Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նախարարը պնդում էր, որ վերջին տասնամյակներում 80 հազար աղջիկ չի ծնվել, ապա նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում չի ծնվել 24,659 աղջիկ․ «Փաստերի ստուգման հարթակ»

Նոյեմբեր 23,2024 11:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 17-ի կառավարության նիստում հայտնել էր, որ Հայաստանում վերջին տասնամյակներում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման (սելեկտիվ աբորտների) հետևանքով շուրջ 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել։

«Վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, այսինքն, շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել, որոնք արդեն վերարտադրողական տարիքում կլինեին ու բնակչության կառուցվածքում էական ազդեցություն կթողնեին»,- նշել էր նա։

Իսկ վարչապետ Փաշինյանն էլ նշել էր, թե Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիր կա. «Այսինքն՝ մարդկանց ինչ-որ մի մաս նախընտրում է ունենալ տղա երեխա, և սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են»։

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը, ճիշտ է, Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ, բայց նախարար Նարեկ Մկրտչյանի արտահայտությունը՝ «վերջին տասնամյակներում 80 հազար աղջիկ չի ծնվել», չափազանցված է ու իրականությանը չի համապատասխանում։

Փորձելով հստակեցնել, թե ի՞նչ իրավիճակ է այս ոլորտում, արդյո՞ք կա վիճակագրություն, արվե՞լ են հետազոտություններ, «Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարություններ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից խնդրել էինք ներկայացնել տեղեկություն, թե ինչ տվյալների հիման վրա էր նախարարը պնդել, որ վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների հետևանքով շուրջ 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել: Նախարարությունից, ի պատասխան, հայտնել են, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն իր ելույթի համար հիմք էր ընդունել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» ուսումնասիրության արդյունքները։

«Հիմք ընդունելով այն, որ բնական ծնունդների գործակիցը պետք է լիներ 1.05, սկսած 1989 թ․-ից ունենք 24,659 չծնված աղջիկ․ այսինքն՝ աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, Հայաստանն արդեն իսկ կորցրել է ոչ միայն աղջիկների, այլև պոտենցիալ ապագա մայրերի, որոնց չծնվելու ու երեխա չունենալու հետևանքով բնակչությունը նվազման կգնա 80.000 մարդով»,- նշել են նախարարությունից։

Ինչպես երևում է, նախարար Նարեկ Մկրտչյանի հայտարարությունը և դրանից հետո նախարարությունից ստացված պատասխանը միմյանցից խիստ տարբեր են․ եթե նախարարը պնդում էր, որ վերջին տասնամյակներում 80 հազար կին չի ծնվել, ապա նախարարությունից հայտնում են, որ 1989 թվականից Հայաստանում չի ծնվել 24,659 աղջիկ, ինչի հետևանքով բնակչությունը կնվազի 80 հազար մարդով։

Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930