«Ինձ համար մի քիչ էլ անսպասելի էր, որ այդ հարցն այդքան լայն արձագանք ստացավ։ Պարզ է, որ պատկերի փոփոխություն է տեղի ունենում, պետք է ինչ-որ ձևով կառավարությունում ինձ ճանաչեին։ Հասկացա, որ տարբեր քննարկումներ կան։ Պետք է բացատրեմ»,- լրագրողի հարցին՝ ինչո՞ւ որոշեց սափրել մորուքը, Հանրային հեռուստաընկերության եթերում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց՝ որոշել է սափրվել ավագ դստեր ծննդյան օրը․ «Չնայած մյուս դուստրերս հարց են դնելու՝ ինչո՞ւ իր և ոչ մեր ծննդյան օրը։ Աշոտն այդ առումով և ոչ միայն, նման հարց չի բարձրացնի։ 2018-ին, երբ ստանձնեցի վարչապետի պաշտոնը, հենց առաջին վայրկյանից, գուցե դրանից մի քիչ էլ առաջ, երբ պարզ էր, որ ես վարչապետ եմ ընտրվելու, տեղեկատվական հոսքերը սկսեցին գալ, դրանք ավելի շատ հարցեր էին բերում, քան պատասխաններ։ Հարցերի շատ մեծ խումբ կար, որոնց պատասխանը ես չունեի, և ակնհայտ էր ինձ համար, որ մեծ դժվարություններ եմ ունենալու այդ հարցերի պատասխանները ինքս ինձ տալ։ Չգիտեմ՝ լավ կամ վատ է, ես պատերազմի մեկնարկից և ավարտից հետո գործնականում ամեն օր քնել և արթնացել եմ ինքս ինչ ուղղված հարցերով, և հարցեր են եղել, որոնք հնչել են հազարավոր անգամներ։ Եվ եթե ես ինքս ինձ ուզում եմ հոգեբանական և ենթագիտակցական վերլուծության ենթարկել, թե ինչու այդ որոշումը կայացրեցի, ինձ համար պատասխանը հստակ է և միանշանակ։ Ես այդ որոշումը կայացնելու պահին ինքս ինձ հարցեր այլևս չունեմ, այդ որոշումը կայացնելու պահին իմ բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները ես ինձ տվել եմ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ