավոր գործարքների մեջ, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Ես կարող եմ հաստատել, որ պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Ես ուզում եմ ասել նաև, որ 2020-ին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ղեկավար։ Այդ նույն ժամանակ նույն ահազանգերը ստացել եմ, ուսումնասիրություն է իրականացվել, շատ խորը ուսումնասիրություն է իրականացվել, և այդ ահազանգերը, որ այսօր էլ հրապարակային վերակենդանացվել են, հերքվել։ Հետագայում Արթուր Պողոսյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ, հիմա ահազանգերը նորից վերակենդանացել են և ևս մեկ անգամ ստուգվել են, ևս մեկ անգամ հերքվել են։ Իսկ հիմա էդ ահազանգերը ես տեսա, որ հրապարակային էլի կան, դրանք ևս մեկ անգամ կստուգվեն, քանի որ երկու անգամ շատ խորը ուսումնասիրության արդյունքում հերքվել են, հավանականությունը մեծ է, որ դրանք այս անգամ էլ կհերքվեն և երբ որ հերքվեն, իմ այդ նպատակադրումը՝ նրան առաջադրելու Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում իրականություն կդառնա»։

Նա Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուի անունը նախընտրեց չտալ։ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին ասաց․ «Կենտրոնական իշխանությունը լուծման այն տարբերակները, հարցերը, որոնք կան՝ ըստ հնարավորության կլուծենք։ Դրա ճանապարհը ընտրություններ անցկացնելն է, պարզվում է իրավական առումով դրա հետ էլ խնդիր կա և որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք, որ իր քաղաքապետին ընտրի։ Այն, ինչ տեղի է ունեցել, անպատասխանատվության բացառիկ դրսևորում է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930