Լրահոս
Օրվա լրահոսը

Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»

Նոյեմբեր 23,2024 12:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միջազգային հարաբերություններում տեղի են ունենում կտրուկ ու հաճախ քիչ կանխատեսելի զարգացումներ, իսկ երբ ինչ-որ պահի գործընթացները դուրս գան իրենց հունից ու անվերահսկելի բնույթ ստանան, ապա բացառված չէ տարածաշրջանային հրդեհների բռնկումը, ինչու չէ՝ նաև համաշխարհային պատերազմի հավանականությունը։ Ներկա փուլում ականատես ենք գլոբալ դիմակայության, որն ընթանում է մի կողմից՝ հավաքական Արևմուտքի, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի միջև։ Բայց, ի տարբերություն արևմտյան բլոկի, վերջին երեքը միավորված չեն որևէ միասնական համակարգում, ոչ էլ նրանց քաղաքակրթական արժեքներն են նրանց միավորում։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի՝ միջազգային հարաբերություններում գերակայությունը պահպանելու ձգտումներով պայմանավորված՝ ճնշումները համագործակցության դաշտ են ստեղծում Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի միջև։ Եվ որքան էլ Արևմուտքը չցանկանա, այս պետությունները խորացնում են իրենց հարաբերությունները ինչպես միմյանց, այնպես էլ այլ դերակատարների հետ՝ հիմք նախապատրաստելով լիովին բազմաբևեռ աշխարհակարգին անցնելու համար։ Այս ամենով հանդերձ, ևս մեկ նոր իրողություն է նշմարվում։ Միջազգային հարաբերություններում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում որոշ ինքնուրույն խաղացողներ են գլուխ բարձրացնում, օրինակ՝ Բրազիլիան, Հնդկաստանն ու Թուրքիան։

Թուրքիայի դերակատարությունը հատկապես վերջին տարիներին շատ է մեծացել։ Եվ այդ երկիրը, արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ լինելով հանդերձ, գլոբալ հարավի գլխավոր համագործակցային ձևաչափին՝ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել։ Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո էականորեն ամրացել են Թուրքիայի դիրքերը Հարավային Կովկասում, որն ավանդականորեն համարվել է Ռուսաստանի ազդեցության գոտին։ Ուստի, կան բոլոր պայմանները, որ Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը մեր տարածաշրջանում կոնկրետ բախվեն։ Թուրքիայի ակտիվացումը որոշակի անհանգստություն է առաջ բերում նաև Իրանում՝ հաշվի առնելով, որ պանթուրքական ծրագրերի իրականացումը կարող է հիմքեր ստեղծել Իրանի կազմաքանդման համար, իսկ դրա առաջին քայլը կարող է լինել Սյունիքի նկատմամբ թուրքական վերահսկողությունը։

Պատահական չէ, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման Թուրքիան միշտ տաք է պահում։ Եվ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հերթական անգամ անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծն է, և Բաքուն կորոշի, թե որ երկրի տարածքով պետք է անցնի ճանապարհը՝ Հայաստանի՞, թե՞ Իրանի։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան պահանջում է, որ Բաքուն ամբողջովին լոյալություն ցուցաբերի Անկարայի նկատմամբ, դրա համար էլ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները գրեթե միշտ ընդգծում են, որ Ադրբեջանն իրենց աջակցության արդյունքում է, որ հաղթանակ է տարել։ Այս տեսանկյունից թուրքական կողմին ավելի շատ կարող է անհանգստացնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը սկսի ավելի ու ավելի շատ համագործակցել Ռուսաստանի հետ։

Մյուս կողմից էլ՝ մեծ է Ադրբեջանի ազդեցությունը նաև Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության վրա։ Այդ երկիրը ոչ միայն էներգակիրներ է մատակարարում դեպի Թուրքիա, այլև ներդրումներ է կատարում թուրքական տնտեսության մեջ, իսկ թուրքական բազմաթիվ ընկերություններ գործունեություն են ծավալում Ադրբեջանում։ Քաղաքական ու տնտեսական հանգամանքներով է պայմանավորված, որ Ադրբեջանը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, իսկ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախվածության մեջ է դնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։

 

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930