Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի թեմի առաջնորդ․ Գուցե նա Հռոմի պապի՞ց է ստանում այդ ջերմությունը․ «Հրապարակ»

Նոյեմբեր 23,2024 12:10

Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու հանդեպ պարզ է ու հստակ. թերեւս միայն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը, ներառյալ այլ ՔՊ-ականներ, այցելեցին Սուրբ Էջմիածին` մայր տաճարի վերաօծմանը, սակայն մինչեւ պատարագի ավարտը չմնացին եւ հաղորդության պահին դուրս եկան եկեղեցուց, բավական է՝ հասկանալու համար, որ մարդիկ չունեն ո՛չ հավատ, ո՛չ էլ տարրական հարգանք Հայ առաքելական եկեղեցու հանդեպ: Բայց փոխարենը Նիկոլ Փաշինյանն իր կնոջ հետ այցելում է Վատիկան` Հռոմի պապից օրհնություն են ստանում եւ հպարտորեն գրում են այդ մասին սոցցանցերում: Կարելի է կարծել, որ նրանք ոչ թե Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են, այլ՝ կաթոլիկ եկեղեցու:

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանից էլ հետաքրքրվեցինք` ի՞նչ է մտածում այս կապակցությամբ, ինչո՞ւ են իշխանավորներն արհամարհում իրենց եկեղեցին` Հայ առաքելական եկեղեցին, սակայն օրհնություն ստանալու համար գնում հասնում են Վատիկան։ «Գիտե՞ք ինչ, ես կարծում եմ, որ մարդը ում հանդեպ որ հոգեւոր կապ է զգում, նրանից էլ պետք է ստանա օրհնություն: Դա լրիվ անձնական մոտեցում է, թե ով ինչպես կվարվի, դա իր խնդիրն է: Ես այստեղ չեմ տեսնում քաղաքական հարց: Հո անպայման չէ՞, որ մարդը գնա եպիսկոպոսից օրհնություն ստանալու, կարող է գնալ, մի ինչ-որ հասարակ գյուղի քահանայից ստանալ օրհնություն եւ ջերմություն: Անպայման չէ, որ մարդն իր զգացումները, հոգեւոր կապը միայն բարձրաստիճան հոգեւորականների մոտ տեսնի: Սա խիստ անձնական մոտեցում է, եւ ես այստեղ ոչ մի բան չեմ տեսնում: Մայր տաճարի վերաօծումն ընդհանրական աղոթքի օր էր, այլ ոչ թե անձնական շփումների, բոլորը մասնակցում էին: Ի՞նչ ասեմ, գուցե նա Հռոմի պապի՞ց է ստանում այդ ջերմությունը։ Եթե նրան հարցնենք էլ՝ ումի՞ց ես հոգեւոր կապ ստանում, գուցե ասի` Ջրվեժի կամ Քանաքեռի եկեղեցու հոգեւորականներից: Իշխանությունն ու անձի հոգեւոր ընկալումները լրիվ տարբեր բաներ են: Եթե եկեղեցին էլ են սեւ-սպիտակի մեջ տեսնում, ես չեմ կարող համոզել իրենց, որ մենք այդպիսին չենք, որ մենք լավն ենք, եւ այլն»,- նշեց մեր զրուցակիցը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930