Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը մեր իրականության մեջ վաղուց արդեն գործադիրի ենթակայության հիմնարկ է դարձել. «Հրապարակ»

Նոյեմբեր 23,2024 11:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սահմանադրական դատարանը մեր իրականության մեջ վաղուց արդեն գործադիրի ենթակայության հիմնարկ է դարձել, որն իր որոշումները հարմարեցնում է իշխանության շահերին կամ էլ այնքան է երկարաձգում դիմումների քննությունը, որ դրանք կորցնում են իրենց ակտուալությունը։

Օրինակները բազմաթիվ են։ 2021 թ. փետրվարի 22-ին լրացել է Դիլիջանի երկարամյա համայնքապետ Արմեն Սանթրոսյանի լիազորությունների ժամկետը։ Օրենքով՝ նա պետք է նշանակվեր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն Նիկոլ Փաշինյանը ԺՊ նշանակեց ավագանու անդամ Դավիթ Սարգսյանին, որը նախկինում բենզալցակայանում «զապրավշչիկ» է աշխատել ու իր կենսագրության բլանկում «սեռ»-ի դիմաց գրել էր «արու»։ Սահմանադրությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարն ու ավագանին ընտրվում են համայնքների կողմից, մինչդեռ նախորդ տարի իշխանությունների թեթեւ ձեռքով փոփոխություններ կատարվեցին Ընտրական օրենսգրքում, եւ ամրագրվեց, որ  4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքներում ավագանին է ընտրելու համայնքի ղեկավար։ Օրենքի անցումային դրույթներում էլ ամրագրեցին համայնքապետերի ԺՊ-ների ինստիտուտը: Դիլիջանի արդեն նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը եւ մի քանի նախկին համայնքապետեր` Տաշիրի, Թումանյանի, Արթիկի, դիմեցին ՍԴ՝ վիճարկելով իրենց ԺՊ չնշանակելու որոշումը։ ՍԴ-ն այնքան ձգձգեց որոշումը, որ ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին` մարտին ներկայացված դիմումը քննվեց նոյեմբերին, ՍԴ-ն մերժեց համայնքապետերին՝ օրինականացնելով ՏԻՄ-երի ուզուրպացումը գործադիրի կողմից։

2021 թ. փետրվարի 25-ին  ԶՈՒ  գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց վարչապետի հրաժարականի պահանջով, որը Փաշինյանը որակեց «ռազմական հեղաշրջման փորձ» եւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության առաջարկով դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս զգուշավոր անձնավորություն էր` նախ հետ վերադարձրեց առաջարկը, իսկ երկրորդ անգամ դիմեց ՍԴ՝ «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։ Նախագահի դիմումը ՍԴ-ն մի քանի ամիս ձգեց, եւ երբ արդեն Օնիկ Գասպարյանը վաղուց ազատված էր պաշտոնից եւ քրեական հետապնդման էր ենթարկվում, մերժեց նախագահի դիմումը։

Մոտավորապես նույն վիճակն է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված։ Արդյոք Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը. ՍԴ-ն 2 տարի է՝ չի տալիս այս հարցի պատասխանը։ Դատախազությունն ու դատարանն այդ  օրենքի հիման վրա բռնագանձումներ են անում, մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները դեռ 2022-ի սկզբից վիճարկում են այն։ Բարձր դատարանը կասեցրել է քննությունը եւ որոշում չի կայացնում։ Հիշեցնենք․ օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին, ուժի մեջ մտել՝ մայիսի 23-ին: Մոտ 3 տարի ասում են` քննություն է գնում։

2021 թ. մարտի 26-ին հակասահմանադրական ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դատախազությունը ցանկանում էր այդ նույն գործողությունները վերաորակել որպես պաշտոնեական դիրքի չարաշահում կամ պաշտոնեական անփութություն, սակայն ՀՀ քրեադատավարական օրենսգիրքը թույլ չէր տալիս դա անել։ Ահա ինչու հուլիսին ՍԴ-ն որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը՝ ըստ էության, հնարավորություն ստեղծելով, որպեսզի հակասահմանադրական հոդվածով առաջադրված մեղադրանքը վերաորակվի մեկ այլ հոդվածով, որը հակասահմանադրական չէ։ «Իմ տպավորությամբ՝ այս գործն այս վիճակում ուղղակի գցել են առաջին ատյանի դատարանի «գրպանը», այս վիճակից օրինական լուծում ուղղակի չկա»,- իր գործով ստեղծված «աբսուրդային» իրավիճակն այսպես է մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանը։

 

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930